«Եթե Իմ մեջ մնաք, և Իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի» (Հվհ. 15,7)
Մայիսի 2-ին՝ Regina Coeli աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց հավատացյալներին Տիրոջ հետ միասնական լինելու և Նրա մեջ մնալու մասին. հենց այդ ժամանակ մենք կկարողանանք վկայել Նրա սիրո մասին, հատկապես աղքատների և տառապյալների նկատմամբ:
Կիրակնօրյա Ավետարանում Տերն Ինքն Իրեն անվանում է ճշմարիտ որթատունկ, իսկ մեզ՝ ճյուղեր (Հվհ. 15,1-8), որոնք չեն կարող առանց Նրա ապրել: Քրիստոս ասում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ Ճյուղերը» (տես՝ Հովհ. 15,5): Չի լինում որթատունկ՝ առանց ճյուղերի, ընդգծեց Նորին Սրբությունը, և հակառակը, «ճյուղերն էլ իրենք իրենց չեն կարող պտուղ տալ, քանի որ ամբողջությամբ հաստատված են որթատունկի վրա, որը նրանց գոյության աղբյուրն է»:
Տեր Հիսուսը օգտագործում է «մնալ» բայը՝ այս ավետարանական հատվածում այն կրկնելով յոթ անգամ, շարունակեց Սրբազան Քահանայապետը.
«Մինչ այս աշխարհը լքելը և Հոր մոտ գնալը, Հիսուս ցանկանում է վստահեցնել Իր աշակերտներին, որ նրանք կարող են միասնության մեջ մնալ Իր հետ: Նա ասում է. «Մնացե՛ք Իմ մեջ, և Ես՝ ձեր մեջ» (տես՝ Հովհ. 15,4): Այդ ներկայությունը ինչ-որ պասիվ հանգստություն չէ Տիրոջ մեջ: Հիսուսի մեջ մնալը, որն Ինքն է առաջարկում մեզ, գործուն, ինչպես նաև փոխադարձ ներկայություն է: Ինչու՞: Որովհետև առանց որթատունկի՝ ճյուղերը ոչինչ չեն կարող անել, քանի որ աճելու և պտուղ տալու համար նրանց անհրաժեշտ է կենարար հյութ: Սակայն որթատունկը ևս ճյուղերի կարիք ունի, քանզի պտուղները չեն աճում ծառի բնում: Սա փոխադարձ անհրաժեշտություն է, միասնական ներկայություն՝ հանուն պտղի: Մենք Հիսուսի մեջ ենք, իսկ Հիսուս մեր մեջ է»:
Ամենից առաջ մե՛նք Նրա կարիքն ունենք, ընդգծեց Նորին Սրբությունը. «Տերը ցանկանում է մեզ ասել, որ Նրա Երանության պատվիրանները և ողորմության գործերը կատարելուց բացի անհրաժեշտ է լինել միասնական Նրա հետ, մնալ Նրա մեջ: Մենք չենք կարող լինել լավ քրիստոնյաներ, եթե չլինենք Հիսուսի հետ: Մնալով Նրա մեջ մենք կարող ենք ամեն ինչ անել (տես՝ Փիլ. 4:13)»:
Սակայն Տերը ևս մեր կարիքն ունի, ինչպես որթատունկը կարիք ունի ճյուղերի, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.
«Նա մեր վկայության կարիքն ունի: Պտուղը, որը պարգևում ենք որպես ճյուղեր, մեր քրիստոնեական կյանքի վկայությունն է: Հիսուսի հոր մոտ համբարձվելուց հետո՝ աշակերտների և մեր խնդիրը խոսքով և գործով Ավետարանի հռչակումն է: Մենք՝ Քրիստոսի աշակերտներս, դա անում ենք՝ վկայելով Նրա սիրո մասին. պտուղը, որը պետք է տալ սերն է: Քրիստոսի հետ միասնական լինելու շնորհիվ մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևները, իսկ դա նշանակում է, որ կարող ենք բարություն անել մերձավորին, հասարակությանը, Եկեղեցուն: Ծառն իր պտուղներից է ճանաչվում: Իսկական քրիստոնեական կյանքը վկայում Քրիստոսի մասին»:
Տերը մեզ հուշում է, թե ինչպես կարող ենք հաջողության հասնել. «Եթե Իմ մեջ մնաք, և Իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի» (Հվհ. 15,7): Մեր կյանքի պտղաբերությունը ուղղակիորեն կախված է աղոթքից, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.
«Մենք կարող ենք խնդրել շնորհ՝ մտածելու ինչպես Նա, գործելու, ինչպես Նա, աշխարհին և իրերին նայելու՝ Հիսուսի աչքերով: Դա նշանակում է՝ սիրել մեր եղբայրներին և քույրերին Հիսուսի նման՝ սկսելով ամենաղքատներից և տառապյալ մարդկանցից. նրանց սիրել Նրա սրտով ու աշխարհին տալ բարության, ողորմածության և խաղաղության պտուղներ»:
«Եկե՛ք ապավինենք Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությանը», -խորհրդածության ավարտին կոչ արեց Նորին Սրբությունը: – «Նա միշտ միասին է եղել Հիսուսի հետ և շատ պտուղներ է տվել: Թո՛ղ օգնի մեզ Սուրբ Կույս Մարիամը՝ մնալ Քրիստոսի, Նրա սիրո, Նրա խոսքի մեջ, որպեսզի մենք աշխարհին վկայենք հարություն առած Տիրոջ մասին»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը