Քահանան չպետք է հետամուտ լինի փողին և «եկեղեցական կարիերային»
Աղոթքի 58-րդ համաշխարհային օրը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորեց ինը սարկավագների քահանայական ձեռնադրության Սուրբ Պատարագը:
Իր քարոզում Նորին Սրբությունը ցանկացավ, որպեսզի նոր քահանաները մոտիկություն, քնքշություն և կարեկցանք ցուցաբերեն իրենց վստահված հոտի նկատմամբ, ինչպես նաև հիշեցրեց, որ քահանայությունը «կարիերա չէ, այլ՝ ծառայություն է»: Տիրոջ կամքով քահանաները պետք է լինեն իսկական հովիվներ, ովքեր քայլում են Աստծո ժողովրդի հետ միասին: Այդ ճանապարհին նրանք պետք է աչքի ընկնեն Աստծո հետ մոտիկությամբ՝ աղոթքներով և Խորհուրդներով, եպիսկոպոսի հետ մոտիկությամբ, եղբայրների և Աստծո ժողովրդի հետ մոտիկությամբ՝ Սուրբ Պատարագի ժամանակ: «Անհրաժեշտ է խոսել Տիրոջ հետ, մոտ լինել Նրան», ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանզի «քահանան, ով չի աղոթում, կամաց-կամաց մարում է Սուրբ Հուգու ներքին կրակը»:
Քահանան պետք է մոտ և անկեղծ լինի իր եպիսկոպոսի հետ՝ լինելով նրա խոնարհ աշխատակիցը, չէ՞ որ ամեն մի եպիսկոպոս հանդիսանում է իր հոգևորականության հոգևոր հայրը, ընդգծեց Նորին Սրբությունը և հատուկ մատնանշեց միասնության կարևորությունը եպիսկոպոսական խորհրդում, հովվական աշխատանքում: Քահանաները երբեք չպետք է բամբասեն իրենց եղբայրների մասին, սակայն եթե խնդիրներ են առաջանում, ապա պետք է կարողանան տղամարդու նման համարձակորեն բարձրաձայնել:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ քահանաները միշտ պետք է հիշեն, թե որտեղից են նրանք եկել խորանի մոտ. իրենց ընտանիքից, Աստծո ժողովրդից, նրանց մոտից, ովքեր իրենց են փոխանցել հավատքը: Պետք է լինել «ժողովրդի քահանաներ», այլ՝ ոչ թե պետական ծառայողներ: Նորին Սրբությունը կոչ արեց քահանաներին «ժամանակը ծախսել լսելու և մխիթարելու համար», դառնալ Աստծո ողորմածության կրողները, ովքեր երբեք չեն հոգնում ներել, լինել քնքուշ, կարեկցող հայրեր, ովքեր օգնում են մարդկանց՝ իրենք իրենց զգալ «Աստծո տանը»:
Քահանան չպետք է հետամուտ լինի փողին և «եկեղեցական կարիերային». «Քահանաները չե՛ն կարող լինել գործարարներ» – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և նոր քահանաներին կոչ արեց չվախենալ ու ապագա դժվարությունները վստահել Հիսուսին և Սուրբ Կույս Մարիամին. «Եթե դուք հետևեք Աստծո ոճին, ապա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը