• Հիսուս միասնական հոտի Հովիվն է

    «Հիսուս՝ Բարի հովիվը, ոչ միայն պաշտպանում է Իր ոչխարներին, այլ Նա ճանաչում է նրանց»


    Ապրիլի 25-ին՝ «Երկնքի Թագուհի» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց մի հատված Հովհաննեսի Ավետարանից Բարի հովվի մասին և ընդգծեց, որ Հիսուս պաշտպանում, ճանաչում և սիրում է Իր բոլոր ոչխարներին, նույնիսկ նրանց, ովքեր հազվադեպ են գնում եկեղեցի կամ երբեք չեն էլ գնում. «Դա չի նշանակում, որ նրանք չեն հանդիսանում Աստծո զավակները, որոնց Հայրը վստահեց Հիսուսին»:

     

    Ավետարանում (տես՝ Հովհ. 10,11-18) Հիսուս ներկայանում է որպես լավ հովիվ՝ ի տարբերություն «վարձկանի», ով աշխատում է փողի դիմաց և նույնիսկ չի էլ մտածում ոչխարների պաշտպանության մասին. երբ գայլը գալիս է, վարձկանը փախչում և թողնում է հոտը (տես՝ Հովհ. 10,12-13): «Հիսուս՝ իսկական Հովիվը, միշտ պաշտպանում է մեզ, փրկում շատ դժվարություններից ու վտանգավոր իրավիճակներից՝ Իր խոսքի լույսով և Իր ներկայության զորությամբ, որը մենք միշտ զգում ենք», հատկապես Խորհուրդներում:

     

    Հիսուս՝ Բարի հովիվը, ոչ միայն պաշտպանում է Իր ոչխարներին, այլ Նա ճանաչում է նրանց (տես՝ Հովհ. 10,14), շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Որքան գեղեցիկ և մխիթարիչ է, որ Հիսուս ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին, որ մենք Նրա համար անանուն էակներ չենք, որ Նրան հայտնի են մեր անունները: Մենք Նրա համար «զանգված» կամ «ամբոխ» չենք, այլ՝ յուրօրինակ անձնավորություններ, ամեն մեկն իր պատմությամբ, և Նա ճանաչում է յուրաքանչյուրին իր պատմությամբ, արժեհամակարգերով՝ որպես Քրիստոսով ստեղծված և փրկագնված: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ասել. Հիսուս ճանաչու՛մ է ինձ: Եվ դա այդպես է. Նա ճանաչում մեզ, ինչպես ոչ մեկը: Միայն Նա գիտի, թե ինչ կա մեր սրտերում, մեր մտադրությունների մասին, մեր ամենանվիրական զգացումների մասին: Հիսուս գիտի մեր առավելությունների ու թերությունների մասին և միշտ պատրաստ է օգնել, բուժել մեր սխալների վերքերը՝ Իր ողորմածության լիությամբ: Նա լիովին մարմնավորում է մարգարեների կանխագուշակած Աստծո ժողովրդի հովվի պատկերը. Հիսուս հոգ է տանում Իր ոչխարների մասին, հավաքում է նրանց, կապում է վերքերը, բուժում է հիվանդությունները: Այդ մասին մենք կարդում ենք Եզեկիելի Մարգարեությունում (տես՝ Եզ. 34,11-16)»:

     

    Հիսուս՝ Բարի հովիվը, սիրում է Իր ոչխարներին և տալիս է կյանքը նրանց համար, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Նրան տանում է դեպի մահ Խաչի վրա, քանզի սա է Հոր կամքը, որպեսզի ոչ ոք չմահանա: Քրիստոսի սերը ընտրողական չէ, այն ներառում է բոլորին: Նա Ինքն է հիշեցնում այդ մասին այսօրվա Ավետարանում. «Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և Իմ ձայնը պիտի լսեն, և պիտի լինի մի հոտ և մի հովիվ» (Հովհ. 10,16): Այս խոսքերը վկայում են Նրա ընդհանրական հոգատարության մասին. Նա հովիվ է բոլորի համար: Հիսուս ցանկանում է, որ յուրաքանչյուրը կարողանա ընդունել Հոր սերը և հանդիպի Աստծուն»:

     

    Եկեղեցին կոչված է Քրիստոսի այս առաքելությունը շարունակելու համար, ընդգծեց Նորին Սրբությունը. «Բացի նրանցից, ովքեր հաճախ են այցելում մեր համայքները, կան շատ մարդիկ, ովքեր դա հատուկ դեպքերում են անում կամ էլ երբեք չեն անում: Սակայն դա չի նշանակում, որ նրանք Աստծո զավակները չեն, քանզի Հայրը նրանց բոլորին վստահում է Հիսուսին՝ Բարի հովվին, Ով տվեց Իր կյանքը հանուն բոլորի»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կրկին ընդգծեց, որ Հիսուս պաշտպանում, ճանաչում և սիրում է բոլորիս: Նա խնդրեց Սուրբ Կույս Մարիամի մայրական օգնությունը, որպեսզի մենք կարողանանք ընդունել Բարի հովվին և հետևել Նրան՝ ուրախությամբ Նրա առաքելությանը մասնակցելու համար:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց