«Աստված միշտ ներում է, մենք՝ մարդիկս, ժամանակ առ ժամանակ, սակայն բնությունն անկարող է ներել»
2021թ. ապրիլի 22-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը տեսաուղերձ հրապարակեց՝ Երկրի համաշխարհային 51-րդ օրվա կապակցությամբ:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ այս օրը առիթ է հանդիսանում միմյանց հիշեցնելու և խորը գիտակցելու, որ բնությունը մեր պաշտպանության կարիքն ունի, քանզի մարդու փոխներգործությունը Աստծո արարչագործության հետ պետք կատարվի մեծ ուշադրությամբ և հարգանքով: Անհրաժեշտ է հոգ տանել ամբողջ բնության ու նրա կենսաբազմազանության մասին, և վերջին ժամանակներս մենք էլ ավելի համոզվեցինք դրանում: Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն՝ «Երկրային բնությունը մեր կյանքի կարիքն ունի այս մոլորակի վրա», քանզի արարչագործությունը «վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին ամենատարբեր առումներով»: Այն սովորեցնում է, թե մենք ինչ ենք պարտավոր անել հանուն «արդար, իրավահավասար և էկոլոգիապես անվտանգ մոլորակի»:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ COVID-19 սովորեցնում է մարդկանց «փոխկապակցված և միասին օգտագործել մոլորակը»: Այնպիսի համաշխարհային աղետները, ինչպիսիք են համավարակներն ու կլիմայական փոփոխությունները, մեզ ցույց են տալիս, որ մենք այլևս «սպասելու ժամանակ չունենք», քանզի արդեն վճռական որոշումներ կայացնելու ժամանակն է, և մարդիկ ունեն միջոցներ ճգնաժամը հաղթահարելու համար:
Սրբազան Քահանայապետը մեջբերում է մի հին իսպանական ասացվածք. «Աստված միշտ ներում է, մենք՝ մարդիկս, ժամանակ առ ժամանակ, սակայն բնությունն անկարող է ներել»: Երբ բնության ոչնչացումն արդեն իսկ սկսված է, ապա շատ դժվար է այն դադարեցնել: Սակայն մենք դեռ ժամանակ ունենք և այն պետք է իմաստալից օգտագործենք միասնական աշխատանքի ընթացքում, ընդգծում է Նորին Սրբությունը.
«Աղետները, որը մենք ապրում և զգում ենք համավարակի ու կլիմայական փոփոխությունների պատճառով, պետք է մեզ մղեն նորարարության, գյուտեր անելու, նոր ուղիներ գտնելու: Ճգնաժամից հնարավոր չէ դուրս գալ մնալով նույնը, քանզի մենք դառնում ենք կամ ավելի վատը, կամ էլ ավելի լավը: Մենք հենց այդպիսի մարտահրավերներ ունենք, և եթե լավը չդառնանք, ապա կհայտնվենք ինքնաոչնչացման ճանապարհին»:
Տեսաուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը ցանկանում է, որ մոլորակի բոլոր բնակիչները, ներառյալ նաև ինքը, կոչ անեն «աշխարհի առաջնորդներին գործել առավել համարձակ, լինել արդար և միշտ ասել ճշմարտությունը, քանի որ մարդիկ պետք է իմանան, ինչպես իրենք իրենց պաշտպանեն մոլորակի ոչնչացումից և ինչպես դադարեցնեն մոլորակի կործանումը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը