• Հայկական Կարիտասի տարեցների կենտրոնում մկրտվեց 73-ամյա Ժենյա Խնձրցյանը

    Որ ի Քրիստոս մկրտեցայք, զՔրիստոս զգեցեալ եք


    «Հայկական Կարիտասի» Տարեցների ցերեկային խնամքի հայ կաթողիկէ սոցիալական կենտրոնում ապրիլի 27-ին կատարեցի Սուրբ Մկրտության և Դրոշմի սրբազան արարողությունները՝ կենտրոնի շահառու Ժենյա Խնձրցյանի համար: Որպես կենտրոնի հոգևոր խորհրդատու, ինձ համար մեծ ուրախություն էր մկրտել 73-ամյա կնոջը:  Զգում էի, որ նա ևս հոգևոր մեծ ցնծության, հոգևոր վերածնունդի մի զգացում էր ապրում և հուզված էր: Նրա ուրախությունը կիսում էին նաև կենտրոնի մյուս տարեց ընկերները, որ միասնաբար աղոթում էին Ժենյայի համար: Ժենյան ծնվել է 1948թ. սեպտեմբերի 26-ին, Ազատան գյուղում, որտեղ էլ ստացել է դպրոցական կրթությունը՝ միայն յոթ տարի, ապա վաղ տարիքից կոլխոզում աշխատել որպես ճակնդեղագործուհի: Ժենյան ամուսնացել է Գյումրիում, ունի մեկ դուստրս, երկու թոռնիկ: Բազմաթիվ ֆիզիկական աշխատանքներ է կատարել այս կինը՝ հողագործություն, ծառատնկում, նույնիսկ՝ շինարարություն: Շատ տառապանքներ, զրկանքներ է տեսել նա, որոնց մասին չարժե միշտ խոսել: Երբ նոր էի սկսելու Մկրտությունը, Ժենյան, մոռացած, թե ինչ էի բացատրել Մկրտության մասին, ինձ մոտեցավ և լարված ասաց, թե ուզում է խոստովանել, նորից սիրով բացատրեցի, թե նախ պետք է մկրտվել, և թե մկրտությամբ մարդ արդեն իսկ մաքրվում է իր բոլոր մեղքերից, դառնում է նոր մարդ: Զգացի, որ այս միտքն ուրախացրեց և հանգստացրեց նրան:

     

    Արարողությանը ներկա էին կենտրոնի մոտ հինգ տասնյակ շահառուները և ծրագրի ղեկավարությունը: Ժենյայի կնքամայրն էլ կենտրոնի երիտասարդ կամավորական Վալերիան էր, որ միշտ պատրաստ է վազել յուրաքանչյուր շահառուի պետքերի համար, ինչպես և կենտրոնի մյուս կամավորականները: Մկրտության խորհրդի ժամանակ ևս մեկ անգամ բացատրեցի Մկրտության և Դրոշմի խորհուրդները՝ դրանց օրը հիշելու կարևորությունը, որովհետև տարեցների մեծամասնությունը չի հիշում, թե երբ է մկրտվել, մեծ դժվարությամբ անհատապես հարցումներ անելով՝ կարողացա մի կերպ հստակեցնել, որ մյուս բոլորը մկրտված են, շատերն ապրում են միայնակ, եթե իրենք չգիտեն՝ մկրտված են, թե ոչ, մնում է վստահել տարեկից ազգականների հիշողություններին: Ցավոք, այսպիսին է կոմունիստական անաստվածության տարիների «հոգևոր» ժառանգությունը, որի հետ պարտադրված ենք հաշվի նստել և ջանալ նոր հոգևոր կյանքի ծիլեր սերմանել արդեն տարեց սերնդի մեջ ևս, որպեսզի Աստծո առաջ կանգնեն՝ խղճները հանգիստ և բաց ճակատով: Նրանցից ոմանք ընդունել են Խոստովանության խորհուրդը, բայց տարիքի և հիվանդությունների պատճառով դժվարանում են կիրակի օրերին Սուրբ Պատարագին մասնակցել եկեղեցում, ուստի մտադիր եմ ամենշաբաթյա հոգևոր զրույցները, Ավետարանի ընթերցումները հարստացնել նաև կենտրոնում մատուցվելիք Սուրբ Պատարագներով, որպեսզի հնարավորություն ունենան նաև ճաշակելու Տիրոջ Մարմինն ու Արյունը՝ Կենաց հացը, որ Երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին՝ անկախ տարիքից և անցյալի ժառանգությունից:

     

    Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Սոցիալական կենտրոնի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանին, տարեցների հետ սոցիալական աշխատանքի ռազմավարական ուղղության ղեկավար Ֆլորա  Սարգսյանին և անխոնջ սոցիալական աշխատող Գուրգեն Բաղդասարյանին, որ օգնեցին կազմակերպել արարողությունները և միշտ աջակցում են հոգևոր մեր բոլոր ձեռնարկներին՝ ի նպաստ տարեցների հոգևոր և սոցիալական բարեկեցության:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց