«Քահանաները կանչված են Տիրոջը մտահայելու և Նրան ընդօրինակելու համար՝ աշխարհին նայելով Նրա սիրառատ հայացքով»
Մարտի 29-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մասնավոր ունկնդրության ժամանակ՝ Վատիկանի Առաքելական պալատում ընդունեց Պապական Մեքսիկական կոլեգիային:
Նորին Սրբությունը հյուրերին ուղղված իր խոսքում ընդգծեց, որ հովիվները չպետք է հուսահատվեն և նահանջեն կորոնավիրուսի համավարակի պատճառած խնդիրների առաջ. քահանաները կանչված են Տիրոջը մտահայելու և Նրան ընդօրինակելու համար՝ աշխարհին նայելով Նրա սիրառատ հայացքով, այսինք՝ հայրական քնքշությամբ, հաշտությամբ և եղբայրությամբ, Աստվածային ոճով:
Առավել խորը նմանություն Բարի Հովվի հետ յուրաքանչյուր քահանայի մեջ արթնացնում է իսկական կարեկցանքը ինչպես իրեն վստահված, այնպես էլ մոլորված ոչխարների նկատմամբ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Հովվական սերը մեծանում է, երբ մենք Քրիստոսին թույլ ենք տալիս մեզ դաստիարակել: Հենց այդ սիրով ենք մենք գրկում մեր եղբայրներին և քույրերին՝ հոգալով ու աղոթելով նրանց համար: «Բացի այդ, դա թույլ չի տալիս մեզ փակվել տանը, գրասենյակում կամ զբաղվել միայն մեր սիրելի գործերով, այլ խրախուսում է մեզ ընդառաջ գնալ մարդկանց և չմնալ նույն տեղում կանգնած»: Այս իմաստով, հատկապես վտանգավոր են հոգևոր աշխարհիկության և կղերականության գայթակղությունները, ընդգծեց Նորին Սրբությունը:
Սրբազան Քահանայապետը խորհուրդ տվեց մեքսիկացի քահանա ուսանողներին «ներդաշնակել ակադեմիական, հոգևոր, մարդկային և հովվական իմացությունը, գիտելիքները» և ընդգծեց, որ աշխարհիկ գայթակղությունները կարող են նպաստել «իրենց իսկ մասին մակերեսային պատկերացումների, ինքնապատվության, սպառողականության և պատասխանատվությունից խուսափելու այլ հետևանքների»: Հետևաբար, երբեք չպետք է մեր հայացքը հեռացնենք Քրիստոսից՝ Տառապյալ Ծառայից. անհրաժեշտ է խորացնել հավատքի արմատները, որոնք մեքսիկացի քահանաները ժառանգել են իրենց թեմերից և որոնք հանդիսանում են Ավետարանի ինկուլտուրացիայի պտղաբեր գործընթացի արգասիքները: Նման ինկուլտուրացիայի հիանալի օրինակ է ծառայում Սուրբ Կույս Մարիամը, ում սուրբ պատկերը երկրպագում են Պապական Մեքսիկական կոլեգիայի մատուռում, ընդգծեց Նորին Սրբությունը: Պետք է մեծ վստահությամբ դիմել Երկնային Մորը, աղոթել անհրաժեշտ պարգևների համար և «իմանալ», որ Նա պահպանում է մեզ Իր քողով ու ողորմածությամբ», – ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը, այնուհետև առաքելական օրհնություն շնորհեց և խնդրեց աղոթել իր համար։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան