• Սրտերում պահել հավատքի լույսը

    «Այս պատմական և սոցիալական իրավիճակում, Հիսուս Իր վրա է վերցնում խաչը»


    2021թ. Ծաղկազարդի կիրակիի օրը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ, ևս մեկ անգամ հիշատակեց Տիրոջ Չարչարանքների ավետարանական ընթերցումը, որը հնչել էր Սուրբ Պատարագի ժամանակ:

     

    «Այս պատմական և սոցիալական իրավիճակում, – ընդգծեց Նորին Սրբությունը, – Հիսուս Իր վրա է վերցնում խաչը, այսինքն՝ Իր վրա է վերցնում չարի բեռը, որը բերում է ֆիզիկական, հոգեբանական և, ամենից առաջ, հոգևոր չարիք, քանզի չարն օգտագործում է ճգնաժամերը՝ անվստահություն, հուսահատություն և խռովություն սերմանելու համար»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Եկեղեցին արդեն երկրորդ անգամ է Չարչարանքների շաբաթը վերապրում համավարակի պայմաններում. «Անցյալ տարի մենք շատ էինք ցնցված, սակայն այս տարի ևս շատ փորձություններ ունեցանք: Տնտեսական ճգնաժամն էլ ավելի սրվեց»: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Սուրբ Կույս Մարիամը՝ Հիսուսի Մայրը և Նրա առաջին աշակերտուհին, ցույց է տալիս մեզ ինչ անել ներկայիս ծանր իրավիճակում.

     

    «Նա հետևեց Իր Որդուն և Իր վրա վերցրեց տառապանքների, խավարի, կորստի հիմնական մասն ու անցավ Չարչարանքների ճանապարհով՝ սրտում վառ պահելով հավատքի ջահը: Աստծո շնորհով մենք նույնպես կարող ենք անցնել այդ ճանապարհը: Խաչի ամենօրյա ճանապարհին մենք տեսնում ենք դժվարության մեջ գտնվող բազմաթիվ եղբայրների և քույրերի: Եկե՛ք անտարբեր չանցնենք, թույլ տա՛նք մեր սրտերին դողալ կարեկցանքից, մոտենա՛նք նրանց, – կոչ արեց Նորին Սրբությունը հավատացյալներին: – Այդ պահին, Սիմոն Կյուրենացու նման, մենք կարող ենք մտածել. «Ինչու՞ հենց ես»: Սակայն հետո կգիտակցենք այն պարգևը, որը ստացել ենք առանց մեր արժանիքների»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց