«Սիրո տեսիլքով պարգևված երջանկությունը, որը Աստված է»
Մարտի 25-ին հրապարակված առաքելական Candor lucis aeternae («Հավիտենական լույսի սքանչելիությունը») ուղերձում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշում է Դանթե Ալիգիերի մահվան 700-րդ տարելիցը՝ ընդգծելով իր «Աստվածային կատակերգության» արդիականությունը, հավերժությունն ու հավատքի խորությունը:
Դանթեն շարունակում է խոսել մեզ հետ իր մահվանից 700 տարի անց, որը վրա հասավ 1321թ. Ռավեննայում, քանի որ նա աքսորվել էր իր սիրելի Ֆլորենցիայից: Նա դիմում է մեզ՝ ժամանակակից մարդկանց, ու խնդրում է ոչ միայն կարդալ և ուսումնասիրել, այլ ամենից առաջ լսել ու ընդօրինակել նրա ուղին դեպի երջանկություն, այսինքն՝ դեպի Աստծո անսահման և հավերժական սեր: Այդ մասին գրում է Նորին Սրբությունը մարտի 25-ին՝ Աստվածամոր Ավետման օրը հրապարակված Candor lucis aeternae առաքելական ուղերձում: Ընտրված ամսաթիվը պատահական չէ. Մարդեղության Խորհուրդը, որը Մարիամի համաձայնությամբ էր, պարզաբանում է Սրբազան Քահանայապետը, հանդիսանում է ոգեշնչման իսկական աղբյուր և ամբողջ «Աստվածային կատակերգության» առանցքային մասը: Դանթեի այս աշխատության մեջ տեղի է ունենում զարմանալի փոխանակում Աստծո, Ով մտնում է մեր պատմության մեջ՝ դառնալով մարմին, և մարդկության միջև, որը «բարձրանում է առ Աստված, գտնելով Նրա մեջ իսկական երջանկությունը»:
Առաքելական ուղերձը բաղկացած է ինը գլուխներից և սկսվում է Դանթեի մասին Հռոմի Պապերի արտահայտած կարծիքների համառոտ ակնարկով: Այնուհետև Նորին Սրբությունը պատմում է Ալիգիերիի կյանքի մասին՝ այն անվանելով «մարդկային վիճակի պարադիգմ» և ընդգծելում նրա ստեղծագործության արդիականությունն ու հավերժությունը. ըստ էության, այն հանդիսանում է «մեր մշակույթի անբաժանելի մասը», գրում է Սրբազան Քահանայապետը: Այն հիշեցնում է Եվրոպայի և Արևմուտքի քրիստոնեական արմատների մասին, իրենից ներկայացնում է իդեալների և արժեքների ժառանգություն, որոնք մեր օրերում ևս Եկեղեցին ու քաղաքացիական հասարակությունն առաջարկում է որպես մարդկային համակեցության հիմք, որպեսզի միմյանց եղբայրներ ճանաչելու «հնարավորություն և անհրաժեշտություն» ունենանք:
«Աստվածային կատակերգությունն» ունի երկու հիմնական ուղեցույց. «մարդկային հոգուն բնորոշ ցանկությունը» և «սիրո տեսիլքով պարգևված երջանկությունը, որը Աստված է», բացատրում է Նորին Սրբությունը: Ահա թե ինչու է Դանթեն հանդիսանում հույսի մարգարե. իր ստեղծագործությամբ նա կոչ է անում մարդկությանը դուրս գալ մեղքի խիտ անտառից՝ ճշմարիտ ճանապարհը գտնելու համար, որի օգնությամբ պետք է հասնել լիակատար կյանքի պատմության մեջ և հավիտենական երանությանը՝ Աստծո մեջ: Դանթեի մատնանշած ուղին իսկական ուխտագնացություն է, ընդգծում է Սրբազան Քահանայապետը, քանի որ այն իրատեսական է ու հնարավոր բոլորի համար, քանզի «Աստծո ողորմությունը միշտ փոխվելու և դարձի գալու հնարավորություն է տալիս»:
Առաքելական ուղերձը «Աստվածային կատակերգության» մեջ առանձնացնում է կանանց երեք կերպարներ. Սուրբ Կույս Մարիամին՝ ողորմության խորհրդանիշին, Բեատրիսին՝ հույսի խորհրդանիշին, և Սուրբ Լուչիային՝ հավատքի տիպարին: Այս երեք կանայք (ովքեր հիշեցնում են երեք աստվածաբանական առաքինությունները) Դանթեին ուղեկցում են նրա թափառումների տարբեր փուլերում, ցույց տալով, որ հնարավոր չէ փրկվել սեփական ուժերով, քանզի դրա համար անհրաժեշտ է նրանց օգնությունը, ովքեր կարող են «աջակցել և ուղեկցել իմաստությամբ ու խոհեմությամբ»: Սուրբ Կույս Մարիամը, Բեատրիսը և Լուչիան միշտ առաջնորդվում են Աստվածային սիրով՝ «միակ աղբյուրը, որը կարող է մեզ պարգևել փրկություն, նոր կյանք և երջանկություն»:
Հաջորդ գլուխը Նորին Սրբությունը նվիրում է Սուրբ Ֆրանցիսկոսին, ով Դաթեի ստեղծագործոթյունում պատկերված է «օրհնյալների փայլող վարդի» մեջ: Սրբազան Քահանայապետը խորը ներդաշնակություն է նկատում Ասսիզիի աղքատի և «Մեծ բանաստեղծի» միջև. նրանք երկուսն էլ դիմում են ժողովրդին, ընդ որում առաջինը «քայլում է մարդկանց մեջ», իսկ երկրորդն ընտրում է ոչ լատիներենը, այլ՝ այլ ժողովրդական լեզուն, որը հասկանալի է բոլորի համար: Բացի այդ, նրանք երկուսն էլ բաց են Արարչագործության գեղեցկության և արժեքների համար, որը Արարչի հայելին է: Հիանալի նկարիչ, որի հումանիզմը մինչ այսօր ծանրակշիռ է և արդիական: Ալիգիերին նաև մեր բազմոլորտ մշակույթի նախահայրն է, քանի որ նրա ստեղծագործությունում «բառերն ու պատկերները, խորհրդանիշներն ու հնչյունները միաձուլվում են մեկ հաղորդագրության մեջ»:
Նորին Սրբությունը դիմում է ուսուցիչներին, ովքեր ունակ են «ոգևորությամբ փոխանցել Դանթեի պատգամը և նրա աշխատանքների մշակութային, կրոնական և բարոյական ժառանգությունը». անհրաժեշտ է, որ այս ժառանգությունը փակված չմնա դպրոցների և համալսարանների դասասենյակներում, այլ լայնորեն տարածվի քրիստոնեական համայնքների և մշակութային միությունների կողմից: Սրբազան Քահանայապետը կոչ է անում արվեստագետներին «ձայն, դեմք ու սիրտ, ձև ու գույն հաղորդել Դանթեի պոեզիային՝ հետևելով գեղեցկության ճանապարհին, որով նա այդքան վարպետորեն անցավ», որպեսզի տարածի «խաղաղության, ազատության և եղբայրության պատգամը»: Այս խնդիրը հատկապես արդիական է ներկայիս պատմական իրադրությունում, որը նշանավորված է անվստահությամբ, դեգրադացիայով և ապագայի անորոշությամբ: Այսպիսով, ասվում է առաքելական ուղերձի ավարտին, «Մեծ բանաստեղծը» կարող է «օգնել մեզ հանգիստ և համարձակորեն առաջ ընթանալ կյանքի ու հավատքի ուխտագնացության մեջ, քանի դեռ մեր սրտերը չեն գտել իրական խաղաղությունն ու իսկական ուրախությունը», այսինքն՝ «սերը, որը շարժման մեջ է դնում արևը և բոլոր աստղերը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան