«Եթե ցանկանում եք Ինձ հասկանալ, ապա նայե՛ք հողի մեջ մեռնող ցորենի հատիկին, այսինքն՝ նայեք Խաչին»
«Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ հետևել Հիսուսին, լինել ուժեղ և ուրախանալ ծառայության ճանապարհին, որպեսզի սերը դեպի Հիսուս Քրիստոսը շողշողա մեր բոլոր արարքներում և կամաց-կամաց դառնա մեր առօրյա կյանքի ոճը», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ 2021թ. մարտի 21-ին:
Նորին Սրբությունը մեկնաբանեց մի հատված Ավետարանից, որտեղ խոսվում է մի քանի հույների`Հիսուսին տեսնելու ցանկության մասին, ովքեր եկել էին Երուսաղեմ Զատկի տոնին: Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, որ այդ հույների խնդրանքն արտահայտում է «մեծաթիվ մարդկանց ցանկությունը, որը բոլոր ժամանակներում ուղղված է Եկեղեցուն, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրին. “Մենք ցանկանում ենք տեսնել Հիսուսին”»:
Այս խնդրանքին Հիսուսի պատասխանը ստիպում է մեզ մտածել, շարունակեց Նորին Սրբությունը: Հիսուսն ասում է. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին: […] Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, ապա բազում արդյունք կտա» (տե՛ս՝ Հվհ. 12, 23-24): Այս խոսքերը առաջին հայացքից չեն պատասխանում հույների խնդրանքին: Սակայն իրականում նրանց իմաստն առավել խորն է. ամեն մարդու համար, ով ցանկանում է տեսնել Նրան, Հիսուս սերմ է՝ պատրաստ մահանալու, որպեսզի շատ պտուղներ տա: Նա կարծես ասում է. եթե ցանկանում եք Ինձ ճանաչել, եթե ցանկանում եք Ինձ հասկանալ, ապա նայե՛ք հողի մեջ մեռնող ցորենի հատիկին, այսինքն՝ նայեք Խաչին:
Հենց Խաչը դարձավ քրիստոնեության գլխավոր տարբերակիչ նշանը, շարունակեց Նորին Սրբությունը. մարդը, ով այսօր ցանկանում է «տեսնել Հիսուսին», առաջին բանը, որ տեսնում է՝ խաչելությունն է, խաչը: Խաչը ներկա է եկեղեցիներում, քրիստոնյաների տներում, նրանց կրծքին: Կարևոր է, որ այդ նշանը համապատասխանի Ավետարանին. Խաչը պետք է արտահայտի սեր, ծառայություն, անվերապահ անձնազոհություն, քանզի միայն այսպես է այն իսկապես հանդիսանում «կյանքի ծառ», կյանքի առատություն:
Այսօր շատերն են ցանկանում «տեսնել Հիսուսին», հանդիպել Նրան, ծանոթանալ Նրա հետ, ինչը ենթադրում է մեծ պատասխանատվություն մեզ՝ քրիստոնյաներիս և մեր համայնքների համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. մենք պետք է պատասխանենք կյանքի վկայությամբ՝ մեզ նվիրելով ծառայությանը, մենք պետք է ապրենք և ցուցաբերենք կարեկցանք ու քնքշություն ուրիշների նկատմամբ՝ ընդօրինակելով Աստծո արարքները: Սա նշանակում է սերմանել սիրո սերմեր ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ, պարզ ու համարձակ օրինակներով, ոչ թե քննադատությամբ, այլ՝ գործերով: Այդ ժամանակ Տերն Իր շնորհով կօգնի մեզ պտուղներ տալ, նույնիսկ եթե հողը չորանա չհասկանալու, դժվարությունների կամ հալածանքերների պատճառով: Հենց այդ ժամանակ՝ փորձությունների ու միայնության մեջ, մահանում է սերմն ու ծաղկում է կյանքը, որպեսզի տա հյութեղ պտուղներ՝ իր ժամանակին: Մահվան ու կյանքի հենց այս միահյուսման մեջ է, որ մենք կարող ենք զգալ սիրո ուրախությունն ու իսկական պտղաբերությունը, որն իրեն միշտ դրսևորում է մոտիկությամբ, կարեկցանքով, քնքշությամբ՝ նման Աստծո արարքներին, ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան