• Երեխաները մեր պաշտպանութեան եւ հոգածութեան կարիքն ունեն

    «Որտեղ սէր կայ, այնտեղ է Աստուած».
    Մայր Թերեզա


    21 մարտ, 2021 թուական. Զ Կիրակի Քառասնորդաց – Գալստեան Կիրակի: Փանիկ գիւղի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու նախաձեռնութեամբ եւ համայնքի բնակիչների մասնակցութեամբ իրականացուեց հերթական եւ արդէն իսկ աւանդոյթ դարձած մարդասիրական օգնութեան տրամադրումը Սպիտակում գործող Մայր Թերեզայի Գթութեան Քոյրերի Միաբանութեան մանկատան սաներին:

     

    Համայնքը ակտիւ մասնակցութիւն ցուցաբերեց այս գործում, գրեթէ ոչ ոք անմասն չը մնաց։ Անգամ այն մարդիկ, որոնք համայնքում չէին տարբեր պատճառներով, դարձան այս վեհ նախաձեռնութեան մասնակիցը՝ տրամադրելով նիւթական օգնութիւն: Համայնքի անմնացորդ նուիրուածութիւնը խօսում է մեր ժողովրդի միասնական լինելու մասին։

     

    Համայնքի անդամներս՝ ժողովրդապետ Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի հետ ուղեւորուեցինք մանկատուն։ Այն ջերմութիւնն ու հոգատարութիւնը, որ կար մանկատանը՝ կրկնապատկուեց, երբ տեսան հիւրերին։ Մենք միանգամից սկսեցինք շփուել մեզ արդէն ծանօթ սաների հետ, ու, որ այս օրերի համար յոյժ կարեւոր է՝ միասնաբար աղօթեցինք Աստուածամօր Սուրբ Վարդարանը։ Ինչպէս սաները, այնպէս էլ տեղի աշխատակազմը համոզուեց, որ նրանք մեր ազգի, եկեղեցու հոգածութեան կենդրոնում են՝ անկախ իրենց կարգավիճակից։ Սաների բարի, անկեղծ եւ անմեղ ժպիտն ու ջերմ խօսքերը, մեզ կրկին տեսնելու եւ հանդիպելու ցանկութիւնները էլ աւելի պարտաւորեցնող են, ուստի, պատրաստակամութիւն յայտնեցինք կրկին այցելելու նրանց։

     

    Բարին ու բարութիւնը միայն կարող են մարդկանց սրտերի սառոյցը հալեցնել։ Այսպիսով, կը պակասի Երկիր մոլորակի որբ ու խնամազուրկ երեխաների քանակը, եւ երեխաներն իրենց այս հասարակութեան լիարժէք անդամ կը զգան:

    Աստուած պահապան բոլոր երեխաներին, մանաւանդ՝ խնամքի կարիք ունեցողներին։

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց