«Սուրբ Հոգին կարելի է համեմատել լապտերի հետ. այն երբեք չի հանգչում, նույնիսկ երբ ոչ ոք չի տեսնում նրան»
Մարտի 17-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն անցկացրեց ավանդական ընդհանուր ունկնդրությունը՝ շարունակելով խոսել աղոթքի մասին: Այս անգամ նրա խորհրդածության թեման էր «Աղոթքը և Սուրբ Երրորդությունը», այսինքն՝ նա դիտարկեց աղոթքը`Սուրբ Երրորդության և Սուրբ Հոգու հետ հարաբերության մեջ:
Սուրբ Հոգին քրիստոնեական կյանքի առաջին պարգևն է, ոչ թե պարգևներից մեկն է, այլ՝ հիմնական պարգևն է: Սուրբ Հոգին բացում է մեր սրտերը Աստծո ներկայության համար, տանում է դեպի այնպիսի սիրո «հորձանուտ», ինչպիսին հանդիսանում է հենց Աստծո սիրտը: Եթե մենք անկեղծությամբ ենք դիմում Աստծուն՝ Նրան անվանելով «Աբբա՝ Հայր», ապա դա հնարավոր է միայն այն պատճառով, որ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ: Այն ներքին վերափոխման է ենթարկում մեզ և թույլ տալիս զգալ, ապրել այն ուրախությունը, որ Աստված սիրում է մեզ՝ որպես Իր իսկական զավակների: Մեզանում ամբողջ հոգևոր աշխատանքը Սուրբ Հոգու արարքն է, Որը գործում է մեր մեջ, որպեսզի Հիսուսի միջոցով մեր կյանքը ուղղորդի դեպի Հայրը:
Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքը պնդում է. «Ամեն անգամ, երբ մենք սկսում ենք աղոթել Հիսուսին, հենց Սուրբ Հոգին է Իր շնորհով մեզ տանում դեպի աղոթքի ճանապարհը: Եվ, որ շուտով Նա մեզ աղոթել կսովորեցնի՝ հիշեցնելով Հիսուսի մասին, ապա ինչպե՞ս մենք չաղոթենք հենց Իրեն: Դրա համար է, որ Եկեղեցին հրավիրում է մեզ ամեն օր աղոթել Սուրբ Հոգուն՝ հատկապես ցանկացած կարևոր աշխատանք սկսելիս և դրա ավարտին» (2670): Այսպիսով, Սուրբ Հոգին «հիշեցնում է» մեզ Հիսուսի մասին՝ Նրա ներկայությունը բացահայտելով մեր մեջ: Կարելի է ասել, որ խոսքը վերաբերում է «Երրորդական հիշողությանը», պարզաբանեց Նորին Սրբությունը: Այդ հիշողությունը չի հիշեցնում անցյալի կերպարի մասին՝ Սուրբ Հոգին բացահայտում է Հիսուսի ներկայությունը մեր գիտակցության մեջ. «Եթե Հիսուսը լիներ միայն հեռավոր հիշողություն, ապա մենք կլինեինք միայնակ և մոլորված այս աշխարհում: Այո, մենք կհիշեինք Հիսուսին, սակայն որպես հեռավոր հիշողություն, իսկ Սուրբ Հոգին բացահայտում է Նրան այսօր, հիմա, այս պահին մեր սրտերում»: Սուրբ Հոգու շնորհիվ բոլոր ժամանակների քրիստոնյաները կարող են հանդիպել Քրիստոսին, և ոչ միայն որպես պատմական անձնավորություն, այլև՝ որպես կենդանի ներկայություն:
«Առանց Սուրբ Հոգու կրակի, մարգարեությունները մարում են, ուրախությունը փոխարինվում է տխրությամբ, սերը փոխարինվում է սովորությամբ, ծառայությունը դառնում է ստրկություն»:
Սուրբ Հոգին կարելի է համեմատել լապտերի հետ. այն երբեք չի հանգչում, նույնիսկ երբ ոչ ոք չի տեսնում նրան: Նույնպես և Սուրբ Հոգին է մեր սրտերում. Նրան ոչ ոք չի տեսնում, սակայն Նա շարունակում է վառվել:
Սրբազան Քահանայապետը ևս մեկ մեջբերում արեց Կաթողիկէ Եկեղեցու ուսմունքից. «Սուրբ Հոգին, որի օծումը ներթափանցում է մեր ամբողջ էության մեջ, քրիստոնեական աղոթքի ներքին Վարդապետն է: Նա աղոթքի կենդանի ավանդույթի ստեղծողն է: Իհարկե, գոյություն ունեն այնքան աղոթական ճանապարհներ, որքան աղոթողներ, բայց, այնուամենայնիվ, մեկ Սուրբ Հոգին գործում է բոլորի մեջ և բոլորի հետ: Սուրբ Հոգու հաղորդության մեջ քրիստոնեական աղոթքը Եկեղեցու աղոթքն է»:
«Որքան հաճախ է պատահում, որ մենք չենք աղոթում և աղոթելու ցանկություն չունենք: Շատ հաճախ մենք աղոթում ենք թութակների նման՝ միայն շրթունքներով, մինչդեռ մեր սիրտը այդ պահին հեռու է աղոթքից: Այդ պահերին պետք է ասել Սուրբ Հոգուն. ʺԵ՛կ, ե՛կ Սուրբ Հոգի, ջերմացրու՛ իմ սիրտը: Արի՛ և սովորեցրու՛ ինձ աղոթել, սովորեցրու ինձ նայել Հորը, սովորեցրու ինձ նայել Որդունʺ»:
Հենց Սուրբ Հոգին է գրում Եկեղեցու և աշխարհի պատմությունը, իսկ մենք բաց էջեր ենք՝ պատրաստ ընդունելու Նրա գրությունները, շարունակեց Նորին Սրբությունը: Մեզանից յուրաքանչյուրի մեջ Սուրբ Հոգին կատարում է յուրօրինակ գործեր, քանի որ ոչ մի քրիստոնյա նման չէ մյուսին:
Ավարտին Սրբազան Քահանայապետը աղոթքի կոչ արեց հավատացյալներին և այսպես աղոթեց. «Օ՜, Սուրբ Հոգի, ես չգիտեմ, թե ինչպիսին ես Դու, բայց ես գիտեմ, որ Դու ուժ ես, Դու լույս ես, Դու ունակ ես ինձ առաջ տանել և աղոթել սովորեցնել: Ե՛կ, Սուրբ Հոգի»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան