• Մեծ Պահքի այս շրջանում մենք կանչված ենք՝ բացելու մեր սրտերը Աստծո քնքշության առջև

    «Ով քայլում է լույսի ներքո, ով մոտենում է լույսին, չի կարող բարի գործ չանել»


    Մեծ Պահքի այս շրջանում մենք կանչված ենք մեր կյանքում լույսն ընդունելու համար, որպեսզի բացենք մեր սրտերը Աստծո անհուն սիրո, Նրա ողորմության և ներման դիմաց, ասաց Ն. Ս. Ֆրանսիցկոս Սրբազան Քահանայապետը մարտի 14-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ. «Մի՛ մոռացեք, Աստված միշտ ներում է, երբ մենք խոնարհաբար խնդրում ենք Իրեն դա անել: Բավական է միայն ներեղություն խնդրել և Նա կների: Այդպես մենք ձեռք կբերենք իսկական բերկրանք և կկարողանանք ուրախանալ Աստծու ներողամտությամբ, որը մեզ կյանքի է կոչում»:

     

    Մեծ Պահքի չորրորդ կիրակիի Պատարագը սկսվում է ուրախության կանչով. «Ուրախացի՛ր, Երուսաղե՛մ … » (տե՛ս՝ Ես. 66,10). «Ո՞րն է այդ ուրախության պատճառը: Ի՞նչ ուրախության մասին կարող է խոսք լինել Քառասնորդաց այս շրջանում», – խորհելու առիթ տվեց Նորին Սրբությունը: Այս հարցի պատասխանը տալիս է օրվա Ավետարանական ընթերցանության հատվածը.

    «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հվհ. 3,16): Այս ուրախ լուրը ներկայացնում է քրիստոնեական հավատքի ամբողջ էությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Աստծո Սերն հասավ իր գագաթնակետին, երբ Աստված Իր Որդուն տվեց թույլ և մեղավոր մարդկությանը: Նա Իր Որդուն նվիրեց մեզ բոլորիս: Սա հետևում է Հիսուսի և Նիկոդեմոսի գիշերային զրույցից, որի մի մասը մեջբերված է այսօրվա Ավետարանական հատվածում (տես՝ Հվհ. 3,14-21): Նիկոդեմոսը, ինչպես ամեն մի հրեա, սպասում էր Մեսիային՝ Նրան նույնացնելով հզոր, զորեղ մարդու հետ, ով իր իշխանությամբ կդատեր աշխարհը: Սակայն Հիսուսը փոշիացնում է այս սպասումները՝ ներկայանալով երեք կողմերով՝

    որպես խաչին բարձրացված մարդու Որդի,

    որպես աշխարհի փրկության համար ուղարկված Աստծո Որդի, և

    որպես լույս, որը զատում է բոլոր նրանց, ովքեր հետևում են ճշմարտությանը կամ ստին»:

     

    Հիսուսն ամենից առաջ ներկայանում է որպես մարդու Որդի (տես՝ Հվհ. 3, 4-15): Այս հատվածում խոսվում է պղնձե օձի մասին, որը պատրաստեց Մովսեսը՝ Աստծո հրամանով (տես՝ Թվեր 21,4-9) և դրեց ձողի վրա, որպեսզի, երբ օձը մարդ խայթի և օձից խայթվողը նայի պղնձե օձին և ողջ մնա: Նույն ձևով էլ Հիսուս բարձրացվեց Խաչին, որպեսզի Նրան հավատացողները բուժվեն և ողջ մնան:

     

    Այնուհետև Հիսուսը ներկայանում է որպես Աստծո Որդի (տես՝ Հվհ. 3, 16-18): Հայր Աստվածն այնքան է սիրում մարդկությանը, որ տալիս է Իր Որդուն: Աստծո այս պարգևի նպատակը մարդկանց հավիտենական կյանքն է, ընդգծեց Նորին Սրբությունը. «Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որպեսզի դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը փրկվի Հիսուսի միջոցով: Հիսուսի առաքելությունը փրկության առաքելությունն է՝ փրկություն բոլորի համար»:

     

    Երրորդ անունը լույսն է, որով Հիսուս կոչում է Ինքն Իրեն. «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը» (տես՝ Հվհ. 3, 19): Հիսուսի աշխարհ գալը ենթադրում է ընտրություն, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Նա, ով ընտրում է խավարը, կառնչվի դատապարտման դատաստանի հետ, իսկ նա, ով ընտրում է լույսը, կստանա փրկության դատաստանը: Դատաստանը միշտ հանդիսանում է ամեն մի մարդու ազատ ընտրության հետևանքը. Ով չարիք է գործում, նա ընտրում է խավարը, քանզի չարը միշտ թաքնվում է, իրեն թաքուն է պահում: Նա, ով արդար է գործում, այսինքն՝ բարի գործ է անում, գնում է դեպի լույսը, որը լուսավորում է կյանքի ճանապարհները: Նա, ով քայլում է լույսի ներքո, ով մոտենում է լույսին, չի կարող բարի գործ չանել»,- ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց