«Նրանք սպասում էին, և նրանց աչքերում հույս կար»
Մարտի 10-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն անցկացրեց առաջին ունկնդրությունը՝՝ Իրաքից վերադառնալուց հետո և այն նվիրեց այդ ուղևորության արդյունքների և պտուղների վերլուծությանը, որը դարձավ «Հովհաննես Պողոս II Պապի նախագծի իրագործումը», ինչպես նշեց Նորին Սրբությունը հավատացյալներին դիմելիս:
«Երբեք Հռոմի Սրբազան Քահանայապետը չէր եղել Աբրահամի երկրում: Նախախնամությունը կամեցավ, որ դա տեղի ունենար հիմա՝ որպես հույսի նշան տարիներ տևած պատերազմից և ահաբեկչությունից հետո՝ համավարակի այս ծանր պայմաններում»:
«Իմ սիրտը լի է երախտագիտությամբ», – շարունակեց Նորին Սրբությունը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն և բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս ուղևորությունը՝ մասնավորապես Իրաքի նախագահին և կառավարությանը, պատրիարքներին և եպիսկոպոսներին, Քրիստոնեական Եկեղեցու սպասավորներին և հավատացյալներին, կրոնական իշխանություններին, հատկապես Մեծ Այաթոլլա Ալի Սիստանիից, ում հետ Սրբազան Քահանայապետը հանդիպեց Նաջաֆում՝ իր նստավայրում:
«Ես հատկապես զգացի այս ուխտագնացության ապաշխարական իմաստը, – ասաց Նորին Սրբությունը: – Ես չէի կարողանում մոտենալ այդ տանջված ժողովրդին, այդ նահատակած Եկեղեցուն, քանի դեռ Կաթողիկէ Եկեղեցու անունից իմ վրա չէի վերցրել խաչը, որը նրանք կրում են այսքան տարի: Դա մեծ խաչ է և նման է Կարակոշի մուտքի մոտ կանգնեցված խաչին»: Ապաշխարության ոգով համակված՝ Սրբազան Քահանայապետը մտահայում էր ավերածությունների դեռևս բաց վերքերի մասին, ուշադրությամբ լսում էր բռնություն, հալածանք և աքսոր վերապրածների վկայությունները: Միևնույն ժամանակ նկատում էր նաև «Քրիստոսի պատգամաբերի ջերմ ընդունելությունը», որը խաղաղության և եղբայրության հույս էր: Այդ հույսը Նորին Սրբությունը նկատեց Իրաքի նախագահի ելույթի ժամանակ, իրաքցիների ողջույնների և վկայությունների, երգերի և վարմունքների մեջ: Հատկապես նրան զարմացրել է այն, որ մարդիկ հինգ ժամ կանգնած սպասել են Սրբազան Քահանայապետին տեսնելու համար՝ նորածիններին գրկած. «Նրանք սպասում էին, և նրանց աչքերում հույս կար»:
«Իրաքի ժողովուրդը խաղաղ ապրելու իրավունք ունի», – ընդգծեց Նորին Սրբությունը: Իրաքը ավերվել է պատերազմի պատճառով, իսկ պատերազմը «հրեշ է», որը դարերի ընթացքում կերպարանափոխվելով շարունակում է հոշոտել մարդկությանը: Սրբազան Քահանայապետը նորից հարց տվեց ինքն իրեն, թե ով է զենք վաճառում Իրաքին և մյուս երկրներին. «Ես կցանկանայի ստանալ այս հարցի պատասխանը»:
«Սակայն չի կարելի պատերազմին պատասխանել պատերազմով և զենքին՝ զենքով»:
Եղբայրությունն է պատերազմի պատասխանը: Հենց դրա համար էր Նորին Սրբությունը իր ուղևորության ընթացքում հանդիպում և աղոթում քրիստոնյաների, մահմեդականների և այլ կրոնների ներկայացուցիչների հետ քաղդեացիների Ուր քաղաքում՝ Աբրահամի երկրում: Եղբայրության կոչ հնչեց նաև Բաղդադից, որտեղ 48 նահատակների արյամբ ողողված Ասորական Կաթողիկէ Մայր Տաճարում տեղի ունեցավ հանդիպում կաթողիկէների հետ: Եղբայրության կոչը լսվում էր Մոսուլից և Կարակոշից, «Իսլամական պետության» կողմից ավերակների վերածված վայրերից: Այս քաղաքների հին յուրօրինակությունը ոչնչացվել է, և այժմ մահմեդականները հրավիրում են քրիստոնյաներին վերադառնալ և միասին վերակառուցել եկեղեցիներն ու մզկիթները: Ահա՛ թե որտեղ կարելի է գտնել եղբայրություն, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և դիմեց աքսորի մեջ գտնվող իրաքցիներին.
«Դիմելով իրաքցի բազմաթիվ արտագաղթյալներին՝ ես ցանկանում եմ ասել. դուք թողեցիք ամեն ինչ, ինչպես Աբրահամը, այժմ նրա նման պահպանեցեք հավատքն ու հույսը և եղեք բարեկամության ու եղբայրության կերտողներ, որտեղ էլ որ գտնվելիս լինեք: Եվ եթե կարող եք, ապա վերադարձե՛ք»:
Եղբայրության պատգամը հնչում էր նաև Պատարագների ժամանակ, որոնք տեղի ունեցան Բաղդադում (քաղդեական ծեսով) և Էրբիլում:
«Աբրահամի և նրա սերունդների հույսն իրականացվեց կատարված խորհրդի մեջ՝ Հիսուսով, Որդով, Ում Հայրը չխնայեց և տվեց բոլորի փրկության համար. Իր մահով և հարությամբ Նա մեզ համար ճանապարհ բացեց դեպի խոստացված երկիր, դեպի նոր կյանք, որտեղ արցունքները կչորանան, վերքերը կբուժվեն և եղբայրները կհաշտվեն»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան