• Խնդրե՛նք Տիրոջը՝ մեզ պարգևելու ներում, խաղաղություն և եղբայրություն

    «Սիրելինե՛րս, եկել է ոչ միայն շինությունները վերակառուցելու, այլև մարդկանց և սերունդների միջև կապերը վերականգնելու ժամանակը»


    Իրաք կատարած այցի ընթացքում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մարտի 7-ին ժամանեց երկրի գլխավոր քրիստոնեական քաղաք՝ Կարակոշ: Այցելելով Անարատ Հղության Մայր տաճար՝ Նորին Սրբությունը հանդիպեց Կարակոշի համայնքի հետ և գլխավորեց «Հրեշտակ Տեառն» աղոթքի ընթերցումը:

     

    Շնորհակալություն հայտնելով Տիրոջն այս հանդիպման համար՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց Կարակոշի բնակիչներին բնորոշ մշակութային և կրոնական բազմազանությունը, շեշտելով, որ այս առանձնահատկությունը ապագայի հույս է տալիս: Սակայն մենք տեսնում ենք նաև այլ նշաններ՝ բռնության, ատելության և պատերազմի նշաններ, ասաց Նորին Սրբությունը. «Ինչքա՜ն բան է ավերվել: Եվ որքա՜ն բան դեռ պետք է վերականգնվի այս տեղերում, որտեղ ձեր նախնիները երկրպագել են Աստծուն: Նրանք ձեզ թողել են մեծ հոգևոր ժառանգություն, որի օգնությամբ դուք ամեն ինչ կվերականգնեք՝ ապավինելով Աստծուն: Ամբողջ Եկեղեցին կլինի ձեզ հետ՝ իր աղոթքներով և կոնկրետ օգնությամբ»:

     

    «Սիրելինե՛րս, եկել է ոչ միայն շինությունները վերակառուցելու, այլև մարդկանց և սերունդների միջև կապերը վերականգնելու ժամանակը», – շարունակեց Սրբազան Քահանայապետը: Երեխաները ժառանգում են ոչ միայն երկիր, մշակույթ և ավանդույթ, այլ նաև՝ մեծերից ստացած հավատի կենդանի պտուղները:

     

    Պատերազմը ձեզ ստիպեց անցնել ճգնաժամի միջով, երբ հավատը կարող էր ցնցվել, երբ թվում էր, թե Աստված ոչինչ չի տեսնում: Չհանձնվե՛ք, չկորցնե՛ք հույսը, Հիսուսը ձեզ հետ է, ընդգծեց Նորին Սրբությունը: Ներումը քրիստոնյա մնալու վճռական և հիմնական միջոցն է: Ամբողջական վերականգնման ճանապարհը երկար է ու դժվարին, այն պահանջում է ներելու ունակություն և պայքարելու համարձակություն: Սակայն մենք ապավինում ենք Աստծուն, որ Նա կարող է խաղաղություն բերել այս հողերին, և բարի կամքի տեր բոլոր մարդկանց հետ միասին մենք «ո՛չ» կասենք ահաբեկչությանն ու կրոնն անձնական շահերի համար շահարկողներին, կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Մյուս վճռական և հիմնական միջոցը երախտագիտությունն է: Այն ծնվում և աճում է, երբ մենք հիշում ենք Աստծո պարգևներն ու խոստումները, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Եկե՛ք շնորհակալություն հայտնենք Աստծուն Իր պարգևների համար և խնդրենք Նրանից խաղաղություն, ներում և եղբայրություն շնորհել այս երկրին և այստեղ ապրող մարդկանց: Եկե՛ք հաստատակամ լինենք մեր աղոթքներում՝ սրտերը դարձի բերելու համար, որպեսզի հաղթանակի կյանքի, ներման և եղբայրական սիրո մշակույթը, որպեսզի հարգենք տարբեր կրոնական ավանդույթները և կերտենք ապագա՝ հիմք ընդունելով բոլոր բարի կամքի տեր մարդկանց միասնությունը և համագործակցությունը, որպեսզի հաղթանակի եղբայրական սերը, որը ճանաչում է «մարդկության հիմնարար արժեքները: Արժեքներ, հանուն որոնց մենք կարող ենք և պետք է համագործակցենք, երկխոսություն վարենք, ներենք ու աճենք» (Շրջաբերական Fratelli tutti, 283):

     

    Հանդիպման ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց, որ նա քաղաքի վերածնունդը վստահել է Սուրբ Աստվածածնին, Ում արձանը կրկին տեղադրվեց տաճարի վերականգնված շինությունում.

     

    «Նրա սուրբ կերպարը վիրավորվեց և ոտնահարվեց, սակայն Աստվածամոր հայացքը շարունակում է քնքշորեն հետևել մեզ, որովհետև այդպես են վարվում բոլոր մայրերը. նրանք մխիթարում են, խրախուսում և կյանք պարգևում: Ես ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, այն քաջ կանանց, ովքեր, չնայած բոլոր դժբախտություններին և վերքերին, շարունակում են կյանք պարգևել: Նրանք արժանի են խորին հարգանքի, պաշտպանության և հասարակության ուշադրությանը», – իր ելույթի ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments