«Խնդրում եմ ձեզ՝ աշխատել միասին, միասնության մեջ՝ հանուն խաղաղ և բարեկեցիկ ապագայի, որտեղ չեն լինի լքվածներ և մերժվածներ»
Կիրակի՝ մարտի 7-ին, Իրաք իր ուխտագնացության ընթացքում՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Էրբիլ քաղաքում ժողովրդին մատուցեց երկրորդ Սուրբ Պատարագը: Ֆրանսո Հարիրի մարզադաշտում կայացած Սուրբ Պատարագին մասնակցեցին շուրջ տաս հազար հավատացյալներ:
«Տերը խոստանում է, որ Իր Հարության զորությամբ Նա կարող է վերածնել մեզ և մեր համայնքները ավերակներից, որոնք առաջացել են անարդարության, երկպառակության և ատելության պատճառով: Հենց այս խոստումն ենք մենք հռչակում այս Հաղորդության ժամանակ: Նրա վերքերով մենք բուժվեցինք (տես՝ Ա Պետրոս 2,24): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Նրա վերքերի մեջ մենք գտնում ենք Նրա ողորմած սիրո բալասանը, քանզի Նա՝ մարդկության Բարի Սամարացին, ցանկանում է օծել ամեն մի վերքը, բուժել ամեն մի ցավոտ հիշողություն, ներշնչել խաղաղ և եղբայրական ապագա այս երկրում», – ասաց Նորին Սրբությունն իր քարոզում:
Մեծ Պահքի երրորդ կիրակիի Պատարագում Սուրբ Պողոս առաքյալը մեզ հիշեցնում է, որ Հիսուսն Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունն է (տե՛ս՝ Ա Կորնթ. 1.24): Հիսուսն այդ զորությունն ու իմաստությունը մեզ բացահայտում է Իր ողորմածությամբ և ներմամբ, Խաչի վրա Իր մահով, Իր հավատարմությամբ Հորը՝ ուխտի Աստծուն, Ով ընտրյալ ազգին հանեց գերությունից և տարավ ազատության ճանապարհով (տե՛ս՝ Ելք 20,1-2), ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Ավետարանական հատվածում (տես՝ Հովհ. 2, 13-25) մենք կարդում ենք, թե ինչպես է Հիսուսը Երուսաղեմի տաճարից դուրս հանում լումայափոխներին և վաճառողներին, շարունակեց Նորին Սրբությունը: Նա մաքրում է ոչ միայն քարե տաճարը, այլ՝ ամենից առաջ մեր սրտի տաճարը: Մենք պետք է մեր սիրտը մաքուր պահենք ստից, կեղծավորության երկակի չափանիշներից, որոնց ենթարկվում ենք բոլորս, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Սակայն սիրտը մաքրելու համար մենք ունենք Հիսուսի կարիքը. Նա ունի զորություն՝ մեր հոգևոր և ֆիզիկական ախտերը բուժելու, մեր սրտի տաճարը վերականգնելու համար, ընդգծեց Նորին Սրբությունը:
«Քանդեցե՛ք այդ տաճարը, և երեք օրում այն կվերականգնեմ» (Հվհ. 2, 19), ասաց Հիսուսը՝ նկատի ունենալով Իր մարմինը, այսինքն՝ Իր Եկեղեցին, – շարունակեց Սրբազան Քահանայապետը: – Հավատքի աչքերով ենք մենք տեսնում խաչված և հարություն առած Տիրոջ ներկայությունը մեր մեջ, մենք սովորում ենք ընդունել Նրա իմաստությունը, խաղաղություն գտնել Նրա վերքերում, ապաքինում և զորություն՝ Նրա Թագավորությանը ծառայելիս: Եկեղեցին Իրաքում՝ Աստծո շնորհով, շատ բան է արել և անում է խաչի այս զարմանալի իմաստությունը հռչակելու համար՝ տարածելով Քրիստոսի ողորմածությունն ու ներումը, հատկապես առավել կարիքավորների շրջանում: Նույնիսկ ծայրահեղ աղքատության ու դժվարին պայմաններում ձեզանից շատերը մեծահոգաբար օգնություն են ցուցաբերել կարիքավորներին: Սա պատճառներից մեկն է, որ ինձ խրախուսեց գալ ուխտագնացության ձեզ մոտ՝ շնորհակալություն հայտնելու և հավատքն ու վկայությունը ամրապնդելու համար: Այսօր ես հնարավորություն ունեմ տեսնել և զգալ, որ Եկեղեցին Իրաքում կենդանի է, որ Քրիստոսը կենդանի է և գործում է Իր սուրբ և հավատարիմ ժողովրդի մեջ», – ասաց Նորին Սրբությունն իր քարոզի ավարտին:
Էրբիլում Պատարագի ավարտին Նորին Սրբությունը ողջունեց Ասորական Արևելյան Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Մարա Գեվարգիս III-ին: Էկումենիկ ուղին այս քրիստոնեական համայնքի հետ սկսվեց ընդհանուր քրիստոսաբանական հռչակագրով, որը ստորագրվեց 1994 թ.-ին Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի և Կաթողիկոս-Պատրիարք Մար Դինհա IV-ի կողմից: 2017թ-ին ստորագրվեց կյանքի խորհրդի վերաբերյալ համատեղ հռչակագիրը՝ սկսելով երկխոսության նոր փուլ Եկեղեցու խորհրդի շուրջ:
«Շնորհակալություն սիրելի՜ եղբայր, – Սրբազան Քահանայապետն իր երախտագիտությունը հայտնեց հիերարխին և ջերմորեն ողջունեց տարբեր դավանանքի իրաքցի քրիստոնյաներին. «Շատերն արյուն թափեցին այս հողի վրա, սակայն մեր նահատակները միասին փայլում են ինչպես աստղերը երկնքում: Այնտեղից նրանք խնդրում են մեզ միասին քայլել՝ առանց երկմտելու դեպի լիակատար միասնություն»:
Նա նաև ողջունեց և երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այցի կազմակերպչական աշխատանքներին: Կատարելով իր ուխտագնացության յուրօրինակ ամփոփումը՝ Սրբազան Քահանայապետն ասաց.
«Հռոմ վերադառնալու ժամը մոտ է, բայց Իրաքը հավերժ կմնա իմ սրտում: Խնդրում եմ ձեզ աշխատել միասին, միասնության մեջ՝ հանուն խաղաղ և բարեկեցիկ ապագայի, որտեղ չեն լինի լքվածներ և մերժվածներ: Հավաստիացնում եմ ձեզ, որ կաղոթեմ այս սիրելի երկրի համար և հատկապես խնդրում եմ վանական համայնքների անդամներին եղբայրության և համերաշխության ոգով համագործակցել բարի կամքի տեր մարդկանց հետ՝ համընդհանուր բարեկեցությանը ծառայելիս: Salam, salam, salam! Shukrán! (Խաղաղությու՜ն ձեզ: Շնորհակալություն:) Թո՛ղ Աստված օրհնի ձեզ բոլորիդ: Թո՛ղ Աստված օրհնի Իրաքը: Allah ma’akum! (Թո՛ղ Տերը ձեզ հետ լինի)»:
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան