«Մենք բոլորս եղբայրներ ենք, բոլորս՝ առանց բացառության»
Մարտի 4-ին՝ Իրաքի Հանրապետություն կատարելիք առաքելական այցի նախօրեին, Նորին Սրբությունը հատուկ տեսաուղերձով դիմեց Մերձավոր Արևելքի երկրի բնակիչներին:
Սրբազան Քահանայապետը խաղաղության ողջույնով դիմում է իրաքցիներին. շուտով նա կժամանի նրանց հին երկիրը՝ քաղաքակրթության բնօրրանը, որպես «ապաշխարող ուխտավոր, որպեսզի աղաչի Աստծուն ներում և հաշտություն երկար տարիների պատերազմից և ահաբեկչությունից հետո՝ Աստծուց սրտերի մխիթարություն և վերքերի ապաքինում հայցելու համար»: Նորին Սրբությունը մեկնում է միջազգային ուղևորության որպես խաղաղության ուխտավոր, որպեսզի ևս մեկ անգամ կրկնի. «Դուք բոլորդ եղբայրներ և քույրեր եք», որպեսզի աղոթի և լինի նաև «այլ կրոնական ավանդույթների եղբայրների և քույրերի հետ՝ հայր Աբրահամի նշանի ներքո, ով միավորում է մահմեդականներին, հրեաներին և քրիստոնյաներին՝ որպես մեկ ընտանիք»:
Դիմելով տեղի քրիստոնյաներին՝ Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ ինքն անհամբեր սպասում է նրանց հետ հանդիպմանը՝ Հիսուսի հավատքի վկաներին ծանր փորձությունների մեջ. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Մարտիրոսների Եկեղեցուն, – ընդգծում է Նորին Սրբությունը, հավատացյալներին շնորհակալություն հայտնել վկայության համար և ցանկանալ, որպեսզի մեծաթիվ իրաքցի մարտիրոսները «օգնեն մեզ ապրել խոնարհ սիրո զորության մեջ»:
«Մեր աչքերում դեռևս պահպանված են ավերված տների ու պղծված եկեղեցիների պատկերները, իսկ ձեր սրտերում՝ մահացած հարազատների և լքված տների վերքերը»: Նորին Սրբությունը ցանկանում է բերել «համայն Եկեղեցու քնքուշ սերը» Քրիստոսի աշակերտներին և ամբողջ խոշտանգված Մերձավոր Արևելքին: «Թույլ չենք տա, որ ձեր կրած և ինձ այդքան ցավ պատճառող սարսափելի տառապանքները հաղթեն, – ասաց Սրբազան Քահանայապետը: – Չենք հանձնվի չարին. Թո՛ղ մեզ ուղեկցեն ձեր հողերի իմաստության հնագույն աղբյուրները, որպեսզի մենք վարվենք Աբրահամի նման, ով, չնայած թողեց ամեն ինչ, բայց երբեք չկորցրեց հույսը: Ապավինելով Աստծուն՝ նա ծնեց սերունդներ, որոնք երկնքի աստղերի նման մեծաթիվ էին», – դրանց մեջ կարող ենք տեսնել Աստծո տեսանելի խոստումը, – ընդգծում է Նորին Սրբությունը:
Այս տարիների ընթացքում ես շատ եմ մտածել Իրաքի բնակիչների մասին, ովքեր շատ են տառապել, բայց չեն ընկճվել: Դիմելով տեղի քրիստոնյաներին, մահմեդականներին և եզդիներին՝ Սրբազան Քահանայապետը կրկնում է, որ «մենք բոլորս եղբայրներ ենք, բոլորս՝ առանց բացառության», ընդգծելով, որ նա մեկնում է նրանց օրհնված ու վիրավոր երկիր՝ որպես հույսի ուխտավոր: Հենց այստեղ՝ Նինվեում է հնչել Հովնանի մարգարությունը, որը կանխեց աղետն ու նոր հույս տվեց՝ Աստծո հույսը.
«Եկե՛ք վարակվենք այդ հույսով, քանզի այն մեզ խրախուսում է կրկին կառուցել և ամեն ինչ սկսել նորից: Համավարակի այս դժվարին օրերին օգնե՛նք միմյանց ամրապնդել եղբայրությունն ու միասին կերտենք խաղաղ ապագան»:
Յուրաքանչյուր կրոնական ավանդության բոլոր եղբայրներն ու քույրերը կանչված են մասնակից լինել այս համատեղ ջանքերին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Ձեզանից հազարավոր տարիներ առաջ Աբրահամը սկսեց իր ուղևորությունը: «Այսօր մենք պետք է շարունակենք այն նույն ոգով՝ միասին կերտելով խաղաղության ճանապարհը»։
Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը Ամենակարող Աստծուց հայցեց խաղաղություն և օրհնություն Իրաքի բնակիչների վրա, ինչպես նաև խնդրեց նրանց նմանվել Աբրահամին. քայլել հույսով և երբեք չդադարել նայել Աստծո խոստումների աստղերին: