• Հիսուսը մեզ համար բացահայտեց Սուրբ Երրորդության սիրո խորհուրդը

    Հիսուս մեր առջև բացեց մտերմությամբ, կարեկցանքով և քնքշությամբ լի Աստծո սիրտը


    Մարտի 3-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը անցկացրեց հերթական ընդհանուր ուկնդրությունը, որը կարճ ժամանակով ընդհատվել էր՝ հոգևոր վարժությունների հետ կապված: Սրբազան Քահանայապետը խորհրդածեց «Աղոթքի և Սուրբ Երրորդության» մասին:

     

    Հիսուս Քրիստոսի շնորհիվ աղոթքը մեզ բացահայտում է Սուրբ Երրորդությունը՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, մեր առջև բացում է «Աստծո անծայրածիր Սիրո ծովը»: Հենց Հիսուս հնարավոր դարձրեց մեր հարաբերությունները Աստծու Եռամիասնության (Սուրբ Երրորդության) հետ, որի մասին խոսում է Հովհաննես առաքյալն իր Ավետարանի Նախաբանի վերջում. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն Միածին Որդուց, որ Հոր ծոցում է. Նա հայտնեց Նրան» (Հվհ. 1,18):

     

    Ոչ բոլոր աղոթքներն են նույնը, – շարունակեց Նորին Սրբությունը, և ոչ բոլորն են տեղին: Աստվածաշունչն ինքնին բերում է անհաջող, Աստծո կողմից մերժված աղոթքների օրինակներ. «Հավանաբար, երբեմն Աստծուն դուր չի գալիս մեր աղոթքները, իսկ մենք դա չենք նկատում»: Աստված նայում է աղոթողի ձեռքերին, և, որպեսզի մաքուր լինեն, դրանք պետք չէ լվանալ, այլ պետք է խուսափել վատ արարքներ գործելուց: Սուրբ Ֆրանցիսկոսն ասում էր, որ ոչ մի մարդ արժանի չէ Աստծո անունը տալու, սակայն հենց աղոթքին արժանի չլինելու հանգամանքը ստիպեց հռոմեացի հարյուրապետին աղաչանքով դիմել Հիսուսին՝ հիվանդ ծառայի բուժման համար (տես՝ Մտթ. 8.5-13):

     

    «Նա իրեն լիովին անարժան էր զգում. նա հրեա չէր, ծառայում էր որպես սպա՝ ատելի զավթիչների բանակում: Սակայն ծառայի համար անհանգստությունը ստիպում է նրան խիզախել, և նա ասում է. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես. այլ խոսքով ասա, և իմ ծառան կբժշկվի»: Մենք բոլորս կրկնում ենք այս խոսքերը յուրաքանչյուր Պատարագի ժամանակ: Աստծո հետ զրույցը շնորհ է. մենք դրան արժանի չենք, մենք ոչ մի իրավունք չունենք «վրան խփելու», մենք կաղում ենք՝ ամեն մի միտք ու բառ արտաբերելիս… Սակայն Հիսուսն Աստծո հետ երկխոսության դուռն է»:

     

    Ինչու՞ է Աստված սիրում մարդուն: Գոյություն չունեն ակնհայտ և համապատասխան պատճառներ, շարունակեց Սրբազան Քահանայապետը, և պատահական չէ, որ դիցաբանությունների մեծ մասը չգիտի նման դեպքեր, երբ որոշակի աստվածություն մտահոգված է եղել մարդկային ճակատագրով: Ընդհակառակը, մարդիկ խանգարում են աստվածներին և ձանձրացնում նրանց: Սակայն Աստվածաշնչում մենք գտնում ենք մեծ հայտնություն. «Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստվածն իր մոտ, իր մեջ է, ինչպիսին մեր բոլորի Տեր Աստվածն է»: Որոշ մտածողներ պնդում են, որ Աստված կարող է մտածել միայն Իր մասին, և մենք՝ մարդիկս «կրոնական պարտականություն» ենք զգում ավելացնել զոհողություններն ու բարեպաշտ գործելակերպը՝ լուռ և անտարբեր Աստծո գութը շարժելու համար: Այս դեպքում ոչ մի երկխոսություն  չկա, և միայն Աստվածաշնչում ենք բացահայտում Աստծուն, Ով երկխոսում է մարդկանց հետ, Աստծուն, Ով սիրում է մարդուն: Մենք երբեք չէինք համարձակվի նման բան երևակայել, եթե չճանաչեինք Հիսուսին: Ցնցող պատմություններ՝ ողորմած հայրիկի, կորած ոչխարի մասին. մենք երբեք չէինք մտածի այդ մասին, չէինք կարողանա հասկանալ նրանց, եթե չհանդիպեինք Հիսուսին. «Աստվածներից ո՞վ է պատրաստ մահանալ մարդկանց համար»:

     

    Հիսուս մեր առջև բացեց մտերմությամբ, կարեկցանքով և քնքշությամբ լի Աստծո սիրտը: Այս կերպ Նա արտահայտում է Իր հայրությունը բոլորիս հանդեպ: Մենք կարող ենք միայն մեծ դժվարությամբ պատկերացնել այն սերը, որը գոյություն ունի Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև, և արևելյան սրբապատկերները փոքր-ինչ բացում են վարագույրն այս գաղտնիքի, որից սկիզբ է առնում տիեզերքը:

     

    «Հիրավի, մենք չէինք կարող պատկերացնել ավելի բարձր կոչում, -ավարտին ասաց Նորին Սրբությունը: – Հիսուս-Աստծո մարդկայնությունը մեզ հասանելի դարձրեց Սուրբ Երրորդության կյանքը, լայնորեն բացեց Հոր, Որդու և Սուրբ Հոգու սիրո Խորհրդի դուռը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց