• Քրիստոսի լույսը լապտեր է՝ այս աշխարհի խավարում

    «Տերը հարություն է առել, որ Նա թույլ չի տալիս, որ խավարը վերջին խոսքն ասի»


    Քրիստոնյայի առաքելությունն է միշտ ամենուր վառ պահել Քրիստոսի լույսը՝ բերելով սեր և հույս, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ 2021թ. փետրվարի 28-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ:

     

    Մեկնաբանելով Հիսուսի Պայծառակերպությունը մի բարձր լեռան վրա Իր երեք աշակերտների առջև (տես՝ Մրկ. 9,2-10), Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այս իրադարձությունից որոշ ժամանակ առաջ Հիսուս հայտնեց, որ Երուսաղեմում Ինքը պետք է շատ տառապի, մերժվի և դատապարտվի մահվան: «Կարելի է պատկերացնել, թե ի՛նչ էր այդ ժամանակ տեղի ունենում Նրա հարազատների և աշակերտների սրտերում», – ասաց Սրբազան Քահանայապետը, քանի որ խամրում է ուժեղ ու հաղթական Մեսիայի կերպարը, աշակերտների երազանքները փշրվում են, նրանց համակում է թախիծն այն մտքից, որ Ուսուցիչը, Ում իրենք հավատացել են, պետք է սպանվի, ինչպես ամենավատ չարագործը: Եվ հենց այդ ժամանակ Հիսուս կանչում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու հանում մի  բարձր լեռան վրա:

     

    «Աստվածաշնչում ասվում է.

    «Նա առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրա (տես՝ Մրկ. 9,2): Աստվածաշնչում լեռը միշտ ունի առանձնահատուկ նշանակություն. այն բարձունք է, որտեղ հպվում են երկինքն ու երկիրը, որտեղ Մովսեսը և մարգարեները Աստծուն հանդիպելու բացառիկ փորձառություն ունեցան: Բարձրանալով լեռը՝ մենք ավելի ենք մոտենում Աստծուն: Լեռան վրա Հիսուս պայծառակերպվում է նրանց առաջ: Նրա պայծառ դեմքն ու փայլող զգեստները, որոնք կանխատեսում են հարուցյալի կերպարը, այդ վախեցած մարդկանց տալիս են լույս, հույսի լույսը, որպեսզի հատեն խավարը. մահը չի լինելու ամեն ինչի վերջը, քանի որ այն կհանգեցնի հարության փառքին: Այսպիսով, Հիսուս հայտարարում է Իր մահվան մասին, հանում է նրանց լեռը և ցույց տալիս, թե ինչ է տեղի ունենալու հետո՝ Հարությունը»:

     

    Ինչպես Պետրոս առաքյալը բացականչեց (տես՝ Մրկ. 9,4), լավ է Տիրոջ հետ մնալ լեռան վրա, ապրել, զգալ այդ «սպասումի» լույսը՝ Քառասնորդացի այս շրջանում, ասաց Նորին Սրբությունը. «Սա կոչ է մեզ բոլորիս, հատկապես, երբ մենք դժվարին փորձություններ ենք ունենում, և ձեզանից շատերը գիտեն, թե ինչ է նշանակում հիշել, որ Տերը հարություն է առել, որ Նա թույլ չի տալիս, որ խավարը վերջին խոսքն ասի»:

     

    Երբեմն մենք ստիպված ենք լինում զգալ, ապրել դժվարին պահեր՝ մեր անձնական, ընտանեկան կամ հասարակական կյանքում, և վախենում ենք, թե ելք չկա, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Մենք վախենում ենք մեծ առեղծվածներից, ինչպիսիք են հիվանդությունները, անմեղների տառապանքը կամ մահվան խորհուրդը: Հավատքի այս ճանապարհին մենք հաճախ ենք սայթաքում՝ հանդիպելով Խաչի գայթակղությանը և Ավետարանի պահանջներին, որը կոչ է անում կյանքդ նվիրել ծառայությանը և այն կորցնել սիրո մեջ՝ այն պաշտպանելու և ինքդ քեզ համար պահելու փոխարեն: Հետևաբար, մենք այլ հայեցակետի կարիք ունենք, որը լույսն է: Լույս, որը խորապես կլուսավորի կյանքի խորհուրդը և կօգնի դուրս գալ այս աշխարհի մեր սխեմաներից և չափանիշներից: Մենք նույնպես պետք է բարձրանանք լեռը, որպեսզի մտահայենք Հարուցյալի գեղեցկությունը, Ով լուսավորում է մեր ամբողջ կյանքը և օգնում է գնահատել պատմական իրադարձությունները՝ հիմք ընդունելով Իր զատկական հաղթանակը»:

     

    Սակայն լինե՛նք ուշադիր, զգուշացրեց Նորին Սրբությունը, որպեսզի Պետրոսի այդ բացականչությունը. «լավ է, որ մենք այստեղ ենք», չվերածենք հոգևոր ծուլության.

     

    «Մենք չենք կարող մնալ լեռան վրա և բոլորից հեռու հիանալ այս հանդիպման երանությամբ: Հենց Հիսու՛սն է մեզ վերադարձնում հովիտը՝ մեր եղբայրների ու քույրերի մոտ և մեր առօրյա կյանք: Մենք պետք է զգուշանանք հոգևոր ծուլությունից, չբավարարվենք միայն աղոթքներով և պատարագներով, քանզի միայն այդքանը բավական չէ: Լեռ բարձրանալ՝ չի նշանակում մոռանալ իրականությունը, իսկ աղոթքը կյանքի դժվարություններից փախչելու միջոց չէ, հավատքի լույսը չպետք է ծառայի գեղեցիկ հոգևոր հույզերին: Սա չէ՛ Հիսուսի ուղերձը: Մենք կանչված ենք Նրա հետ հանդիպելու, որպեսզի Նրա լույսով լուսավորված կարողանանք այն տանել և լուսավորել ամենուր՝ վառելով լույսեր մարդկանց սրտերում, լինել Աստվածաշնչի փոքրիկ լապտերներ՝ բերելով սեր և հույս. սա է քրիստոնյայի առաքելությունը»:

     

    Խնդրե՛նք Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի օգնի մեզ հիացմունքով ընդունել Քրիստոսի լույսը, պահել այն և կիսվել ուրիշների հետ, կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց