• Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնին նվիրված Սուրբ Պատարագ և համամիութենական աղոթք` Վատիկանում

    «Արևելքից մի այլ աստղ է փայլում Տիեզերական Եկեղեցու երկնակամարում»


    Այսուհետ փետրվարի 27-ը խորհրդանշական օր դարձավ ոչ միայն հայ ազգի զավակների, այլ նաև համայն կաթողիկէ աշխարհի համար։ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի տնօրինությամբ 2015թ․ հիշատակվեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնը, որը փետրվարի 2-ին հրապարակված Քահանայապետական հրամանագրով ներառվեց Արևմտյան Լատին Եկեղեցու ծիսական տոնացույցի մեջ։

     

    Փետրվարի 27-ը Սուրբ Գրիգոր Նարեկացու օր

     

    2021թ․ փետրվարի 27-ին՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնի օրը, առաջին հիշատակության առիթով՝ հովանավորությամբ Արևելյան Եկեղեցիների Ժողովի ու Քրիստոնյաների միության խթանման Քահանայապետական խորհրդի և համագործակցությամբ Սուրբ Աթոռի մոտ ՀՀ դեսպանության, Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում, առավոտյան ժամը  10։30-ին, մատուցվեց Սուրբ Պատարագ՝ նախագահությամբ  Արևելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ՝ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի, և առնըթերակայությամբ  Քրիստոնյաների միության խթանման Քահանայապետական խորհրդի քարտուղար՝ գերապայծառ Պրայն Ֆարրելիի և Ստամբուլի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ ու Վենետիկի Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ Արհ. Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանի։

     

    Պատարագ Սուրբ Պետրոսի տաճարում

     

    Սուրբ Զոհին ներկա էին շատ փոքր թվով մասնակիցներ՝ համավարակի ստեղծած իրավիճակի ու նրա կանխարգելման ուղղությամբ որդեգրված կանոնների պատճառով։ Ներկաների թվում էին Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանի մեծավոր Գերհ. Հայր Նարեկ Վրդ Նամոյանը, Գերհ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Գերպ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արևմտյան Եվրոպայի առաքելական պատվիրակ՝ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը ու առաքելական եկեղեցու անդամ այլ կղերականներ, Լևոնյան Քահանայապետական վարժարանի ժառանգավորները, որոնք ապահովեցին նաև Սրբազան Արարողության երգեցողությունը, Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության մեծավոր Մայր Արուսյակ Սաճ՝ոնյանն իր միաբանակից քույրերի հետ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիկին Ծովինար Համբարձումյանը և Սուրբ Աթոռի մոտ ՀՀ դեսպան Պարոն Կարեն Նազարյանն ու երկու դեսպանությունների անձնակազմի անդամները, ինչպես նաև հայ և օտար մի քանի հյուր լրագրողներ։

     

    Քարոզը Արևելքից մի այլ աստղ է փայլում Տիեզերական Եկեղեցու երկնակամարում

     

    Կարդինալ Սանդրին Սուրբ Պատարագի ընթացքում արտասանած իր քարոզի մեջ հատուկ ընդգծեց օրվա տոնի նշանակությունը։

     

    «2015թ․ ապրիլի 12-ին՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից նախագահված պատմական արարողությունից գրեթէ վեց տարի անց, Վատիկանյան տաճարն այսօր դարձյալ լսում է հայկական ավանդության թանկարժեք շարականները, որոնք հնչում են նրա կամարների մեջ», – ասաց Կարդինալ Սանտրին ու հիշեց  նաև 2001թ-ին Սուրբ Պետրոսի տաճարում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հսկայական արձանը՝ հայ ազգի քրիստոնեացման 1700 ամյակի առիթով, հաստատելով, որ  «Այժմ Արևելքից մի այլ աստղ է փայլում Տիեզերական Եկեղեցու երկնակամարում. դա Սուրբ Գրիգոր Նարեկացին է»։

     

    Արևելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչը ակնարկեց նաև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ 2016թ-ին Հայաստան կատարած առաքելական ճամփորդության և վերջերս Կովկասում խաղաղությանն ու հաշտությանն ուղղած կոչերը և ներկաներին խնդրեց, որ աղոթեն Նորին Սրբության համար՝ նրա Իրաք կատարելիք ճամփորդութեան նախօրյակին։

     

    Ապա հավելեց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին այսօր մեզ հարցնում է․ ուզու՞մ ենք լինել միայն անունով քրիստոնյաներ՝ հինավուրց ավանդությամբ, թե՞ ցանկանում ենք աշակերտել Քրիստոսին, ինչպես արեց Ինքը՝ Նարեկացին, դառնալով իմաստության վարդապետության ուսուցիչ։

     

    Սուրբ Գրիգոր Նարեկացին իր վկայությամբ՝ որպես վարդապետ, մեզ սովորեցնում է, որ իսկական իմաստությունը կայանում  է աշակերտ մնալու մեջ, գիտենալով պատմության յուրաքանչյուր իրադրությունը՝ ապրել Հիսուսի հետ ու Նրա համար», ասաց Կարդինալ Սանդրին իր ճառի ավարտին և հայցեց Ամենասուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը «Հայաստանի համար այս տագնապահար օրերին», ասաց Արևելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչն ու քարոզը եզրափակեց Նարեկացու Տիրամորը նվիրված աղերսական աղոթքով։

     

    Համամիութենական աղոթքը

     

    Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ավարտին ներկաներին միացավ նաև հռոմաբնակ հայորդիների մի  փոքր խումբ, ապա բոլորը միասնաբար ուղղվեցին դեպի Վատիկանի պարտեզներում 2018թ-ին տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որտեղ տեղի ունեցավ համամիութենական աղոթք՝ նախագահությամբ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արևմտյան Եվրոպայի առաքելական պատվիրակ Գերաշ. Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ու ներկայությամբ Քրիստոնյաների միության խթանման Քահանայապետական խորհրդի նախագահ Կարդինալ Քիրդ Քոխի։

     

    Թարգմանչաց շարականը, Նարեկացու աղոթքը,  վասն միության սուրբ գրային ընթերցումները

     

    Աղոթքը սկսվեց Թարգմանչաց շարականով, որին հաջորդեց ընթերցում՝ քաղված Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղած նամակի 12 գլխից (4-11 համարներ), որտեղ առաքյալը հաստատում է «Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է։ Պաշտոնների տեսակներ կան, սակայն Տերը նույնն է։ Գործերի տեսակներ կան, սակայն նույն Աստվածն է, որ գործում է ամեն բան, ամենքի մեջ»։ Ընթերցվեց նաև Ավետարանական հատված Սուրբ Հովհաննես Ավետարանիչից (Հովհ․ 15, 9-17), որտեղ Հիսուս հորդորում է մնալ իր սիրո մեջ՝ պահելով Հոր պատվիրանները և «սիրել իրար, ինչպես Ինքը սիրեց մեզ»։

     

     

     

    Այնուհետև արտասանեցին՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու Բան 53 աղոթքը՝ «Մատյան»-ից.

     

     

    Հուրն ցօղ իմն է զովական, եւ անձրեւն` բոց կիզանողական։

    Զքարն բաւես ցուցանել կերպարան ազդման,

    Եւ զբանականն դնես անխօս եւ անշունչ արձան,

    Զպարտաւորն ողոքեալ պատուական առնես,

    Եւ զկարծեցեալն մաքուր` իրաւամբք քննեալ դատիս,

    Զմատուցեալն ի մահ` բերկրութեամբ բարեաց արձակես,

    Եւ զամաչեցեալն` զուարթ տեսութեամբ օծեալ դարձուցանես,

    Կանգնես զմատնեալն խաղբից գլորման

    Եւ զսասանեալն` ի վստահութիւն վիմին հաստատես,

    Զախտացեալն բազմահառաչ` երջանիկ կարգես,

    Եւ զյառաջատեալն դարձեալ անդրէն յետս նահանջես։

     

    Մաղթանքի և աղերսանքի աղոթքներից հետո Գերշ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանն ընթերցեց Սուրբ Գրիգոր Նարեկացու բարեխոսությունը հայցող աղոթքը, ապա երգեցին Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված շարականն ու արտասանեցին «Հայր մեր» աղոթքը, որից հետո Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը և Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը միասնաբար օրհնեցին ներկաներին։

     

    Աղբյուրը՝ Վատիկան նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց