• Մեծ Պահքը «վերադարձի ճանապարհն» է դեպի Աստված՝ մեր Հայրը

    «Նրա վերքերը բաց են մեզ համար, և հենց այդ վերքերով էլ մենք բուժվեցինք: Համբուրելով այդ վերքերը՝ կհասկանանք, որ հենց այդտեղ՝ կյանքի ամենացավոտ վերքերի մեջ, Աստված սպասում է մեզ Իր անհուն ողորմությամբ»


    Ո՞ր ուղղությամբ է մեզ դեպի Աստված կամ սեփական «ես» տանում մեր կյանքի նավարկիչը: Արդյո՞ք մենք ապրում ենք Տիրոջը գոհացնելու կամ այն բանի համար, որպեսզի մեզ նկատեն ու գովաբանեն: Ինչպիսի՞ն է մեր սիրտը: Արդյո՞ք այն տատանվում է Աստծո և աշխարհի հանդեպ ունեցած սիրո միջև, թե ամուր բռնված է Տիրոջից: Արդյո՞ք նախընտրում ենք հարմարավետ երեսպաշտությունը, թե պայքարում ենք՝ փորձելով սիրտն ազատել այն կաշկանդող կեղծիքից: Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը փետրվարի 17-ին՝ Մոխրոց չորեքշաբթիի Պատարագի ժամանակ, որը տեղի ունեցավ Սուրբ Պետրոսի տաճարում, կոչ արեց մտածել այս հարցերի շուրջ:

     

    Քառասնորդացի ճանապարհը սկսվում է Հովել մարգարեի խոսքերով, որոնք ցույց են տալիս ուղղությունը. «Դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով» (Հովել 2,12):

     

    «Այս կոչն Աստծո սրտից է, Ով աղաչում է մեզ՝ գրկաբաց, կարոտով լի աչքերով»:

     

    Մեծ Պահքը «վերադարձի ճանապարհն» է դեպի Աստված: Որքա՜ն հաճախ ենք մենք, զբաղված լինելով այլ գործերով, ասում Նրան. «Տե՛ր, ես կգամ քեզ մոտ, բայց հետո, սպասիր … Այսօր չեմ կարող, բայց վաղը կսկսեմ աղոթել և ինչ-որ բան անել ուրիշների համար»: Այսպես ամեն օր և մենք միշտ ունենք արդարացումներ, արձանագրեց Նորին Սրբությունը: Սակայն պահը, երբ պետք է վերադառնալ Աստծուն, հենց «այսօր է»:

     

    «Դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով»,- ասում է Տերը: Մեծ Պահքն ամբողջությամբ ներգրավում է մեզ, մեր ամբողջ կյանքը: Մեծ Պահքը կամավոր զրկանքների հավաքածու չէ, այլ այն ուղղության ճանաչման գործընթացն է, դեպի ուր շարժվում է մեր սիրտը:

     

    Մեծ Պահքը ճանապարհ է, որը ստրկությունից տանում է դեպի ազատություն՝ նման այն ճանապարհին, որով իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից: Եգիպտոսից հեռանալը հեշտ չէ, քանզի միշտ կա եգիպտական ​​սոխը սգալու (տես՝ Թվ. 11,5) և անցյալի հիշողություններից բռնվելու գայթակղությունը. «Դեպի Աստված վերադարձի ճանապարհին՝ մենք ունենում ենք խոչընդոտներ մեր անառողջ սովորությունների պատճառով, մեզ խանգարում են արատների գայթակղիչ ծուղակները, փողի խաբուսիկ հուսալիությունն ու արտաքին փայլը, զոհի դերում հանդես գալը: Առաջ գնալու համար անհրաժեշտ է ազատվել այս երևակայական դիմակից»:

     

    Քառասնորդացը «վերադարձի ճանապարհն» է դեպի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին:

     

    Նայելով անառակ որդուն՝ մենք հասկանում ենք, որ եկել է դեպի Հայրը վերադառնալու ժամանակը: Մենք բոլորս «փոքրիկ երեխաներ ենք, ովքեր փորձում են քայլել, սակայն վայր են ընկնում, որոնց ամեն անգամ պետք է վեր բարձրացնի հայրը: Հոր ներու՛մն է բարձրացնում մեզ. Հոր ներումը, Խոստովանանքը մեր վերադարձի ճանապարհի առաջին քայլերն են»: Սրբազան Քահանայապետը հորդորով դիմեց խոստովանահայրերին.

     

    «Եղե՛ք հայրեր ոչ թե մտրակներով, այլ՝ գրկախառնություններով»:

     

    Մենք պետք է վերադառնանք դեպի Հիսուսը, վարվենք բորոտի նման, ով փրկվեց, քանի որ նա վերադարձավ դեպի Հիսուսը (տես՝ Ղկ. 17,12-19): Մենք Հիսուսի բուժման կարիքն ունենք, մենք Նրան պետք է ցույց տանք մեր վերքերն ու ասենք.

     

    «Հիսու՛ս, ես իմ ողորմելիությամբ և մեղքերով հանդերձ կանգնած եմ Քո առաջ: Դու բժիշկ ես, Դու կարող ես ինձ ազատել: Բուժի՛ր սիրտս ու բորոտությունս»:

     

    Մենք կանչված ենք դեպի Սուրբ Հոգին վերադառնալու համար.

     

    «Մեր գլխի մոխիրը հիշեցնում է մեզ, որ մենք փոշի ենք և փոշի էլ դառնալու ենք: Սակայն մեր այդ մոխրի մեջ Աստված դրեց Իր Կյանքի Ոգին: Հետևաբար մենք չենք կարող ապրել մոխրին հետապնդելով, հետևելով այն բանին, ինչն այսօր կա, սակայն վաղը կանհետանա: Եկե՛ք վերադառնանք Սուրբ Հոգուն՝ կյանք Պարգևողին, վերադառնանք մեզ մոխիրներից հարություն տվող և սիրել սովորեցնող Կրակին»:

     

    Դեպի Աստված «վերադարձի ճանապարհը» հնարավոր է միայն այն բանի շնորհիվ, որ Աստված գալիս է դեպի մեզ: Նա մեզ ընդառաջ է գալիս: «Հաշտվե՛ք Աստծո հետ», – հորդորում է Պողոս առաքյալը: Ոչ ոք չի կարող հաշտվել Աստծո հետ իր սեփական ուժերով.

    «Սրտի փոխակերպումը՝ այն արտահայտող արարքների միջոցով, հնարավոր է միայն Աստվածային գործի առաջնության շնորհիվ»:

     

    Մեզ փրկում է շնորհը, անհատույց պարգևը: Մենք կարող ենք միայն խոստովանել, որ Աստծո, ողորմության և շնորհի կարիք ունենք: Նորին Սրբությունը խորհելու կոչ արեց. արդյո՞ք մենք շնորհի կարիք ունենք:

     

    «Այսօր մենք խոնարհում ենք մեր գլուխը՝ մոխիրն ընդունելու համար: Մենք էլ ավելի կխոնարհվենք Քառասնորդացի ավարտին՝ մեր եղբայրների ոտքերը լվանալու համար: Քառասնորդացը խոնարհ վայրէջք է՝ ինքներս մեր մեջ և դեպի մեր եղբայրները»:

     

    Այդ ճանապարհին մենք պետք է ամեն օր նայենք Քրիստոսի Խաչին: Քրիստոսի վերքերի մեջ մենք կտեսնենք մեր դատարկությունը, մեր թերությունները, մեր մեղքերը, հարվածները, որոնք մեզ ցավ են պատճառել: Բայց հենց դրանցով ենք համոզվում, որ Նա մեզ չի մեղադրում, այլ՝ գրկաբաց ընդունում է:

     

    «Նրա վերքերը բաց են մեզ համար, և հենց այդ վերքերով էլ մենք բուժվեցինք: Համբուրելով այդ վերքերը՝ կհասկանանք, որ հենց այդտեղ՝ կյանքի ամենացավոտ վերքերի մեջ, Աստված սպասում է մեզ Իր անհուն ողորմությամբ: Չէ՞ որ Նա մեզ ընդառաջ դուրս եկավ հենց այնտեղ, որտեղ մենք առավել խոցելի ենք և ամենից շատ ենք ամաչում: Եվ հիմա՝ ընդառաջ գալով մեզ, Նա խնդրում է վերադառնալ Իր մոտ և նորից վերագտնել սիրված լինելու ուրախությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց