• «Փոքրիկ Իշխան» կենտրոնի յոթ սաներ ընդունեցին Սուրբ Մկրտության խորհուրդը

    «Եթե մեկը ջրից և հոգուց չծնվի, չի կարող Աստծո Արքայությունը մտնել», Հվհ. 3, 5


    Հայկական Կարիտասի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոններում հայ կաթողիկէ հոգևորականները աշխատակիցների և կամավորականների հետ միասին մշտապես աշխատում են՝ սաներին քրիստոնեական ոգով դաստիարակելու, հոգևոր և բարոյական նկարագիրը զարգացնելու ուղղությամբ: Գյումրիի կենտրոնում ամեն շաբաթ երեխաները հավաքվում են կենտրոնի մատռան մեջ, որտեղ նրանց հետ զրուցում ենք քրիստոնեության տարբեր թեմաների շուրջ, պատասխանում նրանց հուզող բազմապիսի հարցերին, միասին աղոթք են բարձրացնում առ Աստված, եկեղեցական տոների առթիվ կազմակերպում հոգևոր, մշակութային միջոցառումներ, սեմինարներ, քննարկումներ:

     

    Սաներից ոմանք տարբեր պատճառներով դեռևս մկրտված չեն: Երեխաների և ծնողների հետ մշտապես խոսում ենք մկրտության խորհրդի անհրաժեշտության և անհետաձգելիության մասին և խնդրում օր առաջ մկրտվել՝ լիովին ազատ թողնելով մկրտության եկեղեցու և մկրտող քահանայի ընտրության հարցում: Գյումրիի կենտրոնի սաներից 7-ը ինձ հետ զրույցից հետո ցանկություն հայտնեցին մկրտվել, և փետրվարի 9-ին՝ Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ տաճարում տեղի ունեցավ 7 սաների մկրտության բերկրալից խորհրդակատարությունը: Մկրտությանը ներկա էին երեխաների ծնողները՝ կնքահայրերի հետ միասին: Սաներից երեքի կնքամայրը եղավ կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսյանը, ինչը խորհրդանշական էր երեխաների համար. սոցիալական և կրթական հմտությունների ոլորտում աջակցող ավագ ընկերը և կազմակերպիչն ընկերանում է նաև հոգևոր զարգացման և առաջնորդության ճանապարհին: Մկրտող քահանան խորհրդակատարության ժամանակ բացատրեց, որ մկրտության և դրոշմի խորհուրդների միջոցով երեխան վերածնվում է՝ ազատվելով ադամական և գործած մեղքերից և դառնալով նոր մարդկային արարած՝ մաքուր անոթ՝ պատրաստ իր մեջ կրելու Աստծո շնորհը և նմանվելու Տեր Հիսուս Քրիստոսին, հետևաբար մկրտության օրը մեծ տոն է, նույնիսկ ավելի ուրախալից՝ քան մարդու ծննդյան օրը: Նոր մկրտյալ սաների համար օրը տոնական դարձավ կենտրոնում պատրաստված հյուրասիրության սեղանով և կարկանդակներով: Երեխաները ընկերների հետ ուրախացան և տոնեցին իրենց մուտքը՝ քրիստոնեական կյանք: Սա նաև հույսի և ուրախության վերածնունդ էր կենտրոնում՝ 2020-ի տարեվերջյան հետպատերազմյան տխուր իրավիճակից հետո:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Հոգևոր խորհրդատու՝ Հայկական Կարիտասի անձնակազմի և շահառուների համար

     

     

Օրացույց

Օրացույց