• Աղոթքը վերափոխում է ամենադժվարին հոգեվիճակները. Քահանայապետի ուսուցումներն աղոթքի մասին

    «Քրիստոնեական աղոթքը անհաղթահարելի հույս է տալիս մարդու սրտին. ինչ էլ որ պատահի մեր ճանապարհին, Աստծո սերը կարող է այն վերափոխել բարու»


    Քրիստոնեական աղոթքը միշտ արմատավորված է Պատարագի մեջ, որն, անշուշտ, «կվերադառնա» մեր առօրյա կյանք և երկխոսությունը Աստծո հետ շարունակվում է ամենուր՝ փողոցում, տրանսպորտում, գրասենյակում: Փետրվարի 10-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց ամենօրյա աղոթքի մասին: Նա, ով աղոթում է, ընդգծեց Նորին Սրբությունը, նման է մի սիրահարի, ով սրտում միշտ կրում է իր սիրելիին, որտեղ էլ որ նա գտնվելիս լինի:

     

    Աղոթքը զրույց է Աստծո հետ, որը ներառում է բացարձակապես ամեն ինչ. ամեն մի ուրախություն դառնում է փառաբանության առիթ, ամեն մի փորձություն դառնում է օգնություն խնդրելու պատճառ: Նույնիսկ, երբ մենք լուռ ենք, մեր սիրտն է խոսում, և ցանկացած մարդկային միտք, որքան էլ որ այն «աշխարհիկ» թվա, կարող է համակված լինել աղոթքով: Մարդկային ողջամտությունը ևս օժտված է աղոթական հարթությամբ, քանի որ այն պատուհան է բացում դեպի աշխարհ:

     

    «Քրիստոնեական աղոթքը անհաղթահարելի հույս է տալիս մարդու սրտին. ինչ էլ որ պատահի մեր ճանապարհին, Աստծո սերը կարող է այն վերափոխել բարու»:

     

    Կաթողիկէ Եկեղեցու ուսմունքն այս առումով տալիս է հետևյալ պարզաբանումը. «Մենք սովորում ենք աղոթել որոշակի պահերին՝ լսելով Տիրոջ ձայնը և մասնակցելով Նրա զատկական Խորհրդին, սակայն բոլոր ժամանակներում, յուրաքանչյուր օրվա իրադարձություններում, Նրա Հոգին տրվում է մեզ, որպեսզի աղոթք ծնվի: Հորն աղոթելու մասին Հիսուսի ուսմունքը պատկանում է նույն այն կատեգորիային, ինչին պատկանում է Նախախնամության մասին ուսմունքը. ժամանակը Հոր ձեռքերում է. մենք ներկա պահին ենք հանդիպում Նրա հետ. ոչ երեկ, ոչ վաղը, այլ՝ այսօր» (2659): Չկա առավել հիանալի օր, քան այսօրը, և նրանք, ովքեր միշտ ապրում են վաղվա օրով, գտնվում են երևակայական աշխարհում և չեն կարողանում ընդունել իրականությունը: Աղոթքը կատարվում է հենց այսօր, Հիսուս մեզ ընդառաջ է գալիս հենց այսօր, որը մենք ապրում ենք հիմա և աղոթքը վերափոխում է այդ այսօրը՝ շնորհի: Աղոթքը վերափոխում է նաև  մեզ՝ հանդարտեցնելով զայրույթը, զորացնելով սերը, առատացնելով ուրախությունը և օժտելով ներելու կարողությամբ: Երբ մեզ հաղթահարում են տխուր մտքերը, պետք է դիմել Տիրոջը. «Որտե՞ղ ես Տեր: Եվ ու՞ր եմ գնում ես»: Տերը միշտ այստեղ է, անշուշտ, Նա ցույց կտա ճանապարհը, որպեսզի մենք շարունակենք առաջ գնալ առանց դառնության և բացասական զգացումի, քանի որ աղոթքը միշտ դրական է.

     

    «Եթե մենք սկսվող օրը դիմավորում ենք աղոթքով, ապա մեզ ուղեկցում է քաջությունը, և խնդիրները դադարում են խոչընդոտ հանդիսանալ՝ մեր երջանկության համար, սակայն դառնում են կանչեր՝ Աստծո կողմից, Նրա հետ հանդիպման պատճառ: Իսկ նա, ում ուղեկցում է Տերը, իրեն զգում է անվախ, ազատ ու երջանիկ»:

     

    «Եկե՛ք միշտ աղոթենք ամեն ինչի և բոլորի համար, այդ թվում նաև՝ թշնամիների համար, – ասաց Սրբազան Քահանայապետը: – Եկե՛ք աղոթենք մեր հարազատների համար, ինչպես նաև նրանց համար, ում չենք ճանաչում»: Ամենից առաջ պետք է աղոթել դժբախտ մարդկանց համար, ովքեր լաց են լինում միայնությունից: Աղոթքը հրաշքներ է գործում և շնորհիվ աղոթքի նույնիսկ աղքատներն իրենց անկայուն վիճակում զգում են Աստծո կարեկցանքը:

     

    «Աղոթքն օգնում է սիրել բոլորին՝ անտեսելով նրանց մեղքերը: Մարդը միշտ ավելի կարևոր է, քան իր արարքները, և Հիսուս չէր դատում աշխարհը, Նա փրկեց այն: Նրանք, ովքեր անդադար քննադատում են ուրիշներին, գտնվում են վատ, դժբախտ ճանապարհի վրա: Հիսուս եկավ մեզ փրկելու համար. դե ուրեմն բա՛ց արա սիրտդ, ների՛ր, գտի՛ր արդարացում ուրիշին, հասկացի՛ր նրան և ինքդ մո՛տ եղիր մարդկանց, ցուցաբերի՛ր կարեկցանք և քնքշություն, ինչպես Հիսուսը: Բոլորին պետք է բարին ցանկանալ, և աղոթելիս հիշել, որ մենք բոլորս մեղավոր ենք և միևնույն ժամանակ մեզանից յուրաքանչյուրը Աստծո սիրելին է»:

     

    Նորին Սրբությունը կրկին մեջբերում արեց Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքից. «Ամեն օրվա և յուրաքանչյուր պահի իրադարձություններում աղոթքը հանդիսանում է Թագավորության Խորհուրդներից մեկը, որը հայտնի է «մանուկներին», Քրիստոսի ծառաներին, Երանիների պատվիրանների «աղքատներին»: Արդար և բարի աղոթք անել, որպեսզի արդարության ու խաղաղության Թագավորության գալուստը ազդի պատմության ընթացքի վրա, սակայն շատ կարևոր է նաև աղոթքով «հունցել առօրյա հասարակ իրադարձությունների խմորը»: Աղոթքի բոլոր ձևերը կարող են դառնալ այն «թթխմորը», որին Տերը նմանեցնում է Աստծո Արքայությունը» (2660):

     

    Մարդը նման է սյուքի կամ խոտի ցողունի, և, ինչպես գրել է Պասկալը, «այն ջախջախելու համար պետք չէ զինվել ամբողջ տիեզերքով: Նրան ոչնչացնելու համար բավական է մի կաթիլ ջրի գոլորշիացումը»: «Մենք փխրուն արարածներ ենք, սակայն աղոթել գիտենք. Սա՛ է մեր ամենամեծ արժանապատվությունը և ուժը»,- խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց