Գրիգոր Նարեկացին Կաթողիկէ Եկեղեցու Տիեզերական Ուսուցիչ հռչակվեց 2015թ. մարտի 12-ին
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կարգադրությամբ հրապարակվել են երկու հրամանագրեր, որոնք որոշակի փոփոխություններ են մտցնում Հռոմեական ծիսական օրացույցում:
Առաջին հրամանագիրը հունվարի 25-ին ստորագրել է կարդինալ Ռոբերտ Սարան, որի համաձայն Հռոմեական ծիսական օրացույցում ավելացվում է Եկեղեցու Հայր և Ուսուցիչ Սուրբ Գրիգոր Նարեկացու, Եկեղեցու Ուսուցիչ և երեց Սուրբ Հովհաննես Ավիլացու, Եկեղեցու Ուսուցիչ և կույս Սուրբ Հիլդեգարդ Բինգենցու ծիսական հիշատակները:
«Սրբությունը զուգորդվում է գիտելիքի հետ, – ընդգծվում է հրամանագրում, – իսկ դա հենց Հիսուս Քրիստոսի Խորհրդի վերապրումն է, որն անքակտելիորեն կապված է Եկեղեցու Խորհրդի հետ: Սրբության և Աստվածային ու մարդկային գիտակցության այս կապը առանձնահատուկ ձևով փայլատակեց նրանց մեջ, ովքեր օժտված էին Եկեղեցու Ուսուցչի տիտղոսով: Իսկապես, այդ տղամարդկանց ու կանանց բնորոշ իմաստությունը միայն իրենց չէր վերաբերում, քանզի դառնալով Աստվածային իմաստության աշակերտներ՝ նրանք էլ իրենց հերթին դարձան իմաստության ուսուցիչներ ողջ եկեղեցական համայնքի համար: Վերոգրյալի լույսի ներքո Եկեղեցու Սուրբ Ուսոցիչները ներկա են Հռոմեական գլխավոր օրացույցում»:
Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական հիշատակը տոնվում է փետրվարի 27-ին, Սուրբ Հովհաննես Ավիլացունը՝ մայիսի 10-ին, Սուրբ Հիլդեգարդ Բինգենցունը՝ սեպտեմբերի 17-ին: Այս ամսաթվերը պետք է գրանցվեն բոլոր ծիսական օրացույցներում և ձեռնարկներում, որոնցով կատարվում են Պատարագները և Ժամերգությունները: Հետևաբար հրամանագրին կցված ծիսական տեքստերը պետք է թարգմանվեն, հավանության արժանանան և Միաբանության կողմից հաստատվելուց հետո միայն հրապարակվեն:
Հունվարի 26-ին կարդինալ Ռոբերտ Սարան ևս մեկ հրամանագիր ստորագրեց, որի համաձայն հուլիսի 29-ին Հռոմեական գլխավոր օրացույցում կավելացվեն Մարթայի, Մարիամի և Ղազարոսի ծիսական հիշատակները: Ավելի վաղ այս օրը կատարվում էր միայն Սուրբ Մարթայի ծիսական հիշատակը (որն արդեն ընդգրկված էր Հռոմեական գլխավոր օրացույցում): «Լատինական Եկեղեցու ավանդական անորոշությունը Մարիամ Մագդաղենացու անձի հստակեցման նկատմամբ, ում Քրիստոս երևաց հարություն առնելուց հետո, Մարթայի քույրերը և մեղավորները, ում Տերը ներեց, որի շնորհիվ էլ հուլիսի 29-ին Հռոմեական գլխավոր օրացույցում ընդգրկվեց միայն Մարթան, որի հետ կապված հարցերը լուծվեցին վերջին հետազոտությունների արդյունքում, ինչի մասին վկայում է ժամանակակից հռոմեական մարտիրոսագրությունը, որը այդ նույն օրը հիշում է նաև Մարիամին և Ղազարոսին: Բացի այդ, որոշ տեղական օրացույցներում քույրերի և եղբոր հիշատակը նշվում է միաժամանակ այդ նույն օրը», – պարզաբանվում է հրամանագրի տեքստում:
Գործող կանոնակարգի համաձայն, որը վերջին անգամ վերանայվել է 2008 թ-ին, սրբերը, որոնք արդեն ներառված են մասնավոր ծիսական օրացույցներում, Հռոմեական գլխավոր օրացույց կընդգրկվեն որոշակի պայմանների պահպանման դեպքում՝ Վատիկանի II ժողով հրահանգների համաձայն. «Սրբերի տոներից շատերը նշվում են առանձին Եկեղեցիներում, երկրներում կամ վանական ընտանիքներում, որպեսզի սրբերի տոները գերադասելի չդառնան այն տոների նկատմամբ, որոնք նշում են փրկության խորհուրդները: Ընդհանրական Եկեղեցին պետք է նշի այն տոները, որոնց ժամանակ հիշատակվում են սրբեր, ովքեր իսկապես ունեցել են տիեզերական նշանակություն» (SC 111):
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը