• Հիսուսի ներկայությունը բուժում է մեր ցավերը

    «Եկեղեցու առաքելության նպատակն է՝ Աստծո քնքշությունը փոխանցել տառապող մարդկությանը…»


    «Եկե՛ք չմոռանանք, որ մարդուն վերևից վար նայել կարելի է միայն մի դեպքում, երբ մենք մեկնում ենք նրան մեր ձեռքը, որպեսզի նա մեր օգնությամբ վեր բարձրանա: Միայն այդ դեպքում: Հենց այս առաքելությունն է Հիսուս վստահել Եկեղեցուն», – ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրաբազան Քահանայապետը՝ 2021թ. փետրվարի 7-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ:

     

    Սրբազան Քահանայապետը կրկին գլխավորեց Մարեմեան աղոթքը Առաքելական պալատի պատուհանից, որն ընդհատվել էր համավարակի պատճառով: Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցման հատվածը (Մրկ. 1, 29-29), որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Հիսուս բուժում Սիմոնի զոնքանչին, իսկ հետո մյուս հիվանդներին, Նորին Սրբությունն ընդգծեց, որ Սիմոնի զոքանչի ապաքինումը մարմնական հիվանդության առաջին բուժումն էր. կինը տաքության մեջ պառկած էր: Հիսուսի վերաբերմունքն ու ժեստերը նրա հանդեպ խորհրդանշական են. «Մոտենալով՝ Նա բռնեց նրա ձեռքը և նրան ոտքի կանգնեցրեց» (տես՝ Մրկ. 1, 31), գրում է Ավետարանիչը: Այդ հասարակ ու բնական արարքը լի է քնքշությամբ: «Եվ տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց»: «Հիսուսի ապաքինող զորությունը չի հանդիպում խոչընդոտների, ապաքինված մարդը սկսում է ապրել իր բնականոն կյանքով՝ անմիջապես մտածելով մյուսների մասին, այլ ոչ թե իր, իսկ դա պակաս կարևոր չէ, քանզի սա իսկական «առողջության» նշան է», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում շաբաթ օրը: Բնակիչները սպասում են մայրամուտին, իսկ հետո, երբ սահմանված հանգստյան ժամանակն ավարտվում է, նրանք դուրս են գալիս և բոլոր հիվանդներին ու դիվահարներին բերում Հիսուսի մոտ: Նա բուժում է նրանց, սակայն դևերին թույլ չի տալիս ասել, որ Ինքը Քրիստոսն է (տես՝ Մրկ 1, 32-34):

     

    «Հիսուսն ի սկզբանե ցույց տվեց Իր նախապատվությունը մարմնով և ոգով տառապող մարդկանց հանդեպ: Դա Հոր նախապատվությունն է, որը Հիսուս իրականացնում է խոսքով և գործով: Նրա աշակերտներն են եղել ականատեսները և հետո վկայել են այդ ամենի մասին: Սակայն Հիսուս չէր ցանկանում, որ նրանք լինեին միայն Իր առաքելության հանդիսատեսները: Նա նրանց ևս ներքաշեց այդ առաքելության մեջ՝ օժտելով հիվանդներին բուժելու և դևերին հանելու իշխանությամբ (տես՝ Մտթ. 10,1; Մրկ. 6,7): Այս ամենը մինչ օրս անդադար շարունակվում է Եկեղեցու կյանքում, որը շատ կարևոր է: Բազմապիսի հիվանդություններով տառապող մարդկանց խնամելը չի հանդիսանում ինչ-որ լրացուցիչ գործողություն Եկեղեցու համար, քանզի դա Եկեղեցու առաքելության բաղկացուցիչ մասն է, ինչպես Հիսուսի համար էր: Այդ առաքելության նպատակն է՝ Աստծո քնքշությունը փոխանցել տառապող մարդկությանը…»:

     

    Իրականությունը, որն այսօր ապրում է համայն աշխարհը համավարակի պատճառով, այս ուղերձը, Եկեղեցու այդ կարևորագույն առաքելությունը դարձնում է առավել արդիական, շարունակեց Նորին Սրբությունը. «Այսօրվա Պատարագում հնչած Հոբի ձայնը կրկին դառնում է մեր մարդկային էության արտահայտիչը՝ իր արժանապատվությամբ բարձրագույնը, սակայն միևնույն ժամանակ այնքան փխրուն: Ականատես լինելով այս իրականությանը՝ սրտում միշտ հարց է առաջանում “ինչու՞”»:

     

    Հիսուս՝ մարմնացյալ  Խոսքը, այս հարցին պատասխանում է ոչ թե բացատրությամբ, այլ Իր սիրառատ ներկայությամբ՝ խոնարհվելով, ձեռքը բռնելով և բարձրացնելով, ինչպես Նա վարվեց Սիմոնի զոքանչի հետ, ասաց Սրբազան Քահանայապետը: Աստծո Որդին Իր աստվածությունը դրսևորում է ոչ թե «վերևից վար», այլ՝ խոնարհվելով, ձեռքը բռնելով: Նա Իր աստվածությունը դրսևորում է մերձավորությամբ, քնքշությամբ և գթությամբ:

     

    Հաճախ Աստվածաշնչում կարդում ենք, որ Հիսուս ինչ-որ խնդիրներ ունեցող մարդկանց հանդիպելով՝ «խղճում է նրանց», – շարունակեց Նորին Սրբությունը: Հիսուսի գթությունը Աստծո մերձավորությունն է Հիսուսի միջոցով՝ դա Աստծո գործելաոճն է: Այսօրվա ավետարանական ընթերցման հատվածը հիշեցնում է նաև, որ այդ գթությունը խորապես արմատավորված է Հոր հետ սերտ հարաբերությունների մեջ. «Առավոտյան մոտ, լույսը բացվելուց առաջ, Հիսուս առանձնանում և աղոթում էր» (տես՝ Մրկ. 1,35): Աղոթելիս Նա զորություն էր ստանում՝ Իր առաքելությունը իրականացնելու համար, որպեսզի քարոզեր և բուժեր, պարզաբանեց Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության ավարտին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց