• Հիսուսի խոսքն ունի վերափոխիչ և աշխարհը մաքրող զորություն

    «Հիսուս հեղինակավոր մարգարե է, Ով գրավում է մարդկանց Իր զորությամբ, ինչպես նաև ազատագրող և խոստացված մարգարեն է, Աստծո Որդին է, Ով բուժում է մեզ: Արդյո՞ք մենք լսում ենք աստվածային իշխանությամբ օժտված Հիսուսի խոսքերը»


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2021թ. հունվարի 31-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ, կրկին հիշեցրեց այն մասին, թե որքա՛ն կարևոր է միշտ ունենալ փոքրիկ Աստվածաշունչ, որպեսզի «այն կարդաս օրվա ընթացքում, լսես Հիսուսի խոսքը»: Մենք բոլորս էլ խնդիրներ, մեղքեր, հոգևոր հիվանդություններ ունենք, ասաց Նորին Սրբությունը. «խնդրենք Հիսուսին. ʺՀիսուս, Դու ես Մարգարեն, Աստծո Որդին, Նա, Ով խոստացվել էր մեզ ապաքինելու համար: Բուժի՛ր մեզʺ: Խնդրենք Հիսուսին, որ բուժի մեզ մեղքերից և հիվանդություններից», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցանության հատվածը (Մրկ. 1, 21-28) Նորին Սրբությունն ընդգծեց, որ խոսքը վերաբերում է «Հիսուսի ծառայության սովորական օրվան, տվյալ դեպքում շաբաթ է, որը հանգստի և աղոթքի օր է, երբ մարդիկ գնում էին ժողովարան»: Կափառնայումի ժողովարանում Հիսուս կարդում է Սուրբ Գիրքը և մեկնաբանում: Ներկաները զարմանում են Նրա քարոզության վրա, քանի որ ուսուցանում է հեղինակությամբ, որը տարբերվում է օրենսգետների իշխանությունից (տե՛ս՝ Մրկ. 1,22): Բացի այդ, Հիսուս Իր գործերում ևս ցույց է տալիս Իր զորությունը. ժողովարանում մի մարդ ընդվզում է Նրա դեմ՝ Նրան անվանելով «Աստծո Սուրբ»: Հիսուս ճանաչում է չար ոգուն և դուրս է հանում դևը այդ մարդու միջից (տես՝ Մրկ. 1, 23-26):

     

    Այստեղ կարելի է տեսնել Հիսուսի գործունեության երկու բնորոշիչ տարր՝ քարոզ և բուժում, շարունակեց Նորին Սրբությունը.

    «Մարկոս ավետարանիչն ընդգծում է այդ երկու տարրերը, սակայն հատկապես մատնանշվում է քարոզը. դիվահանությունը ներկայացվում է որպես Նրա բացառիկ իշխանության և վարդապետության հաստատում: Հիսուս քարոզում է Իր իշխանությամբ՝ որպես մարդ, ով ունի իր սեփական ուսմունքը, այլ՝ ոչ թե որպես օրենսգետներ, ովքեր կրկնում են նախկին ավանդույթները և օրենքները փոխանցում սենդեսերունդ: Ինչպես մեծ Մինան էր երգում. նրանք կրկնում էին խոսքերը, միայն խոսքերը: Նրանք միայն խոսքեր ունեին, մինչդեռ Հիսուսի խոսքն օժտված էր իշխանությամբ, Հիսուս հեղինակավոր է և դա դիպչում է սրտին: Հիսուսի ուսմունքն ունի խոսող Աստծո իշխանությունը, քանզի ընդամենը մեկ հրամանով Նա հեշտությամբ ազատում է դիվահարին չար ոգուց և բուժում նրան: Ինչու՞: Որովհետև Նրա խոսքը գործուն է, քանի որ Նա վերջին մարգարեն է: Ինչու՞ եմ ես ասում, որ Նա վերջին մարգարեն է: Հիշե՛նք Մովսեսի խոստումը, ով ասում է. «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածը ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, նրա՛ն կլսեք» (տե՛ս՝ Երկ. Օրենք 18,15): Մովսեսը Հիսուսին հռչակեց վերջին մարգարե: Հիսուս խոսում է ոչ թե մարդկային, այլ աստվածային իշխանությամբ, քանզի Նրան տրված է վերջին մարգարեն լինելու զորությունը, այսինքն՝ Աստծո Որդին, Ով փրկում և բուժում է մեզ բոլորիս»:

     

    Երկրորդ բնորոշ տարրը՝ բուժումը, ցույց է տալիս, որ Քրիստոսի քարոզը նախատեսված է չարին հաղթելու համար, որն առկա է մարդկության մեջ և աշխարհում, ասաց Սրբազան Քահանայապետը. «Հիսուսի Խոսքն ուղղակիորեն ուղղված է սատանայի թագավորությանը. այն ընկճում է նրան և ստիպում նահանջել՝ դուրս մղելով աշխարհից»: Տիրոջ հրամանով դիվահարն ազատվում է և դառնում նոր մարդ: Բացի այդ, Հիսուսի քարոզը համահունչ է մի տրամաբանության, որը հակառակ է աշխարհի և չարի տրամաբանությանը: Նրա խոսքերը վերականգնում են իրերի ճիշտ կարգը. դիվահարի մեջ գտնվող սատանան բղավում է Հիսուսին. «Թու՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսու՛ս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու՞ եկար» (տես՝ Մրկ. 1, 24): Այս արտահայտությունները վկայում են Հիսուսի և Սատանայի լիակատար խորթության մասին: Նրանք գտնվում են բոլորովին այլ մակարդակներում, նրանց մեջ ոչ մի ընդհանուր բան չկա, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Հիսուս հեղինակավոր մարգարե է, Ով գրավում է մարդկանց Իր զորությամբ, ինչպես նաև ազատագրող և խոստացված մարգարեն է, Աստծո Որդին է, Ով բուժում է մեզ: Արդյո՞ք մենք լսում ենք աստվածային իշխանությամբ օժտված Հիսուսի խոսքերը»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ասաց. «Սուրբ Կույս Մարիամը Հիսուսի խոսքերն ու գործերը միշտ իր սրտում էր պահում և հետևում Նրան մեծ պատրաստակամությամբ ու հավատարմությամբ: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ լսել և հետևել Նրան, որպեսզի մեր կյանքում զգանք Նրա պարգևած փրկության նշանները»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց