«Իրական հաղորդակցությունը ենթադրում է հանդիպում, անձնական փորձ և տեղեկատվության ստուգում, հակառակ դեպքում այն վերածվում է դատարկ պերճախոսության՝ մեծացնելով ձեռնածությունների և անհավաստիության վտանգը»
«”Արի՛ և տե՛ս” (Հովհ. 1,46): Հաղորդակցվել՝ ընդունելով մարդկանց այնպիսին, ինչպիսին կան այնտեղ, որտեղ նրանք գտնվում են». այսպես է վերնագրված Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Հաղորդակցության միջոցների 55-րդ համաշխարհային օրվա կապակցությամբ: Ավանդույթի համաձայն, ուղերձի թեման հայտարարվեց սեպտեմբերի 29-ին՝ սուրբ Գաբրիել Հրեշտակապետի տոնի օրը, որը համարվում է Ռադիո Վատիկանի երկնային հովանավորը: Տեքստի ուղերձը հրապարակվում է լրագրողների երկնային հովանավոր սուրբ Ֆրանցիսկոս Սալեզացու ծիսական հիշատակի նախօրեին, սակայն Հաղորդակցության միջոցների օրը կնշվի Հոգեգալուստին նախորդող կիրակի օրը:
«Արի՛ և տե՛ս» հրավերը, գրում է Նորին Սրբությունը, «ցանկացած իրական մարդկային հաղորդակցության մեթոդ է». «Անհրաժեշտ է թողնել հարմարավետ ու մեծամիտ այն վստահությունը, թե «ես արդեն գիտեմ» և ճանապարհ ընկնել, գնալ և տեսնել, լինել մարդկանց հետ, լսել նրանց, հասկանալ իրավիճակը, որը միշտ կարող է զարմացնել ինչ-որ բանով»: Սա վերաբերում է ինչպես տպագիր լրագրությանը, այնպես էլ համացանցային հաղորդակցությանը, ինչպես նաև եկեղեցական քարոզչությանը և սոցիալ-քաղաքական հաղորդակցությանը: «Արի՛ ու տե՛ս». հենց սա է հանդիսանում քրիստոնեական հավատքի փոխանցման մեթոդը:
Կենտրոնանալով տեղեկատվության թեմայի վրա՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց «պատճենահանված» թերթերի, հեռուստառադիոհաղորդումների և կայքերի ի հայտ գալու վտանգը, որոնք, ըստ էության, միմյանց կրկնօրինակում են: Այսպիսով, լրագրողական հետաքննության կամ ռեպորտաժի ժանրը իր տեղը զիջում է «փաթեթավորված» տեղեկատվությանը՝ հորինված խմբագրություններում կամ սոցիալական ցանցերում, որը չի ենթադրում հանդիպում՝ ասվածի մեջ անձամբ համոզվելու համար: Եթե մենք չենք հանդիպում, ապա մնում ենք որպես արտաքին հանդիսատես՝ չնայած տեխնոլոգիական նորարարություններին, որոնք կարող են մեզ ներկայացնել «ճշմարտությունը» և ստեղծել պատրանք, որ իբր մենք խորասուզվում ենք դրա մեջ:
Սրբազան Քահանայապետը հիշատակում է «Ավետարանի տարեգրությունը»՝ Հովհաննեսի Ավետարանում նկարագրված իրադարձությունները, որոնք մանրամասնորեն փոխանցված են և վկայում են ավետարանչի ներկայության և այն տպավորության մասին, որը նա ունեցել է Հիսուսի հետ հանդիպելիս. «Ասում է նրան. Եկե՛ք և տեսե՛ք: Եկան և տեսան, թե որտեղ է Նրա օթևանը, և այն օրը Նրա մոտ գիշերեցին, որովհետև մոտ ժամը չորսն էր» (Հվհ. 1,39): Հաջորդ օրը, Հովհաննեսը կրկին մատնանշում է ժամանակը, Փիլիպպոսը պատմում է Նաթանայելին Մեսիայի հետ հանդիպման մասին, սակայն նրա ընկերը թերահավատորեն է վերաբերվում. «Իսկ կարելի՞է, որ Նազարեթից մի որևիցէ լավ բան դուրս գա»: Փիլիպպոսը չի փորձում համոզել նրան, այլ պարզապես ասում է. «Արի՛ և տե՛ս»: Հենց այսպես է սկսվում քրիստոնեական հավատքը, պարզաբանեց Նորին Սրբությունը. անմիջական ծանոթությամբ, անձնական փորձով: «Արի՛ և տե՛ս» – սա ամենապարզ մեթոդն է իմանալու համար, թե ինչպես են գործերը իրականում, սա ցանկացած վկայության ազնվությունը ստուգելու միջոց է. իմանալու համար անհրաժեշտ է հանդիպել:
Անդրադառնալով այսօրվա իրողություններին՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ համավարակի մասին խոսելիս «երկակի հաշվապահություն» կիրառելու վտանգ կա, այսինքն ուշադրություն հրավիրել միայն հարուստների աշխարհի վրա: Բավական է միայն նայել, թե ինչ տեղեկություններ են տրվում բուժման և պատվաստումների վերաբերյալ: Ամենաաղքատ ժողովուրդները դուրս են մնացել այս հաղորդակցությունից, և ոչ ոք չի պատմում այն մասին, թե ինչպես են Ասիայի, Աֆրիկայի կամ Լատինական Ամերիկայի աղքատ գյուղերի բնակիչները սպասում իրենց բուժմանը:
Այնուհետև Նորին Սրբությունը խորհում է համացանցի առավելությունների և ծուղակների մասին, և հատկապես ընդգծում է սոցիալական ցանցերը: Մի կողմից համացանցն ընդլայնում է շփման հնարավորությունները պատկերների և վկայությունների անդադար հոսքի միջոցով: «Թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս տեղեկատվությունն արագ և հենց առաջին ձեռքից փոխանցել, և երբեմն դա շատ օգտակար է. օրինակ, որոշ արտակարգ իրավիճակներում առաջին իսկ նորություններն ու տեղեկատվությունը բնակչությանը փոխանցվում են հենց համացանցի միջոցով»: Համաշխարհային ցանցի շնորհիվ մենք կարող ենք իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք ավանդական ԶԼՄ-երը չեն ներկայացնում, կարող ենք ունենալ մեր քաղաքացիական ներդրումը, կիսվել մեր վկայություններով, պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր աչքի առաջ:
Սակայն մյուս կողմից էլ սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվության տարածման վտանգ կա: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես կարելի է շահարկել լուրերն ու պատկերները, ընդ որում դա անել տարբեր պատճառներով՝ երբեմն պարզապես «ինքնասիրության» պատճառով, նկատեց Սրբազան Քահանայապետը: Սա չի նշանակում, որ մենք պետք է չարիք համարենք հաղորդակցության այս միջոցները. այլ անհրաժեշտ է սովորել խելամտորեն և պատասխանատվությամբ վերաբերվել այն հաղորդագրություններին, տեղեկատվությանը, որն առաջարկում ենք, ստուգել նորությունների իսկությունը և բացահայտել կեղծ լուրերը:
Ամեն դեպքում, գրում է Նորին Սրբությունն իր ողերձում, հաղորդակցության ոչ մի միջոց չի կարող փոխարինել անձնական շփմանը. «Որոշ բաներ կարելի է սովորել միայն փորձի միջոցով: Մենք շփվում ենք ոչ միայն բառերի օգնությամբ, այլ՝ նաև հայացքով, ձայնի տոնով, ժեստերով»: Քրիստոսի աշակերտները պարզապես չէին լսում Նրա խոսքերը, այլ՝ նայում էին Հիսուսին, երբ Նա խոսում էր, չէ որ Նրա մեջ Խոսքը դարձավ Դիմագիծ»:
«Խոսքը կարող է ազդեցիկ լինել, եթե այն «տեսանելի» է, եթե այն ներքաշում է քեզ երկխոսության մեջ, եթե դու նրա հետ փոխներգործում ես», – ահա թե ինչու «Արի՛ և տե՛ս» խոսքերն այսքան կարևոր են:
Սրբազան Քահանայապետը մատնանշում է մեր դարաշրջանին բնորոշ «դատարկ պերճախոսությունը», որը հանդիպում է հասարակական կյանքում, քաղաքականության և տնտեսագիտության մեջ: Այս ֆենոմենը բնորոշելու համար Նորին Սրբությունը մեջբերում է Շեքսպիրի խոսքերը «Վենետիկի վաճառականը» գրքից. «դատողությունների մասին, որոնք ցորենի երկու հատիկների նման թաքնված են մղեղի մեջ: Դրանք գտնելու համար հարկավոր է ամբողջ օրը որոնել, սակայն, երբ գտնես կհասկանաս, որ չարժեր փնտրել»: Այս խոսքերը վերաբերում են նաև նրանց, ովքեր աշխատում են քրիստոնեական հաղորդակցության ոլորտում: Հաղորդակցության բոլոր միջոցները լավն են: Եթե մեծ քարոզիչ Պողոս առաքյալն ապրեր մեր օրերում, ապա հավանաբար կօգտագործեր և՛ էլեկտրոնային փոստը, և՛ սոցիալական ցանցերը, սակայն նրա ժամանակակիցներին տպավորել էր ոչ թե նրա պերճախոսությունը, այլ՝ նրա հավատքը, հույսը, ինչպես նաև շփումը նրա հետ, երբ հանդիպումների ժամանակ տեսնում էին նրան կամ էլ զրուցում էին նրա հետ:
«Մեր ձեռքերում գրքերն են, իսկ աչքերի առաջ՝ գործերը», – ասում էր Սուրբ Օգոստինոսը՝ հորդորելով իրական կյանքում հասկանալ Սուրբ Գրքի մարգարեությունների կատարումը:
«Այսօր ևս Աստվածաշունչը իրականանում է ամեն անգամ, երբ մենք ստանում ենք հստակ վկայություն այն մարդկանցից, որոնց կյանքը փոխվել է Հիսուսին հանդիպելուց հետո: Ավելի քան երկու հազար տարի շարունակվում է այս գեղեցիկ քրիստոնեական արկածախնդրությունը: Այսպիսով, մեր խնդիրն է՝ իրականացնել հաղորդակցություն՝ հանդիպելով մարդկանց այնտեղ, որտեղ նրանք գտնվում են հենց այնպիսին, ինչպիսին որ կան»:
Սրբազան Քահանայապետն իր ուղերձն ավարտում է աղոթքով.
«Տե՛ր, սովորեցրու՛ մեզ փնտրել ճշմարտությունը: Սովորեցրու՛ մեզ քայլել և տեսնել, սովորեցրու մեզ լսել, սովորեցրու մեզ չսատարել կանխորոշված կարծիքներին և չանել հապշտապ եզրակացություններ: Սովորեցրու՛ մեզ գնալ այնտեղ, ուր ոչ ոք չի ցանկանում գնալ, սովորեցրու՛ չշտապել, որպեսզի հասկանանք, սովորեցրու՛ շեշտադրել հիմնականը և չշեղվել, սովորեցրու՛ տարբերակել պատրանքն ու ճշմարտությունը: Տու՛ր մեզ շնորհ, որպեսզի ճանաչենք Քո օթևաններն աշխարհում, և անկեղծություն, որպեսզի փոխանցենք այն, ինչ տեսել ենք»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը