• Աստվածաշնչում Աստված հանդիպում է մարդուն. ընթերցե՛ք այն

    Քրիստոնեական կյանքը «հնազանդություն և ստեղծագործություն է»: Քրիստոնյան հնազանդ է, քանի որ լսում է Աստծո Խոսքը, նա ստեղծագործ է, քանի որ Սուրբ Հոգին մղում է նրան այդ Խոսքը մարմնավորել իր կյանքում


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հունվարի 27-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ խոսեց աղոթքի մասին, որը մենք կատարում ենք՝  հիմք ընդունելով Սուրբ Գիրքը:

     

    «Սուրբ Գրքում խոսքերը չեն գրվել՝ պապիրուսի, մագաղաթի կամ թղթի վրա մնալու համար, այլ՝ գրվել են, որպեսզի աղոթող մարդն ընդունի՝ դրանք իր սրտում ծաղկեցնելով, – պարզաբանեց Նորին Սրբությունը՝ հիմք ընդունելով Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեական վարդապետությունը և Սբ. Ամբրոզիուսի խոսքերը. «Աստվածաշունչ ընթերցելիս՝ պետք է աղոթել, որպեսզի երկխոսություն լինի Աստծո և մարդու միջև»: Աստվածաշունչը որպես «վեպ» չեն կարդում, քանի որ այն կարդալիս՝ պետք է աղոթել. սա բերում է Աստծո հետ երկխոսությանը: Աստվածաշնչյան ամեն մի տող գրված է մեզանից յուրաքանչյուրի համար, և բոլոր հավատացյալները մի օր դա զգալու են. Աստվածաշնչից հազար անգամ լսված կամ ընթերցված ինչ-որ հատված մի օր հանկարծ լույս է սփռում մեր ներկա իրավիճակի վրա:

     

    Աստվածաշունչ չեն կարդում սեփական փիլիսոփայական կամ բարոյական հայեցակետերը զորացնելու մտադրությամբ, այլ՝ կարդում են Տիրոջը հանդիպելու հույսով: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ իրեն հաճելի չէ, երբ քրիստոնյաները պարզապես անգիր են ասում խոսքեր Աստվածաշնչից՝ կարծես «թութակներ», դա անիմաստ է, եթե Աստծո Խոսքը չի դիպչել սրտին, չի հանգեցրել Տիրոջ հետ հանդիպմանը.

     

    «Մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, որպեսզի գիրքն էլ մեզ կարդա: Իրական շնորհ է, երբ կարողանում ես ինքդ քեզ տեսնել այս կամ այն կերպարի և իրավիճակի մեջ: Աստվածաշունչը գրված չէ ընդհանուր մարդկության համար. այն գրված է մեզանից յուրաքանչյուրի համար, տղամարդկանց և կանանց համար, բոլոր նրանց համար, ովքեր ունեն անուն, ազգանուն, իմ և քեզ համար»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը հիշատակեց, որ գոյություն ունեն Աստվածաշնչի աղոթական ընթերցանության բազմաթիվ ավադույթներ և հատկապես ընդգծեց lectio divina-յի (լատ. բառացի՝ «աստվածային ընթերցում», այսինքն՝ Սուրբ Գրքերի ընթերցում) հոգևոր պրակտիկան, որն առաջացել է վանական միջավայրում, սակայն այսօր տարածում է գտել բոլոր քրիստոնյաների շրջանում: Խոսքն այն մասին է, որ աստվածաշնչյան հատվածը պետք է ուշադիր կարդալ՝ համակված «հնազանդության» ոգով՝ հասկանալու համար, թե ինչ է դա ինքնին նշանակում: Այնուհետև սկսվում է երկխոսություն Աստվածաշնչի հետ, որպեսզի այդ խոսքերը խորհրդածելու և աղոթելու առիթ հանդիսանան. հավատացյալը մտածում է, թե ինչ է հենց իրեն ասում Աստվածաշնչի այս կամ այն հատվածը: Այդ ժամանակ շատ կարևոր է ուշադիր լինել և չընկնել սուբյեկտիվության մեջ, այլ՝ մնալ «Ավանդույթի կենդանի ճանապարհի մեջ»: lectio divina-յի վերջին քայլը հայեցողությունն է. խոսքերն ու մտքերը զիջում են սիրուն, ինչպես սիրահարները, ովքեր գոհանում են միմյանց լուռ նայելով:

     

    Ամենադժվարին օրերին, երբ «ամեն ինչ սխալ է ընթանում», Աստծո Խոսքը «սրտի համար դառնում է վստահության և սիրո երաշխիք՝ մարդուն պաշտպանելով չարի հարձակումներից»: Աստծո Խոսքը մարմնավորվում է նրանց մեջ, ովքեր աղոթքով են այն ընդունում. եթե մի օր այրվեին աշխարհի բոլոր Աստվածաշնչերը, ապա դրանք կփրկվեին սրբերի կյանքում դրոշմված հետքերի շնորհիվ:

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց, որ քրիստոնեական կյանքը «հնազանդություն և ստեղծագործություն է»: Քրիստոնյան հնազանդ է, քանի որ լսում է Աստծո Խոսքը, նա ստեղծագործ է, քանի որ Սուրբ Հոգին մղում է նրան այդ Խոսքը մարմնավորել իր կյանքում. «Թող Տերն օգնի մեզ բոլորիս, որպեսզի աղոթքի միջոցով ավելի շատ օգուտներ քաղենք Իր Խոսքից», -կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց