• Աստծո Խոսքը խաղաղեցնում է և կանչում է հետևել իրեն

    «Եկե՛ք իմ ետևից». Մրկ. 1, 17


    Հունվարի 24-ին Կաթողիկէ Եկեղեցին տոնեց Աստծո Խոսքի տարածման կիրակին: Հանդիսավոր Պատարագը, նախագահեց մոնսինյոր Սալվատորե Ֆիզիչելլան՝ նախագահը Նոր Ավետարանացման պապական խորհրդի, որը ստեղծվել էր 2010թ. Բենեդիկտոս 16-րդի կողմից: Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը չկարողացավ գլխավորել Սուրբ Պատարագը՝ առողջական խնդիրների պատճառով: Պատարագի ընթացքում ընթերցվեց Նորին Սրբության քարոզը:

     

    Քարոզի տեքստում Սրբազան Քահանայապետը մեկնաբանում է օրվա Ավետարանական ընթերցված հատվածը երկու տեսակետից.

    -ի՞նչ է ասում Հիսուսը՝ հռչակելով Աստծո Արքայությունը, և

    -ու՞մ է ասում դա:

     

    Տերն իր քարոզը սկսում է հետևյալ խոսքերով. «Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծո Արքայությունը» (Մկ. 1,15): Այսպիսով, Հիսուսի առաջին ուղերձն այն մասին է, որ Աստված մոտ է, Նա չի գտնվում ինչ-որ տեղ՝ «բարձր երկնքում», այլ մեզ հետ է. «Հեռավորության ժամանակն ավարտվեց, երբ Աստծո Որդին մարդ դարձավ»: Այդ ժամանակից ի վեր Նա երբեք չի բաժանվի մարդկությունից և չի հոգնի մարդուց: Այս մտերմությունը Ավետարանի սկիզբն է, ընդորում Մարկոս Ավետարանիչն ընդգծում է, որ Հիսուս դա մեկ անգամ չասեց, Նա անընդհա՛տ կրկնում էր: «Աստված մոտ է». սա՛ է Նրա հռչակման դրույթը, Նրա ուղերձի սիրտը: Աստծո Խոսքը թույլ է տալիս մեզ ձեռքով դիպչել Աստծո այս մտերմությանը:

    «Աստծո Խոսքը խաղաղեցնում է, սակայն հանգիստ չի թողնում: Սա մխիթարանքի և ապաշխարության Խոսք է: Իսկապես, Աստծո մերձավորությունը հռչակելուց անմիջապես հետո Հիսուսն ասում է «Ապաշխարեցե՛ք»: Նրա մերձավորությամբ ավարտվեց Աստծո և մարդկանց միջև օտարացումը, ավարտվեց ժամանակը, երբ ամեն մեկը մտածում էր իր մասին»:

     

    Նրանք, ովքեր ըմբռնում են Աստծո Խոսքը, հասկանում են, որ «կյանքը մի ժամանակ է՝ ոչ թե մարդկանցից զգուշանալու և ինքներս մեզ պաշտպանելու համար, այլ՝ հանուն Աստծո մերձավորության մյուսներին ընդառաջ գնալու՛ ժամանակ է»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը խոսեց այն մասին, թե ում է դիմում Հիսուսը Աստծո Արքայությունը հռչակելիս. ամենից առաջ Նա դիմում է Գալիլեայի ձկնորսներին, ովքեր իրենց սեփական աշխատանքով ապրող հասարակ մարդիկ էին: Նրանք Սուրբ Գրքի մասնագետներ չէին և աչքի չէին ընկնում իրենց կրթվածությամբ: Այս ձկնորսներն ապրում էին տարբեր ժողովուրդներով բնակեցված մի շրջանում, ովքեր տարբեր ձևերով էին երկրպագում Աստծուն, մի վայրում, որը հեռու էր Երուսաղեմի «կրոնական մաքրությունից»: Սակայն Հիսուս հենց այդ տեղից է սկսում. ոչ թե կենտրոնից, այլ ծայրամասից, կարծես, մեզ ասելով, որ Աստծո սրտում ծայրամասեր չկան:

     

    Ավետարանում ընդգծվում է, որ Հիսուս գալիս է Հովհաննես Մկրտչից հետո (տես՝ Մկ. 1,14): Սա «վճռորոշ» պարզաբանում է, քանի որ Հովհաննեսն անապատում էր ընդունում մարդկանց, այսինքն այնտեղ, ուր մարդիկ կարող էին գալ այն վայրերից, որտեղ ապրում էին: Սակայն Հիսուսն Աստծո մասին խոսում է հենց հասարակության սրտում, որտեղ մարդիկ են ապրում: Նա չի դիմում նրանց որոշակի ժամերին և պահերին, Նա խոսում է «Գալիլիայի ծովեզրով անցնելիս, երբ նրանք ուռկաններն էին ծովը գցում»:

     

    «Ահա այսպիսի՛ն է Աստծո Խոսքի համընդհանուր զորությունը. այն հասնում է բոլորին՝ կյանքի բոլոր միջավայրերում»:

     

    Աստծո Խոսքն ունի նաև անձնական զորություն, այն ուղղակիորեն, անհատապես ազդում է յուրաքանչյուրի վրա: Դիմելով ձկնորսներին՝ Հիսուս ասում է նրանց. «Իմ ետևի՛ց եկեք, և Ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ» (Մկ. 1,17): Եթե Նա նրանց ասեր՝ «Եկեք իմ հետևից, Ես ձեզ կդարձնեմ առաքյալներ, դուք աշխարհ կուղարկվեք և Սուրբ Հոգու զորությամբ կհռչակեք Ավետարանը, ձեզ կսպանեն և դուք սրբեր կդառնաք», ապա Պետրոսն ու Անդրեասը հավանաբար Նրան կպատասխանեին՝ «Շնորհակալությու՛ն, բայց մենք նախընտրում ենք մեր ուռկաններն ու նավակները»: Սակայն Հիսուս կանչում է Նրանց՝ հիմք ընդունելով հենց նրանց կյանքը. «Դուք ձկնորսներ եք և մարդկանց կորսաք»:

     

    «Աստծո Խոսքը մեզ մոտեցնում է Աստծուն, եկե՛ք չհեռանանք նրանից, –իր քարոզում ընդգծեց Նորին Սրբությունը: – Եկե՛ք Տիրոջից զորություն խնդրենք՝ հեռուստացույցն անջատելու և Աստվածաշունչը բացելու համար, սմարթֆոնն անջատելու և Ավետարանը բացելու համար»:

     

    Աստծո Խոսքի կիրակի օրվա առթիվ Սրբազան Քահանայապետն իր նստավայրում ընդունեց հավատացյալներին և նրանց փոխանցեց այդ օրվա համար պատրաստված Աստվածաշնչի հատուկ նմուշները:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

     Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց