• Կյանքի ամեն մի ակնթարթը փրկության ժամանակ է

    «Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ յուրաքանչյուր օրը, ամեն մի ակնթարթը դարձնել փրկության ժամանակ, երբ Տերն անցնում է և կոչ է անում մեզ հետևել Իրեն»


    Կյանքը Աստծո անսահման սիրո պարգևն է, սակայն այն պետք է լինի նաև մեր սիրո դրսևորումն առ Աստված: Մեր կյանքի ամեն մի ակնթարթը պետք է սիրով լեցուն լինի Աստծո և շրջապատի հանդեպ: Միայն այդպես մենք կունենանք հավերժական կյանք, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ 2021թ. հունվարի 24-ին:

     

    Կիրակնօրյա Ավետարանի հատվածը (տե՛ս՝ Մկ. 1,14-20) մեզ է ներկայացնում «էստաֆետի» փոխանցումը Հովհաննես Մկրտչից Հիսուսին. այսպիսի փոխաբերությամբ Նորին Սրբությունը սկսեց իր խորհրդածությունը: Հովհաննեսը հող էր նախապատրաստում, և հիմա Հիսուսը կարող է սերմանել Բարի լուրը, որը «մեզ հրավիրում է խորհել երկու կարևոր թեմաների շուրջ՝ ժամանակի և ապաշխարության», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Մարկոս Ավետարանիչը ժամանակը դիտարկում է որպես Աստծո փրկագործության տևողություն, ժամանակն իր լրիվությանն է հասնում պատմական պահին, երբ Աստված Իր Որդուն ուղարկում է աշխարհ, և Նրա Թագավորությունը դառնում է «մոտ», քան երբևէ: Իրագործվեց փրկության ժամանակը, քանզի աշխարհ եկավ Հիսուսը: Սակայն փրկությունը ինքնաբերաբար տեղի չի ունենում. «Փրկությունը սիրո պարգևն է, և առաջարկվում է մարդկային ազատության հայեցողությանը: Սիրո մասին խոսելիս՝ սովորաբար նկատի ունեն ազատությունը. սերն առանց ազատության կարող է լինել ինչ ասես, սակայն՝ ոչ սեր: Սերը միշտ ազատ է և դրա համար է մեզանից պահանջում ազատ պատասախան՝ մեր ապաշխարությունը: Այլ կերպ ասած, մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, կենսակերպը. թողնենք աշխարհիկ արժեքները և ընդունենք Աստծո արժեքները, հետևենք Հիսուսին՝ անելով այն, ինչ Նա սովորեցրել է մեզ»: Խոսքն այստեղ աշխարհայացքի ու վարքի արմատական ​​փոփոխության մասին է, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    «Մեղքը, հատկապես աշխարհիկության մեղքը, որը, ինչպես օդը, ներթափանցում է ամենուր, դրդում է մարդուն ինքնահաստատվել, իրեն վեր դասել ուրիշներից և, նույնիսկ, Աստծուց: Հաճախ ենք լսում, թե ինչպես է ինչ-որ մեկն արտահայտում իր ինքնությունը՝ «ընդդեմ» արտահայտությամբ: Աշխարհիկ ոգով դրսևորված ինքնությունը հազիվ թե լինի դրական՝ փրկարար իմաստով»:

     

    Աշխարհիկ մտածելակերպը, որն իր մեջ ունի սուտ, բռնություն, իշխանության ցանկություն, պատերազմ, մարդկանց շահագործում, գալիս է սատանայից՝ ստի հորից, ինչպես Հիսուսն է անվանում նրան:

     

    Այս ամենին հակադրվում է Հիսուսի ուղերձը, որը կոչ է անում մեզ ընդունել, որ ունենք Աստծո և Նրա ողորմության կարիքը, խելամտորեն օգտագործել երկրային բարիքները, լինել սիրալիր և խոնարհ մյուսների նկատմամբ, ծառայել նրանց: «Յուրաքանչյուրիս համար ներում ստանալու ժամանակը կարճ է, այն մեր կյանքի տևողությունն է այս աշխարհում», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Մեր կյանքի ժամանակն ունի երկու կշռույթ. մեկը բաղկացած է ժամերից, օրերից, տարիներից, մյուսը բաղկացած է մեր զարգացման ժամանակաշրջաններից՝ ծնունդ, մանկություն, պատանեկություն, հասունություն, ծերություն, մահ: Այս ժամանակաշրջաններից յուրաքանչյուրն ունի իր արժեքը և կարող է լինել Տիրոջ հետ հանդիպման հատուկ պահ.

     

    «Հավատքն օգնում է բացահայտել այս ժամանակների հոգևոր իմաստը, քանզի դրանցից յուրաքանչյուրը պարունակում է Տիրոջ հատուկ կոչը, որին մենք կարող ենք տալ դրական կամ բացասական պատասխան: Ավետարանում մենք տեսնում ենք, թե ինչպես պատասխանեցին Սիմոնը, Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը. նրանք հասուն մարդիկ էին, ունեին ընտանիք և աշխատանք. նրանք ձկնորսներ էին… Սակայն, երբ Հիսուս նրանց կանչեց «նրանք իսկույն ուռկանները թողնելով՝ գնացին Նրա հետ» (Մկ. 1,18):

     

     

    «Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, եկե՛ք ուշադիր լինենք, որպեսզի Հիսուս անցնելիս՝ մեզ տեսնի և մենք ընդունենք Նրան», – կոչ արեց Նորին Սրբությունն իր խորհրդածության ավարտին.

     

    «Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ յուրաքանչյուր օրը, ամեն մի ակնթարթը դարձնել փրկության ժամանակ, երբ Տերն անցնում է և կոչ է անում մեզ հետևել Իրեն: Թող Նա օգնի մեզ դարձի գալ աշխարհիկ մտածելակերպից, որի հիմքը անպտուղ և արագ հանգչող երազանքներն են, և ընդունել սիրո ու ծառայության մտածելակերպը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

     Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց