• Հիսուսի հետ հանդիպումը երբեք չի մոռացվում

    «Մեզանից յուրաքանչյուրի կյանքում եղել են պահեր, երբ Աստված պարզորոշ դրսևորել է Ինքն Իրեն՝ աստվածային կանչով: Եկե՛ք հիշենք այդ մասին»


    «Թո՛ղ օգնի մեզ Սուրբ Կույս Մարիամը, որպեսզի խոնարհաբար և ուրախությամբ կատարենք Աստծո կամքն ու մեր կյանքը դարձնենք փառաբանության օրհներգ՝ ի պատասխան Նրա կոչերի», – կոչ արեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածությունում՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ 2021թ. հունվարի 17-ին:

     

    Նորին Սրբությունը մեկնաբանեց Աստվածաշնչյան հետևյալ հատվածը (տես՝ Հովհ. 1, 35-42), որտեղ նկարագրվում է Հիսուսի և Նրա առաջին աշակերտների հանդիպումը: Գործողությունը տեղի է ունենում Հորդանան գետի ափին՝ Հիսուսի մկրտության հաջորդ օրը: Հենց Հովհաննես Մկրտիչն է մատնացույց անում Փրկչին այսպիսի խոսքերով. «Ահավասիկ Քրիստոսը՝ Գառն Աստծո» (Հովհ. 1, 36), և երկու աշակերտները՝ վստահելով Մկրտչի վկայությանը, գնացին Հիսուսի հետևից: «Ի՞նչ եք ուզում» – հարցնում է Հիսուսը, երբ տեսնում է, որ Իր հետևից են գալիս: Նրանք էլ հարցնում են Նրան. «Րաբբի՜ ու՞ր է քո օթևանը» (Հվհ. 1, 38):

     

    Հիսուս նրանց չի ասում. «Ես ապրում եմ Կափառնայում կամ Նազարեթում», այլ պատասխանում է. «Եկե՛ք և տեսե՛ք» (Հովհ. 1, 39): Այսինքն, պատկերավոր ասած, Հիսուս նրանց այցեքարտ չի տալիս, որպեսզի նրանք մի օր այցելեն Նրան, այլ անմիջապես հանդիպման է հրավիրում. «Երկուսն էլ հետևեցին Նրան և այդ օրը մնացին Նրա հետ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես են նրանք նստած հարցեր տալիս և լսում Նրան՝ զգալով ինչպես են բոցավառվում իրենց սրտերը՝ մինչ Ուսուցիչը խոսում է: Նրանք զգում են խոսքերի գեղեցկությունը, որոնք համապատասխանում են իրենց ամենամեծ հույսին»: Վաթսուն տարի անց, գուցե մի քիչ ավելին, նրանցից մեկը կգրի իր Ավետարանում. «Մոտ ժամը չորսն էր» (Հվհ. 1, 39), – նշելով ժամանակը.

     

    «Հիսուսի հետ ամեն մի իրական հանդիպում մնում է հիշողության մեջ, այն երբեք չի մոռացվում: Մենք շատ հանդիպումների մասին ենք մոռանում, սակայն Հիսուսի հետ իրական հանդիպումն երբեք չի մոռացվում: Նույնիսկ երկար տարիներ անց աշակերտները հիշեցին այդ ժամանակը, նրանք չեն մոռացել այդ հանդիպումը, որն այնքան ուրախ ու լիարժեք էր, որ փոխեց նրանց կյանքը: Այնուհետև, երբ նրանք հեռանում են այս հանդիպումից և վերադառնում են իրենց եղբայրների մոտ, այս ուրախությունը, այս լույսը ջրառատ գետի պես թափվում է նրանց սրտերից: Նրանցից մեկ՝ Անդրեասն իր եղբայր Սիմոնին, որին Հիսուս կանվանի Պետրոս, ասում է. «Մենք գտանք Մեսիային» (Հվհ. 1, 41): Նրանք դուրս եկան՝ վստահ լինելով, որ Հիսուս Մեսիան է»:

     

    Աստծո ամեն մի կոչը Նրա սիրո ակտիվ դրսևորումն է. «Աստված միշտ նախաձեռնությունն իր վրա է վերցնում», – շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Աստված քեզ կյանքի, հավատքի, կյանքում որոշակի վիճակի կոչ է անում. «Ես ուզում եմ, որ դու այստեղ լինես»: Նախ, Աստված կյանքի կոչ է անում՝ մեզանից յուրաքանչյուրին դարձնելով ինքնատիպ անձնավորություն, քանզի Աստված արարել է խայտաբղետ ու յուրօրինակ մի աշխարհ, պարզաբանեց Նորին Սրբությունը: Այնուհետև Աստված հավատքի կոչ է անում, որպեսզի մենք դառնանք Նրա ընտանիքի մի մասը, որպես Աստծո զավակներ: Վերջապես, Աստված մեզ կյանքում որոշակի վիճակի կոչ է անում. ամուսնանալ կամ քահանա դառնալ, կամ էլ աստվածանվեր կյանքով ապրել: Սա Աստծո ծրագրերի իրականացման տարբեր եղանակներն են, որոնք Նա նախատեսել է մեզանից յուրաքանչյուրի համար և որոնք միշտ հանդիսանում են սիրո ծրագիր: Աստված միշտ կոչ է անում, և յուրաքանչյուր հավատացյալի համար մեծագույն ուրախություն է արձագանքել այդ կոչին՝ իրեն ամբողջովին նվիրելով Աստծո և եղբայրների ծառայությանը:

     

    Սակայն, երբեմն մենք կոչին մերժումով ենք պատասխանում և դրա պատճառը կարող է լինել վախը կամ հանգիստ կյանքով ապրելու ցանկությունը, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Սակայն Աստծո կոչը միշտ սեր է: Մենք պետք է փորձենք սեր գտնել յուրաքանչյուր կոչի հիմքում և կոչին պետք է պատասխանենք սիրով»: Սկզբում տեղի է ունենում հանդիպում Հիսուսի հետ, Ով խոսում է Իր Հոր մասին, Նա մեզ բացահայտում է Իր սերը: Այդ ժամանակ մեր մեջ ինքնաբուխ ցանկություն է առաջանում այդ սերը փոխանցել մեր սիրելի մարդկանց. «Ես հանդիպեցի Սիրուն», «Ես հանդիպեցի Մեսիային», Ես հանդիպեցի Հիսուսին», «Ես գտա իմ կյանքի իմաստը»: Մի խոսքով՝ «Ես գտա Աստծուն»:

     

    Մեզանից յուրաքանչյուրի կյանքում եղել են պահեր, երբ Աստված պարզորոշ դրսևորել է Ինքն Իրեն՝ աստվածային կանչով: Եկե՛ք հիշենք այդ մասին, եկե՛ք վերադառնանք դեպի այդ պահը, որպեսզի հիշողությունը միշտ բարեփոխի մեզ՝ Հիսուսի հետ հանդիպման միջոցով, իր խորհրդածության ավարտին կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց