«Ուրախության և վշտի պահերին միշտ կարելի է փառաբանել Աստծուն, քանի որ Աստված հավատարիմ ընկեր է»
2021-ի հունվարի 13-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր ուսուցողական զրույցները աղոթքի մասին: Այս անգամ Նորին Սրբությունը խոսեց քրիստոնեական աղոթքի մեկ այլ կողմի՝ գովաբանության, փառաբանության մասին:
Սրբազան Քահանայապետը սկսեց Հիսուսի կյանքում տեղի ունեցած տագնապալից պահի հիշատակումով. առաջին հրաշքներից հետո Քրիստոսի առաքելությունը տագնապալից ժամանակաշրջան է մտնում. Հովհաննես Մկրտիչը կասկածում է և Նրան ուղերձ է փոխանցում բանտից – «Դու՞ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք», – Հովհաննեսը տարակուսում է՝ արդյոք նա չի սխալվել իր քարոզում: Միևնույն ժամանակ Հիսուսը բախվում է թշնամանքի հետ այնտեղ, որտեղ կատարել էր բազմաթիվ հրաշագործություններ (տես՝ Մտթ. 11,20-24): Սակայն հիասթափության հենց այդ պահին տեղի է ունենում անսպասելի մի բան – Հիսուս չի գանգատվում, այլ փառաբանում է Հորը. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մտթ. 11,25): Այսպիսով, ճգնաժամի պահին Հիսուս օրհնում և գովաբանում է Հորը, մինչդեռ շատերի հոգիները պատված են խավարով, ինչպես դա տեղի ունեցավ Հովհաննես Մկրտչի հետ: Ինչու՞ է Նա դա անում:
Նորին Սրբությունը պարզաբանեց, որ ամենից առաջ Հիսուս փառաբանում է Հորն այն բանի համար, որ Նա է երկնքի և երկրի Տերը: Հիսուս փառաբանում է Աստծուն, քանի որ Իրեն զգում է Հոր և Տիեզերքի Աստծո Որդին: Աստծուն փառաբանելը բխում է Բարձրյալի զավակ լինելու զգացումից:
Հիսուս նաև փառաբանում է Հորն այն բանի համար, որ Նա նախընտրում է փոքրերին: Նա Ինքն է դա զգացել Իր քարոզի ժամանակ. իմաստուններն ու խելացիները փակ են ու կասկածամիտ, նրանք հաշվարկներ են անում, մինչդեռ «փոքրերը բացվում են և ընդունում Նրա ուղերձը: Մենք ևս պետք է ուրախանանք և փառաբանենք Աստծուն՝ այն բանի համար, որ խոնարհ ու համեստ մարդիկ ընդունում են Աստվածաշունչը, ընդգծեց Նորին Սրբությունը: Հենց խոնարհությունն է օգնում մեզ փառաբանել Աստծուն: Եկեղեցու ապագան և աշխարհի հույսը «փոքրերն են», ովքեր իրենց մյուսներից լավը չեն համարում, գիտակցում են սեփական կարողություններն ու մեղքերը, չեն ցանկանում իշխել մյուսներին, այլ՝ Հայր Աստծով միմյանց ընդունում են որպես եղբայրներ:
Այսպիսով, թվացյալ կործանման պահին, երբ ամեն ինչ պատված է խավարով, Հիսուս աղոթում է՝ գովաբանելով Հորը: Նրա այս աղոթքը ստիպում է մեզ այլ կերպ դատել սեփական պարտությունների և իրավիճակների մասին, որոնցում մենք հստակ չենք տեսնում Աստծո ներկայությունն ու գործունեությունը, երբ թվում է, թե չարը հաղթում է և այն դադարեցնելու միջոց չկա: Հիսուս Ինքը խրատեց խնդրական աղոթքը. հենց այն պահին, երբ ունի բոլոր պատճառները Հորից բացատրություն խնդրելու համար, Նրան գովաբանում է: Առաջին հայացքից սա հակասություն է, սակայն հենց դրանում է ճշմարտությունը:
Ու՞մ է անհրաժեշտ գովաբանությունը: Արդյո՞ք Աստված ունի գովաբանության կարիք: Աղոթքներից մեկում ասվում է. «Չունենալով մեր գովաբանության կարիքը՝ Դու մեզ տալիս ես Քո շնորհը, որպեսզի մենք կարողանանք շնորհակալություն հայտնել Քեզ: Քեզ փառաբանելով՝ մենք Քեզ մեծություն չենք ավելացնում, այլ ինքներս գնում ենք դեպի փրկություն՝ մեր Տեր Քրիստոսի միջոցով»: Մենք փրկվում ենք՝ փառաբանելով Աստծուն: Գովաբանական աղոթքն անհրաժեշտ է մեզ. այն հաղորդակից է դարձնում մեզ մաքուր սրտերի երանությանը, ովքեր, ամենից առաջ, սիրում են Աստծուն հավատքով՝ մինչ Նրան կտեսնեն փառքի մեջ» (ККК 2639): Գովաբանական աղոթքի օգնությամբ մենք հասկանում ենք, որ այդ վերելքի, այդ դժվարին ճանապարհի և դժվարամատչելի անցումների միջոցով սկսում ենք տեսնել նոր համայնապատկեր, մեր հորիզոնը բացվում է: Փառաբանել՝ նշանակում է մաքուր թթվածին շնչել. այն մաքրում է հոգին, թույլ է տալիս հեռուն տեսնել, մռայլ ու դժվար պահին քեզ չի պարփակում»:
Սրբազան Քահանայապետը վկայակոչեց Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցուն. ստեղծելով հայտնի Արարչագործության օրհներգությունը՝ նա ընդհանրապես չի զգացել ուրախություն կամ բարեկեցություն: Հակառակը, նա արդեն գրեթե կույր էր, զգում էր միայնության բեռը, քանի որ աշխարհը չէր փոխվել նրա քարոզի սկզբից ի վեր և մոտալուտ էր մահը: Այդ ժամանակ նա կարող էր հիասթափություն զգալ, սակայն Ֆրանցիսկոսն աղոթք է բարձրացնում՝ բացականչելով «Laudato si’»: Ֆրանցիսկոսը փառաբանում է Աստծուն՝ ամեն ինչի համար, նույնիսկ մահվան համար՝ նրան անվանելով իր քույրը: Սրբերը, – եզրափակեց Նորին Սրբությունը, վկայում են, որ ուրախության և վշտի պահերին միշտ կարելի է փառաբանել Աստծուն, քանի որ Աստված հավատարիմ ընկեր է: Սա է հիմք հանդիսանում գովաբանության համար. Աստված հավատարիմ է և Նրա սերը երբեք չի պակասի:
Եկե՛ք մռայլ ու դժվար պահերին մեր մեջ քաջություն գտնենք ու ասենք. ««Օրհնյա՜լ ես Դու, Տե՛ր»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը