• Նահատակ քահանան և իր հոգեզավակաները. հիշատակի Պատարագ՝ 100 տարի առաջ նահատակված Տեր Դավթի համար

    «Ես իմ ժողովրդին և եկեղեցին երբեք չեմ թողնի»


    2021-ի հունվարի 7-ին Մեծ Սեպասար հայ կաթողիկէ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցում մեռելոց Սուրբ Պատարագը մատուցեցինք ի հիշատակ Տ. Դավիթ Քահանա Կոստանյանի, որ նահատակվեց թուրք ջարդարարների ձեռքով՝ 1921թ. հունվարի 6-ին՝ նույն Մեծ Սեպասար գյուղում, որի հոգևոր հովիվն էր: Տեր Դավթի նահատակության 100-րդ տարելիցը հիշեցինք՝ աղոթելով նաև նույն թուրք ջարդարարների կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված և 44 օր տևած արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված մեծսեպասարցի երկու նահատակ երիտասարդների՝ Սամվել Մկրտչյանի և Ջիվան Գրիգորյանի համար: Այսպիսով նահատակ քահանայի անունը հիշեցինք իր համայնքի հոգևոր զավակների հետ միասին, ովքեր իրենց կյանքը զոհեցին՝ նույն թուրքերի վայրագությունների հետևանքով:

     

    Սուրբ Պատարագին մեր հրավերով ներկա էին նաև Տեր Դավթի՝ Կոստանյանների տոհմի ժառանգները, նրանցից Աշոտ Կոստանյանի որդին՝ Պետյա Կոստանյանը նաև սիրով ստանձնեց այս տարվա Խաչի քավորի պարտականությունները և, որպես նվիրատվություն, Սուրբ Ծննդյանն ընդառաջ պարենային օգնություն տրամադրեց գյուղի 10 կարիքավոր ընտանիքների:

    Պատարագի ընթացքում նախ խոսեցի 100 տարի առաջ նահատակված Տ. Դավիթ Կոստանյանի մասին: Տեր Դավթի մասին տեղեկություններ գտնելը բավական բարդ եղավ, գրի առնված արխիվային կամ պատմական նյութեր, ձեռագրեր չեն պահպանվել, կան միայն բանավոր սերնդեսերունդ փոխանցված պատմություններ, որոնք էլ խնամքով հավաքեցինք և մի հոդված պատրաստեցինք մեր համայնքային թերթի համար: Ըստ այդմ, նրա մասին հայտնի է հետևյալը:

     

    Տեր Դավիթ Կոստանյանը Արեւմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Ալաշկերտ գավառակի Մոլեսլման գյուղից 1829-ին գաղթած հայ կաթողիկէ ընտանիքներից՝ Կոստանդինի կամ Կոտիների տոհմից էր, ծնվել է 1857թ.՝ Մեծ Սեպասարում կամ հին անունով՝ Շիշթափայում, ուսումը ստացել է, հավանաբար, Մխիթարյան միաբանության վանքում՝ Սուրբ Ղազարում, քահանա է օծվել 1887թ.: Քահանայական ձեռնադրությունից անմիջապես հետո, կամ 1890-ականների կեսերին, Տեր Դավիթը հոգևոր ծառայության է անցել հայրենի Մեծ Սեպասար գյուղում և շարունակել է գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադիր Տեր Պողոսի գործը, գյուղը համախմբել եկեղեցու և խորհրդակատարությունների շուրջ, առավել զարգացրել աղոթական կյանքը: Եթե գյուղի առաջին քահանային՝ Տեր Պողոսին վիճակվեց տեսնել գաղթը և հայրենազրկումը, ապա Տեր Դավթին վիճակված էր տեսնել թուրքական ջարդերը Արևելյան Հայաստանում՝ Ալեքսանդրապոլի գավառում և իր հարազատ Մեծ Սեպասարում: Ահա՛, թե ինչ տեղեկություններ կան այդ օրերի մասին Հայաստանի Ազգային արխիվում. «Թուրքական բանակում «այլասերումը մեծ չափեր» էր ընդունել: Թուրքերն ամենուր իրենց պահում էին անասելիորեն սանձարձակ: Ժամանակակիցը վկայում է, որ Խոտայ Խարաբա (Բավրա), Դարակեյ (Սարագյուղ), Կոր-Աղբյուր (Սիզավետ), Կոյակուլի-Ղազանչի եւ Շիշթափա (Սեպասար) հայկական գյուղերում կանայք եւ աղջիկները ենթարկվել են բռնարարքների, նրանց մի մասին առեւանգել են տաճիկները, իսկ մի մասին էլ՝ հարեւան Աղաբաբայ գյուղի թուրքերը: Այդ գյուղերում պատկերը շատ ծանր էր. ամեն ինչ կամ ավերված էր, կամ էլ վառված, ամենուր ընկած էին տասնյակ դիակներ, պատահում էին նաեւ կիսամեռ եւ սովահար եղած երեխաներ ու ծերեր» (Հ. Բ. Աբրահամյան, «Ալեքսանդրապոլյան իրադարձությունների շուրջ, 1920թ. նոյեմբեր-1921թ. ապրիլ»): Թուրքերը անխնա թալանում էին ամեն ինչ՝ տան կահույքը, նույնիսկ վառարաններ, ի սպառ ունեզրկում բնակիչներին, տանում էին հացահատիկի բերքը, անասունները, «բայրա» կոչված հարկ պահանջում գյուղացիներից, ովքեր հրաժարվում էին կատարել իրենց պահանջները, գաղտնի սպանում էին, հիմնականում գիշերները:

    Այդ օրերին թուրք ասկյարները Փոքր Շիշթափայում (Փոքր Սեպասար) սպանել են Տեր Դավիթի քրոջ որդիներից Արշակին, որի եղբայրը՝ Նիկոլը՝ մի քաջ տղա, վրեժխնդիր է եղել՝ սպանելով Արփագյոլի ենթաշրջանի կամ Աղաբաբայի թուրք կառավարիչ Ղահրամանին: Այսպիսի հանդուգն քայլն, իհարկե, չէր կարող անտեսվել թուրքական բանակի իշխանությունների կողմից, որ վստահ էին, թե իրենց ամեն ինչ կարելի է: Ալեքսանդրապոլի օրվա կոմունիստական հեղափոխական կոմիտեն ոչ մի փաստացի իշխանություն չուներ՝ զսպելու նրանց վայրագությունները եւ թալանը: Նիկոլը փախչել եւ թաքնվել է թուրքերից: Մահվան սպառնալիքը կախվում է Տեր Դավթի եւ նրա ընտանիքի վրա: Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում այդ օրերին տեղի է ունեցել ընդհարում՝ թուրք զինվորների եւ գյուղացիների միջեւ: Գյուղացիները կռվել են թուրքերի դեմ, ինչը բացառիկ երեւույթ էր այդ օրերին Ալեքսանդրապոլի գավառում ընդհանրապես: Շատ քչերը կհամարձակվեին դեմ կանգնել թուրք զինվորներին, այն էլ՝ առանց զենքի: Թուրքերն այդ կռվի ժամանակ սպանել են 8 գյուղացու: Տեր Դավթին գյուղացիները խնդրել են, որ փախչի գյուղից, բայց համարձակ քահանան ասել է, որ իր գյուղից եւ ժողովրդից չի հեռանա ոչ մի դեպքում: Հունվարի 6-ի գիշերը՝ Աստվածահայտնության տոնին, թուրքերը ներխուժել են Տեր Դավթի տուն, քահանային դուրս հանել միայն շապիկով եւ ոտաբոբիկ, խոտի պարանով կապած ձիով քարշ են տվել գյուղով մեկ՝ սառնամանիքի եւ ձյան մեջ, ծեծելով եւ նվաստացնելով: Այդ տեսարանը պատկերացնել արդեն սարսափելի է՝ այդ հաղթանդամ, երկարամորուս, սպիտակազգեստ քահանան քայլում էր իր գողգողթայի ճանապարհը դեպի մահ՝ իր Խաչյալ Տիրոջ հետքերով, որպես Տիրոջ եւ իր հոտի հավատարիմ ծառա: Տեր Դավթին արյունաքամ քարշ են տվել եկեղեցու բակ եւ սրերով վայրագորեն կտրատել: Պատմում են, որ իրիցկինը՝ արիասիրտ մի կին, հատակից սրբել է իր նահատակ ամուսնու արյունը, ապա կարել կտրատված մարմնի մասերը …

     

     

    Տեր Դավթի հետ միասին շատ հայորդիներ են նահատակվել այդ օրերին, և հիմա էլ շարունակում են նահատակվել՝ նույն չարախինդ թշնամության և սրբության հանդեպ թուրքական իշխանությունների ատելության պատճառով: Բայց Տեր Դավթի նահատակությունը՝ որպես կաթողիկէ հայ քահանայի նահատակություն թուրքերի ձեռքով և Ալեքսանդրապոլի գավառում, եզակի երևույթ է: Տեր Դավիթն իր ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած, իր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Խաչի ճանապարհով անցած քահանա է, նվիրյալ հայրենասեր նահատակ:

     

    Սուրբ Պատարագից հետո, եկեղեցու բակում դեռևս 1985-ին Տեր Դավթի թոռների կողմից տեղադրված խաչքարի մոտ, որտեղ 100 տարի առաջ հեղվեց Տեր Դավթի արյունը, կատարեցինք հոգեհանգստյան կարգ և խնկաբույր աղոթքներ առաքեցինք դեպի Բարձրյալն Աստված՝ նահատակ քահանայի և երկու նահատակ զինվորների՝ Սամվելի և Ջիվանի հավերժական խաղաղության համար:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Մեծ Սեպասարի հոգևոր հովիվ

Օրացույց

Օրացույց


Recent Comments