• Աստվածամանկան սերը վերափոխում է կյանքը

    Աստված եկավ այս աշխարհ՝ որպես անօգնական մի մանուկ, որպեսզի խրախուսեր մեզ հոգ տանել ուրիշների մասին


    Դեկտեմբերի 24-ի երեկոյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորեց Սուրբ Ծննդյան Պատարագը, որին մասնակցում էին սահմափակ թվով մարդիկ՝ արտակարգ սանիտարահամաճարակային իրավիճակի պատճառով:

     

    Իր քարոզում Սրբազան Քահանայապետը նշեց, որ այս գիշեր կատարվեց Եսայու մեծ մարգարեությունը. «Մանուկ ծնվեց մեզ համար, Որդի տրվեց մեզ» (Եսայի 9,6): Երեխայի ծնունդը մեծ ուրախություն է, հիանալի իրադարձություն, որը փոխում և շարժման մեջ է դնում ամեն ինչ շուրջբոլորը, այն բերում է աննկարագրելի երջանկություն: Այսպիսին է Հիսուսի Ծնունդը. այն թույլ է տալիս մեզ վերածնվել և Նրա մեջ ուժ գտնել՝ բոլոր փորձությունները հաղթահարելու համար: Քրիստոս աշխարհ է գալիս մեզանից յուրաքանչյուրի համար, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Բնությունից օրհնված Աստծո Որդին գալիս է, որպեսզի Իր շնորհով մեզ դարձնի Աստծո սիրելիներ, օրհնված զավակները, և հենց սրանու՛մ է հույսի ու զորության անսպառ աղբյուրը, որը թույլ է տալիս հաղթահարել մեր բոլոր թերությունները, անցյալի վերքերն ու անհաջողությունները, ապագայի վախերն ու անհագստությունները։ «Մեր նկատմամբ Աստծո սերը կախված չէ և երբեք էլ կախված չի լինելու մեզանից․ այն անհատույց է, այն մաքրամաքուր աստվածատուր շնորհ է», որից թանկ ոչինչ չկա։

     

    Երկնային Հայրը մեզ նվիրեց Իր միածին Որդուն, սակայն տեսնելով մարդկանց անշնորհակալ լինելը Աստծո նկատմամբ և մարդկային անարդարությունը բազմաթիվ եղբայրների հանդեպ՝ կասկած է առաջանում․ արդյո՞ք ճիշտ է վարվել Տերը մեզ այսքան բան տալով։ Ինչու՞ է Նա դեռ վստահում մեզ։ Այո՛, Նա գերագնահատում է մեզ, քանզի սիրում է անսահման, անշահախնդիր սիրով. Աստված չի կարող չսիրել մեզ, և դրանով Նա տարբերվում է մեզանից: Աստված գիտի, որ մեզ փրկելու միակ եղանակը՝ մեզ սիրելն է։ Մենք կարող ենք լավը դառնալ՝ ընդունելով Նրա անխոնջ սերը, որը «չի փոխվում, սակայն փոխում է մեզ»։ Միայն Հիսուսի սերն է վերափոխում կյանքը, բուժում ամենախորը վերքերը, ազատում անբավարարվածության, զայրույթի և հանդիմանության արատավոր շրջանակներից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։

     

    «Մանուկ ծնվեց մեզ համար», Նա այս աշխարհ եկավ գիշերը՝ աղքատության և մերժման մեջ, չնայած արժանի էր ծնվելու որպես հզոր թագավոր՝ ամենագեղեցիկ դղյակում։ Իր Ծնունդով Տերը մեզ ցույց է տալիս Իր անսահման սերը մարդկության նկատմամբ՝ կրելով մարդկային ամենավատ տառապանքները. ամեն մի մերժված մարդ Աստծո սիրելի զավակն է։ Քրիստոս օգնում է մեզ ընդունել մեր թուլությունները և գիտակցել մի շատ կարևոր բան․ ինչպես Բեթղեհեմում, այնպես էլ մեզ հետ Աստված կատարում է մեծ գործեր՝ մեր աղքատության միջոցով։ «Նա մեր ողջ փրկությունը դրեց ախոռի մսուրի մեջ և չի վախենում մեր աղքատությունից. եկե՛ք թույլ տանք, որ Նրա ողորմածությունը վերափոխի մեր տառապանքները» – հավատացյալներին կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Եվս մեկ պատճառ կա, որի համաձայն հրեշտակը դիմում է հովիվներին․ «Եվ սա՛ ձեզ համար նշան կլինի․ խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք» (Ղկ․ 2,12). Բեթղեհեմի մսուրում գտնվող այս Մանուկը «Հացի տունն է», Ով մեզ կուղեկցի մեր կյանքի ընթացքում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ Մանուկ Հիսուսը հիշեցնում է, որ կյանքի համար մեզ անհրաժեշտ է իսկական հաց, որը Հիսուսն է։ Սակայն որքա՜ն հաճախ են մարդիկ ձգտում միայն զվարճանքների և աշխարհիկ հաջողությունների՝ սնվելով մթերքներով, որոնք չեն կարող հագեցնել քաղցը և թողնում են դատարկություն ներսում»։ Տիրելու անհագ ցանկությամբ համակված՝ մենք շտապում ենք դեպի պարապության, անգործության կերատաշտը՝ մոռանալով Բեթղեհեմի մսուրի մասին: Սակայն հենց այդ աղքատ, բայց սիրով լեցուն մսուներն են մեզ սովորեցնում, որ իսկական կերակուրը, որը կյանք է ծնում՝ դա այն է, որ պետք է թույլ տալ Աստծուն՝ սիրել մեզ և ուրիշներին։ Դրա օրինակը Հիսուսն է․ Նա Աստծո Խոսքն է. լինելով մանուկ, չկարողանալով խոսել՝ Նա կյանք է պարգևում։ «Մինչդեռ մենք շատ ենք խոսում, սակայն բարության մեջ անգետ ենք», – ընդգծեց Նորին Սրբությունը»։

     

    Աստված եկավ այս աշխարհ՝ որպես անօգնական մի մանուկ, որպեսզի խրախուսեր մեզ հոգ տանել ուրիշների մասին: Նրա մեղմ աղաղակը ստիպում է ձեզ հասկանալ, թե որքա՜ն անիմաստ են մեր քմահաճույքներից շատերը: Նրա անզեն սերը հիշեցնում է, որ մեզ ընծայված ժամանակը ամենևին էլ ինքներս մեզ սգալու համար չէ․ այն մեզ տրված է տառապող մերձավորներին օգնելու համար։ Աղքատ և կարիքավոր Աստվածը բնակվում է մեր կողքին, որպեսզի ասի․ ծառայելով աղքատներին՝ մենք կսիրենք հենց Իրեն։

     

    Իր քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն աղոթեց, որպեսզի Տերը սովորեցնի մեզ հոգ տանել կարիքավորների մասին, քանզի այս գիշերից հետո նրանք մեր եղբայրներն են։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց