• Նախապատրաստենք մեր սրտերը՝ Աստծուն ընդունելու համար

    «Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»


     

    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ, կոչ արեց «այո» ասել Տիրոջը Սուրբ Կույս Մարիամի օրինակով՝ կատարելով կոնկրետ քայլեր Սուրբ Ծննդյանն ընդառաջ. չբողոքել, որ համավարակը մեզ թույլ չի տալիս գործել, այլ մտածել աղքատների մասին, որոնց մասին ոչ ոք չի մտածում և աղոթել, որպեսզի մեր սիրտն ազատենք չարիքից և ընդունենք Հիսուսին:

     

    Մեկնաբանելով Ղուկասի Ավետարանից մի հատված, որում պատմվում է Ավետման մասին, Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, որ հրեշտակի լուրը միայն ուրախալի չէր.

     

    «Այդ ժամանակի ո՞ր կինը չէր երազում դառնալ Փրկչի մայրը: Սա մեծ ուրախություն էր և միևնույն ժամանակ մեծ փորձություն Մարիամի համար: Ինչու՞: Որովհետև այդ պահին Նա «նշանված էր» (տես՝ Ղկ. 1,27): Այս իրավիճակում Մովսեսի Օրենքն արգելում էր որևէ հարաբերություն կամ համատեղ կյանք: Հետևաբար, որդի ունենալով՝ Մարիամը կխախտեր Օրենքը, իսկ կանանց համար պատիժը սարսափելի էր. նախատեսված էր քարկոծում (տես՝ Երկրորդ Օրենք 22, 20-21): Անշուշտ, աստվածային ուղերձը լույսով և զորությամբ լցրեց Մարիամի սիրտը: Այնուամենայնիվ, Նա պետք է կարևոր որոշում կայացներ. ասել «այո՛» Աստծուն՝ վտանգելով ամեն ինչ, նույնիսկ սեփական կյանքը, կամ էլ հրաժարվել և շարունակել ապրել սովորական կյանքով»:

     

    «Թող քո խոսքի համաձայն լինի ինձ», – պատասխանում է Մարիամը (Ղկ. 1, 38): Ավետարանի լեզվով դա պարզապես «այո՛» չէ: Այս արտահայտությունն ընդգծում է մեծ ցանկությունն ու կամքը, որպեսզի կանխատեսված իրադարձությունը կատարվի: Այլ կերպ ասած, Մարիամը չի ասում. «Եթե դա պետք է պատահի, թող լինի, եթե այլ կերպ չի կարող լինել…»: Նա ուղղակի հնազանդորեն չի պատասխանում, այլ դրսևորում է ուժեղ և կենդանի ցանկություն, որպեսզի կատարվի այն, ինչ  Իրեն ասվել էր: Մարիամը պատրաստ է լիովին և անմիջապես ծառայել իր Տիրոջը: Նա կարող էր ժամանակ խնդրել մտածելու համար, կամ լրացուցիչ բացատրություններ պահանջել այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, Նա նույնիսկ կարող էր պայմաններ դնել: Սակայն Մարիամը ժամանակ չի պահանջում, Աստծուն չի ստիպում սպասել: Ի տարբերություն մեզ, Նա չի հապաղում, շարունակեց Նորին Սրբությունը. մենք հաճախ դանդաղում ենք և «վաղվան ենք թողնում այն», ինչը պետք է անմիջապես կատարենք: Մենք չենք շտապում աղոթել՝ մտածելով, որ ավելի կարևոր գործեր կան: Մենք չենք շտապում օգնել որևէ մեկին՝ արդարանալով, որ զբաղված ենք. «Ես դա վաղը կանեմ», այսինքն երբեք չեմ անի: Այսօր՝ Սուրբ Ծննդյան նախաշեմին, Մարիամը մեզ հրավիրում է չհետաձգել, այլ՝ «այո՛» ասել:

     

    Յուրաքանչյուր «այո» ինչ-որ բան արժե, յուրաքանչյուր «այո» ունի իր գինը, բայց այն միշտ ավելի քիչ արժե, քան Մարիամի համարձակ և վճռական «այո»-ն, որը մեզ փրկություն բերեց, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր «այո»-ն: «Դժվարին ժամանակներից դժգոհելու փոխարեն, որ համավարակը խանգարում է մեզ այս կամ այն բանն անել, եկե՛ք ինչ-որ բան անենք նրանց համար, ովքեր կարիքավոր են. ոչ թե հերթական նվերն անել մեզ և մեր ընկերների համար, այլ օգնել կարիքավոր մարդուն, ում մասին ոչ ոք չի մտածում», – ասաց Սրբազան Քահանայապետը և զգուշացրեց սպառողական վարքագծի մասին, որը մեզանից գողացավ Սուրբ Ծննդյան խորհուրդը.

    «Սպառողականությունը ոչ մի կապ չունի Բեթղեհեմի մսուրի հետ, քանզի այնտեղ իրականությունն է, աղքատությունը, սերը: Նախապատրաստե՛նք մեր սրտերը, ինչպես դա արեց Մարիամը, որպեսզի այն ազատվի չարիքից և պատրաստ լինի ընդունել Աստծուն»:

     

    «Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Սուրբ Կույս Մարիամի այս խոսքերը հրավերք են, որպեսզի կատարենք կոնկրետ քայլեր Սուրբ Ծննդյանն ընդառաջ, ասաց Նորին Սրբությունն իր խորհրդածության ավարտին. «Քանզի, եթե Հիսուսի ծնունդը չի ազդում մեր կյանքի վրա, ապա այն մեզ համար ապարդյուն կանցնի»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց