Դադարել ինքդ քեզ վրա սևեռվելուց և կենտրոնում դնել Հիսուսին, քանզի Հիսուսն իսկապես կենտրոնն է, Նա այն լույսն է, որը լիարժեք իմաստ է հաղորդում յուրաքանչյուր մարդու կյանքին, ով գալիս է այս աշխարհ:
«Որքան մոտ է մեզ Տերը, այնքան ուրախ ենք, որքան հեռու է Նա մեզանից, այնքան տխուր ենք», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը` «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ 2020թ. դեկտեմբերի 13-ին: Նորին Սրբությունը Հիսնակաց շրջանը համեմատեց «այն մարդու ուրախ սպասման հետ, ում շատ ենք սիրում, օրինակ ընկերոջ, որին վաղուց չենք տեսել»:
Կիրակնօրյա Ավետարանը մեզ ներկայացնում է Հովհաննես Մկրտչին, ով ևս ապրում էր Փրկչի սպասումով՝ Մարիամի և Հովսեփի նման: Հովհաննես Մկրտիչը առաջինն էր, ով վկայեց Հիսուսի մասին՝ դա անելով խոսքով և կյանքի պարգևով, ընդգծեց Նորին Սրբությունը: Հովհաննես Մկրտչի առաքելությունը Հիսուսին որպես Փրկիչ ներկայացնելն էր, որը կանխագուշակել էին մարգարեները: Հովհաննեսն իր ժամանակի առաջնորդն էր, սակայն ոչ մի պահ չտրվեց իր վրա ուշադրություն հրավիրելու գայթակղությանը. «Նա միշտ ձգտում էր նրան, ով պիտի գար»: Հիմք ընդունելով մարգարեի այս հատկությունը՝ Սրբազան Քահանայապետն ասաց.
«Դա քրիստոնեական ուրախության առաջին պայմանն է. դադարել ինքդ քեզ վրա սևեռվելուց և կենտրոնում դնել Հիսուսին, քանզի Հիսուսն իսկապես կենտրոնն է, Նա այն լույսն է, որը լիարժեք իմաստ է հաղորդում յուրաքանչյուր մարդու կյանքին, ով գալիս է այս աշխարհ: Սա սիրո հենց նույն դինամիզմն է, որը խրախուսում է մարդուն դուրս գալ իր հետաքրքրությունների սահմաններից՝ ոչ թե ինքն իրեն կորցնելու, այլ գտնելու համար, իրեն նվիրաբերելով և գործելով ի նպաստ ուրիշների»:
Հովհաննես Մկրտիչն անցել է երկար ու դժվարին ճանապարհ, որն ունեցել է մեկ նպատակ. վկայել Հիսուսի մասին: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ուրախության ճանապարհը զբոսանք չէ, այլ ամենից առաջ աշխատանք է ինքդ քեզ վրա: Հովհաննեսը թողեց ամեն ինչ՝ Աստծուն առաջին տեղում դնելու համար: Նա մեկուսացավ անապատում՝ վարելով ճգնավորի կյանք, որպեսզի առաջնորդվեր միայն Աստծո Հոգով: «Նրա վկայությունը օրինակ է բոլորի համար, ովքեր ցանկանում են գտնել իսկական ուրախություն և իմաստ իրենց կյանքում», – ասաց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ ուրախությունը պետք է լինի մեր հավատքի առանձնահատուկ նշանը: «Մենք չենք կարող ունենալ տխուր դեմք, երբ Քրիստոսը մեր կյանքի կենտրոնում է»:
Այս ամենն ամբողջությամբ իրականացավ Սուրբ Կույս Մարիամի մեջ, Ով լուռ սպասում էր Աստծո փրկարար Խոսքին: «Նրա մեջ Աստված մեզ համար դարձավ մերձավոր Աստված»: Հենց սրա համար էլ Եկեղեցին Մարիամին անվանում է «մեր ուրախության պատճառը», – եզրափակեց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը