• Քահայական տարեկան ամփոփիչ հոգևոր ժողով

    Խաղաղության և նոր հույսերի ակնկալիքով


    Դեկտեմբերի 21-22-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում տեղի ունեցավ քահանայական տարեկան ամփոփիչ հոգևոր ժողով: Մասնակցում էին Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականները և Մխիթարյան միաբան հայրերը՝ առաջնորդությամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի: Վրաստանում և Ռուսաստանում ծառայող հոգևորականները չկարողացան ներկա գտնվել՝ համավարակային պայմանների պատճառով. նրանք ժողովական հայրերին միացան հեռակա կարգով՝ համացանցի միջոցով, դեկտեմբերի 22-ի առավոտյան քննարկմանը:

     

    Առաջին օրը հոգևորականները միասին աղոթեցին երեկոյան ժամերգությունը, ապա տեղի ունեցավ հոգևոր խորհրդածություն՝ բանախոսությամբ Առաջնորդ Հոր: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն իր խորհրդածության առանցքում դրել էր Աստծո հետ քահանայի անհատական մտերմության, անհատական աղոթական կյանքի զարգացման սկզբունքը՝ որպես հիմք՝ քահանայական ծառայության  առաքելության առաջադիմության համար. ժողովրդի հետ կարելի է արդյունավետ աշխատել և Աստծո ձեռքերում լինել լավ աշխատող ավետարանացման և սրբագործման գործիք՝ միայն Քրիստոսի հետ անհատական մտերմությունը օրեցօր առավել խորացնելու, Քրիստոսի հետ սիրո միությունը, Նրա հետ նմանությունը զարգացնելու միջոցով: «Ո՞վ եմ ես Քրիստոսի առաջ և Քրիստոսի համար». հարցը պետք է ուղեկցի քահանային ամեն օր՝ իր առաքելության մեջ, որպեսզի կարողանա իր հոգևոր խնամատարությանը հանձնված հավատացյալներին օգնել հասկանալու, թե ովքեր են իրե՛նք Քրիստոսի առաջ և ինչ պարտականություններ ունեն:

     

    Միասնական ընթրիքից հետո հոգևորականները երկխոսեցին և քննարկեցին հովվական ծառայության հետ կապված իրողություններ, խնդիրներ, որոնք լուծումները հարկավոր է միասին գտնել:

     

    Երկրորդ օրը սկսվեց միասնական Սուրբ Պատարագի մատուցմամբ, ապա տեղի ունեցավ քննարկում հովվական մի քանի հարցերի շուրջ, Առաջնորդ Հայրը կատարեց մի քանի շեշտադրություններ, ապա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ մասնակցության և կատարած աշխատանքների համար՝ մաղթելով խաղաղություն և շնորհաբեր, օրհնաբեր Սուրբ Ծննդեան տոն:

     

     

Օրացույց

Օրացույց