Սբ. Հովսեփի միջոցով Աստված մեզ նորից ու նորից ասում է. «Մի՛ վախեցեք, քանզի հավատքը իմաստ է տալիս յուրաքանչյուր ուրախ կամ տխուր իրադարձությանը»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց Patris corde («Հայրական սրտով») առաքելական նամակը և հռչակեց Սբ. Հովսեփին նվիրված հատուկ եկեղեցական տարի՝ Սբ. Հովսեփին Ընդհանրական Եկեղեցու պաշտպան հռչակելու 150-ամյակի առիթով:
Սիրելի՛ և բարի հայր, ուշադիր և ընդունող հայր, աշխատասեր հայր՝ լի ստեղծագործական համարձակությամբ, միշտ ստվերում մնացող հայր. այսպիսի խոսքերով է Սրբազան Քահանայապետը նկարագրում Սբ. Հովսեփին՝ «Patris corde» («Հայրական սրտով») առաքելական ուղերձում: Նոր փաստաթուղթը հրապարակվեց դեկտեմբերի 8-ին՝ Սուրբ Հովսեփին Կաթողիկէ Եկեղեցու երկնային հովանավոր հռչակելու 150-ամյակի առիթով: 1870թ. դեկտեմբերի 8-ին Պիոս IX Պապն այս կոչումը շնորհեց Սբ. Հովսեփին՝ հրապարակելով Quemadmodum Deus հրամանագիրը: Այս առիթը նշանավորելու համար Նորին Սրբությունը հռչակեց Սբ. Հովսեփին նվիրված հատուկ եկեղեցական տարի, որը կշարունակվի մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը:
Առաքելական ուղերձը գրվել է COVID-19 համավարակի ժամանակ: Այս աղետը մեզ օգնեց հասկանալ հասարակ մարդկանց արժեքը, ովքեր, հասարակության աչքից հեռու, ամեն օր համբերություն են դրսևորում և հույս ներշնչում՝ ամրապնդելով փոխադարձ պատասխանատվությունը, ասաց Սրբազան Քահանայապետը: Նրանք նման են Սբ. Հովսեփին՝ մի մարդու, «ով մնում է աննկատ, ով զուսպ է ու թաքնված իր առօրյա կյանքում»: Այնուամենայնիվ, նա «փրկության պատմության աննախադեպ հերոս է»: Սբ. Հովսեփն իր հայրությունը դրսևորեց կոնկրետ օրինակով՝ «նա իր կյանքը զոհաբերեց սիրուն՝ հանուն Փրկչին, Մեսիային ծառայելու»: Հենց դրա համար էլ նա միշտ սիրված է եղել քրիստոնյա ժողովրդի կողմից: Նրա մեջ Հիսուս տեսել է Աստծո քնքշությունը, որն օգնում է մեզ ընդունել մեր թուլությունը, որի շնորհիվ իրականանում են Աստծո ծրագրերը: Աստված «չի քննադատում մեզ, Նա մեզ Իր գիրկն է առնում, աջակցում է և ներում»: Հովսեփը նաև Աստծուն խորապես հնազանդ հայր է. իր համաձայնությամբ նա փրկում է Մարիամին և Հիսուսին, սովորեցնում է իր Որդուն կատարել Երկնային Հոր կամքը՝ համագործակցելով Քավության մեծ խորհրդի մեջ:
Հովսեփը նաև սիրալիր հայր է, քանզի նա ընդունում է Մարիամին առանց որևէ պայմանի, իսկ դա, ըստ Նորին Սրբության, հանդիսանում է կարևոր մի քայլ՝ նաև «մեր օրերում, երբ ակնհայտ է կանանց նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնությունը»: Սուրբ Կույս Մարիամի ամուսինը ամեն ինչում ապավինում է Տիրոջը. Նա ընդունում է իրադարձություններ, որոնց իմաստը դեռ չի հասկանում, և դա անում է քաջությամբ՝ ըստ Սուրբ Հոգու զորության: Սբ. Հովսեփի միջոցով Աստված մեզ նորից ու նորից ասում է. «Մի՛ վախեցեք, քանզի հավատքը իմաստ է տալիս յուրաքանչյուր ուրախ կամ տխուր իրադարձությանը»: Հիսուսին որդեգրող հոր բարեհոգությունը «քաջալերում է մեզ ընդունել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք կան իրական կյանքում՝ չբացառելով որևէ մեկին, իհարկե, նախապատվությունը տալով թույլերին»: Patris corde առաքելական ուղերձն ընդգծում է Սբ. Հովսեփի «ստեղծագործական համարձակությունը», ով կարողանում է «խնդիրները վերածել հնարավորությունների՝ միշտ և ամենից առաջ ապավինելով Աստծո նախախնամությանը»: Սուրբը բախվում է իր ընտանիքի կոնկրետ խնդիրներին, ինչպես մեր աշխարհի բոլոր ընտանիքները, հատկապես գաղթականների ընտանիքները, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Հիսուսի և Մարիամի պահապանը «չի կարող չլինել Եկեղեցու՝ Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի և Եկեղեցու մայրության պահապանը», քանզի յուրաքանչյուր կարիքավոր «մանուկ է», ում պաշտպանում է Սբ. Հովսեփը՝ օգնելով մեզ սիրել Եկեղեցին ու աղքատներին:
Սուրբ Կույս Մարիամի ամուսինն ազնիվ ու աշխատասեր հյուսն է, ով սովորեցնում է մեզ արժանապատվությամբ և ուրախությամբ ճաշակել հացը, որը մեր ձեռքերի աշխատանքի պտուղն է: Սա հիմք ընդունելով՝ Նորին Սրբությունն ընդգծում է աշխատանքի կարևորությունը, որը դարձել է «հրատապ սոցիալական խնդիր»՝ նույնիսկ բարգավաճման բավարար մակարդակ ունեցող երկրներում: «Անհրաժեշտ է գիտակցել աշխատանքի կարևորությունը, որը արժանապատվություն է պարգևում», դառնում է փրկության գործի մասնակիցը և հնարավորություն է տալիս կայանալ հանուն ընտանիքի: Սրբազան Քահանայապետը կոչ է անում բոլորին՝ կրկին վերագտնել աշխատանքի արժեքը, կարևորությունն ու անհրաժեշտությունը, որպեսզի «ստեղծվի նոր կանոնավորություն, որում ոչ ոք մերժված չի լինի»: Մասնավորապես, ուշադրություն հրավիրելով COVID-19 համավարակի պատճառով գործազրկության աճի վրա՝ Նորին Սրբությունը հորդորում է հավատացյալներին ամեն ինչ անել, որպեսզի «ոչ մի երիտասարդ, ոչ մեկը և ոչ մի ընտանիք չմնա առանց աշխատանքի»:
«Հայրեր չեն ծնվում, հայրեր դառնում են», քանի որ մարդը հոգ է տանում երեխայի մասին՝ կրելով պատասխանատվություն նրա կյանքի համար: Ցավոք սրտի, ժամանակակից հասարակությունում երեխաները հանդիսանում են իրենց հարազատ հայրերի որբերը, ովքեր կարող էին իրենց երեխաներին ծանոթացնել կյանքի փորձի հետ և չպահել սեփական իշխանության տակ, այլ օգնել նրանց ընտրություն կատարել և միշտ մնալ ազատ: Այս առումով Սբ. Հովսեփին անվանում են ողջամիտ, որը հանդիսանում է մոլագարության հակապատկերը. Նա սիրում էր բացարձակապես ազատ և չէր կենտրոնանում ինքն իր վրա՝ իր կյանքի կենտրոնում դնելով Հիսուսին և Մարիամին: Հովսեփի երջանկությունը «հենց ինքն է», քանզի ապավինելով Աստծուն՝ նա լռում է, չի բողոքում, բայց կատարում է «վստահության կոնկրետ քայլեր»: Նրա անհատականությունը ծայրաստիճան ցուցանշական է մի աշխարհում, որն «ունի հայրերի կարիք և մերժում է տերերին», որը մերժում է նրանց, ովքեր «իշխանությունը շփոթում են ավտորիտարիզմի հետ, ծառայությունը՝ ստրկամտության հետ, բանավեճը՝ կեղեքման հետ, ողորմությունը՝ պարտադրված օգնության հետ, ուժը՝ կործանման հետ»:
Սրբազան Քահանայապետը պատմում է իր հին սովորության մասին, որ ինքն ամեն օր աղոթում է Սբ. Հովսեփին՝ 19-րդ դարի ֆրանսիական վանական մի աղոթագրքով: Սուրբ Հովսեփին ուղղված աղոթական աղերսները, պարզաբանում է Նորին Սրբությունը, արտահայտում են «նվիրվածություն և վստահություն» այդ մեծ սրբի նկատմամբ, սակայն նաև դրսևորում են որոշակի մարտահրավերներ, որոնք ավարտվում են հետևյալ խոսքերով. «Թող չասեն, որ ես զուր եմ քեզ աղերսել, ցու՜յց տուր ինձ, որ քո բարությունը նույնքան մեծ է, որքան ուժդ»:
Patris corde փաստաթղթին կցված է Առաքելական պենիտենցիարիայի հրամանագիրը, որը Սրբազան Քահանայապետի կարգադրությամբ սահմանում է Սբ. Հովսեփի հատուկ տարի և հավատացյալներին տալիս է «հատուկ թողությունների պարգևներ»: Հատկապես սա վերաբերում է այն օրերին, որոնք ավանդաբար նվիրված են Սուրբ Հովսեփին (մարտի 19-ին և մայիսի 1-ին), սակայն այն նաև վերաբերում է հիվանդներին և տարեցներին՝ ներկայիս սանիտարահամաճարակային արտակարգ իրավիճակի պայմանները նկատի ունենալով:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան
ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՅՈՎՍԷՓԻՆ՝ ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԱՐ
Ողջո՜յն, Պահապան Փրկչի,
Ամուսի՜ն Երանելի Սուրբ Կոյս Մարիամի,
Աստուած Քեզ վստահեց իր Միածին Որդուն,
Քեզ վստահությամբ հետեւեց Մարիամը,
Քո կողքին Քրիստոս դարձաւ մարդ:
Երանելի՜ Յովսէփ, մեզ համար եւս եղի՜ր հայր եւ
Առաջնորդի՜ր մեզ կեանքի ճանապարհին:
Մեզ համար ձեռք բե՜ր շնորհ, ողորմութիւն եւ քաջութիւն,
Եւ պաշտպանի՜ր մեզ ամենայն չարից. ամէն:
Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետ
«Հայրական սրտով» առաքելական նամակ
Թարգմ.՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյան