• Քահանայապետն աշխարհը հանձնեց Անարատ Հղության պաշտպանությանը

    «Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհօք, Տէր ընդ քեզ»


    Դեկտեմբերի 8-ին Սուրբ Պետրոսի հրապարակում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց «Հրեշտակ Տեառն» աղոթքը: Դիմելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը խորհրդածեց Սուրբ Կույս Մարիամի Անարատ Հղության տոնի մասին և մեկնաբանեց տոնակատարության ծիսական ընթերցումները:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ Եկեղեցին տոնում է փրկության պատմության ամենամեծ հրաշքներից մեկը: Մարիամին ևս փրկել է Քրիստոսը, սակայն միանգամայն անսովոր ձևով, քանզի Աստված կամեցավ, որ Իր Որդու Մայրը հեռու մնա մեղքից: Իր երկրային կյանքի ընթացքում Սուրբ Տիրամայրը ոչ մի մեղք չգործեց. Նա «Շնորհընկալ» էր (Ղկ. 1,28) և ուրախանում էր Սուրբ Հոգու բացառիկ արարքով: Նա միշտ պահպանել է կատարյալ հարաբերություններ իր որդու՝ Հիսուսի հետ՝ լինելով Նրա հավատարիմ աշակերտը:

     

    Հիանալի տողերով, որով սկսվում է Եփեսացիներին ուղղված նամակը (տես՝ Եփս. 1.3-6.11-12), Սուրբ Պողոսը մեզ հասկացնում է, որ Աստծո կողմից յուրաքանչյուր մարդ արարած ստեղծված է հանուն սրբության և գեղեցկության այն լիության, որով ի սկզբանե օժտված էր Սուրբ Կույս Մարիամը: Նպատակը, որի համար մենք բոլորս կանչված ենք՝ դա Աստծո շնորհն է, Ով «ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով» (տե՛ս՝ Եփս. 4): Նա նախասահմանեց մեզ որդեգրության՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (տես՝ Եփս. 5), որպեսզի մի օր ամբողջովին ազատվենք մեղքի կապանքներից: Դա Աստծո իսկական շնորհն ու անհատույց պարգևն է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Այն, ինչը հենց սկզբից տրվել է Մարիամին, մեզ կտրվի վերջում, միայն այն բանից հետո, երբ կանցնենք Աստծո շնորհի մաքրագործող «կնքավազանի» միջով, որը բացում է երկնային դռները: Բոլոր սրբերն էլ անցել են այս ճանապարհով, քանզի նույնիսկ ամենաանմեղները կնքված են եղել սկզբնական մեղքով և ամբողջ ուժով պայքարել են դրա հետևանքների դեմ, որի արդյունքում նրանք անցան դեպի կյանք տանող «նեղ դռնով» (տես՝ Ղկ. 13,24). Զարմանալի է այն, որ, վստահորեն, դրախտում հայտնված առաջին մարդուն դժվար էր անվանել «լավ» մարդ իր կյանքի ընթացքում և առաջին մարդը երկու ավազակներից մեկն էր, ովքեր խաչվեցին Հիսուսի հետ միասին Գողգոթայում: Այդ մարդը դիմեց Քրիստոսին հետևյալ խոսքերով. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ», որին Տերը պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղկ. 23,42-43): Աստծո շնորհը նվիրված է բոլորին և շատերը, որ այս աշխարհում վերջիններ են, երկնքում առաջիններ պիտի լինեն (տես՝ Մկ. 10,31), ընդգծեց Սրաբազան Քահանայապետը: Սակայն պետք չէ անընդհատ հետաձգել խղճի լուրջ փորձությունները՝ չարաշահելով Տիրոջ համբերությունը: Միգուցե, հնարավոր է, որ մենք խաբենք մարդկանց, սակայն Աստծուն խաբել անհնար է, որովհետև Նա մեր սրտերը մեզանից լավ է ճանաչում: Սա պետք է հասկանալ քրիստոնեական, այլ ոչ թե՝ աշխարհիկ իմաստով: Անհրաժեշտ է հենց հիմա «ո՛չ» ասել չարին և «այո՛»՝ Աստծուն, բացվել Նրա շնորհի առջև, այլևս կեղծավորություն չանել: Անհրաժեշտ է նայել իրականությանը և գիտակցել, որ, ցավոք սրտի, մենք Աստծուն և մերձավորին չենք սիրում այնպես, ինչպես պարտավոր ենք: Խոստովանվելուց հետո՝ մենք պարտավոր ենք ընտրել դարձի ուղին՝ նախ Աստծուց ներում խնդրել Հաշտության Խորհրդի միջոցով, այնուհետև ուղղել այն չարիքը, որը գործել ենք ուրիշների հանդեպ: «Տերը թակում է մեր դռները, թակում է մեր սրտերը», Նա ցանկանում է բարեկամաբար գալ մեզ մոտ և փրկել մեզ:

     

    Այսպիսին է սուրբ և անարատ դառնալու մեր ճանապարհը, ընդգծեց Նորին Սրբությունը. մեր Մոր անբիծ մաքրությունը անկրկնելի է, բայց միևնույն ժամանակ այն գրավում է մեզ: Վստահե՜նք Սուրբ Կույս Մարիամին ու մեկընդմիշտ «ո՛չ» ասենք մեղքին և «այո՛»՝ շնորհին, հավատացյալներին կոչ արեց Սրբազան Քահանայապետը:

     

    Դեկտեմբերի 8-ին ավելի վաղ՝ առավոտյան 07:00-ին, Սուրբ Կույս Մարիամի Անարատ Հղության տոնին, Սրբազան Քահանայապետը ժամանել էր Հռոմի՝ Իսպանիայի հրապարակ և աղոթել Տիրամոր արձանի դիմաց: Այս տարի Նորին Սրբության ավանդական ամենամյա աղոթքը չուղեկցվեց ուխտավորների հոծ բազմությամբ՝ համավարակի պատճառով: Նա խնդրեց Սուրբ Տիրամոր բարեխոսությունը բոլոր նրանց համար, ովքեր այդ քաղաքում և ամբողջ աշխարհում տառապում են հիվանդություններից և հուսահատությունից: Այնուհետև Նորին Սրբությունը Սանթա-Մարիա-Մաջորե մատուռում աղոթել էր Սուրբ Կույս Մարիամի հրաշագործ սրբապատկերի՝ Salus popoli romani («Հռոմի ժողովրդի փրկությունը») առջև, որից հետո Սուրբ Պատարագ մատուցել Քրիստոսի Սուրբ Ծննդյան մատուռում:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց