«Ամենից առաջ պետք է հիշել, որ ապաշխարությունը Աստծո ողորմության շնորհն է»
Սրտի ապաշխարությունը Տիրոջ կողմից տրված ողորմություն է: Ոչ ոք չի կարող ապաշխարել իր ուժերով, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ 2020թ. դեկտեմբերի 6-ին:
Մեկնաբանելով կիրակնօրյա Ավետարանի հատվածը (Մկ. 1,1-8)՝ Նորին Սրբությունն ընդգծեց հետևյալը. «Սբ. Հովհաննես Մկրտիչն իր ժամանակակիցներին առաջարկում էր հավատի ուղի, ինչպիսին այն ճանապարհն է, որն առաջարկում է մեզ Սուրբ Ծննդյան տոնին նախապատրաստվելու ժամանակահատվածը»:
«Հավատի ուղին ապաշխարելու ճանապարհն է: Ի՞նչ է նշանակում «ապաշխարել»: Աստվածաշնչում այս բառն ամենից առաջ նշանակում է ուղղության և կողմնորոշման փոփոխություն՝ այսինքն մեր մտածելակերպի փոփոխություն: Բարոյական և հոգևոր կյանքում ապաշխարել՝ նշանակում է ընտրել բարին և Աստծո սերը: Հենց սա՛ էր սովորեցնում Հովհաննես Մկրտիչը, ով «մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար» (Մկ. 1,4): Մկրտությունն ապաշխարության արտաքին և տեսանելի նշան էր բոլոր նրանց համար, ովքեր լսում էին նրա քարոզները և որոշում էին խոստովանել իրենց մեղքերը: Մկրտությունն արվում էր Հորդանան գետի ջրերում, սակայն եթե բացակայում էր զղջալու և կյանքը փոխելու պատրաստակամությունը, ապա այդ ամենը դառնում էր անիմաստ՝ մնալով միայն որպես նշան»:
Ապաշխարությունն ենթադրում է կատարած մեղքերի զղջում, նրանցից ազատվելու ցանկություն և դրանք կյանքից ընդմիշտ բացառելու մտադրություն, ասաց Սրբազան Քահանայապետը.
«Մեղքը բացառելու համար անհրաժեշտ է հրաժարվել այն ամենից, ինչը մեղքի պատճառ է հանդիսանում՝ այսինքն աշխարհիկ մտածելակերպից, հարմարավետության, բարեկեցության, հարստության նկատմամբ ունեցած մեծ սիրուց»:
Նման օրինակ է Հովհաննես Մկրտիչը, ով շատ խիստ էր ինքն իր նկատմամբ: Նա բավարարվում էր միայն անհրաժեշտով՝ հրաժարվելով ավելորդություններից: Այսպիսով, ապաշխարության առաջին կողմը մեղքերի խոստովանությունը և աշխարհիկ մտածելակերպից հրաժարվելն է:
Ապաշխարության մյուս կողմը Աստծուն և Նրա Արքայությունը որոնելն է, շարունակեց Նորին Սրբությունը.
«Բարեկեցությունից և աշխարհիկ մտածելակերպից հրաժարվելը չպետք է լինի ինքնանպատակ: Դա հոգևոր պրակտիկա չէ, որով զբաղվելու միակ նպատակը ապաշխարելն է. քրիստոնյաները հնդիկ ճգնավորներ չեն: Խոսքն այստեղ լրիվ այլ բանի մասին է: Հրաժարման նպատակը պետք է լինի Աստծո Արքայության որոնումը, Աստծո հետ հաղորդությունը, Աստծո հետ մտերմությունը»:
Սակայն դա հեշտ չէ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանզի մեզ շատ բան է կապում և պահում մեղքին մոտ. մեր փոփոխականությունը, հուսահատությունը, զայրույթը, անառողջ շրջապատը, վատ օրինակները: «Երբեմն մեր ձգտումը դեպի Աստված շատ թույլ է և թվում է, թե Աստված լուռ է: Նրա խոստացած մխիթարությունը թվում է հեռավոր և անիրական», ինչպես հովվի կերպարը Եսայու գրքից (տե՛ս՝ Ես. 40, 1-11): Այդ ժամանակ կասկածներ են առաջանում իրական ապաշխարության հնարավորության վերաբերյալ.
«Քանի՜ անգամ ենք հուսախաբվել և ասել. «Ո՛չ, ես չեմ կարող: Դեռ չսկսած՝ ես հետ եմ վերադառնում»: Դա վատ է: Երբ քեզ նման միտք է այցելում, մի՛ կանգնիր դրա վրա, քանզի դա միջակ կյանքի սորուն ավազ է»:
Ի՞նչ պետք է անել, երբ մեզանից որևէ մեկը ցանկանում է ապաշխարել, սակայն զգում է, որ չի կարող, – հարց տվեց Նորին Սրբությունը և ընդգծեց. «Ամենից առաջ պետք է հիշել, որ ապաշխարությունը Աստծո ողորմության շնորհն է»:
«Ոչ ոք չի կարող ապաշխարել իր ուժերով: Դա շնորհ է, որն Աստված է տալիս, այդ իսկ պատճառով այն պետք է խնդրել համառորեն: Պետք է խնդրել Աստծուն, որպեսզի Նա օգնի մեզ ապաշխարել այնքանով, որքանով մենք բացվում ենք Աստծո գեղեցկության, բարության, քնքշության առջև»:
Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ է՛լ ավելի հեռանալ մեղքից և աշխարհիկ ունայնությունից, որպեսզի բացվենք Աստծո, Նրա Խոսքի, Նրա վերածնող և փրկող սիրո առջև:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը