«Կյանքի փոթորիկների ժամանակ Աստված միշտ մեզ ձեռք է մեկնում և ազատում սպառնալիքներից»
Հիսնակաց շրջանը հույսի համառ կոչ է, այն մեզ հիշեցնում է, որ Աստված ներկա է աշխարհի պատմության մեջ՝ ուղղորդելով այն դեպի իրականացում և բարձրագույն նպատակ, որը հենց Հիսուս Քրիստոսն է: Տերը մեզ միշտ առաջնորդում է առօրյա կյանքում, օգնում է բացահայտել դրա իմաստը: Նա քաջություն է տալիս մեզ փորձությունների ժամանակ, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ՝ 2020թ. նոյեմբերի 29-ին:
Խորհրդածելով հիսնակաց շրջանի ծիսական ընթերցումների մասին, որոնցով սկսվում է նոր ծիսական տարին, Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Եկեղեցին նշում է ժամանակի ընթացքը Հիսուսի կյանքի հիմնական իրադարձությունների և փրկության պատմության տոնակատարությամբ.
«Եկեղեցին, որպես Մայր, լուսավորում է մեր կյանքի ճանապարհը, աջակցում է մեզ ամենօրյա հոգսերի հաղթահարման մեջ և տանում է դեպի Քրիստոսի հետ վճռական հանդիպման: Այսօրվա Պատարագը մեզ հրավիրում է ապրելու, զգալու ծիսական տարվա առաջին հոգևոր ժամանակաշրջանը՝ հիսնակաց շրջանը, որը մեզ նախապատրաստում է Սուրբ Ծննդին՝ որպես սպասման և հույսի ժամանակաշրջան:
Նորին Սրբությունը հիշատակեց Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակը (1 Կրնթ. 1, 3-9), որտեղ, որպես սպասման նպատակ, նշվում է «Տիրոջ հայտնությունը» (տե՛ս՝ 1 Կորնթ. 1,7): Առաքյալը կոչ է անում քրիստոնյաներին պատրաստվել Հիսուսի հետ հանդիպմանը, Ով կգա ժամանակների վերջում և Ով գալիս է ամեն օր, որպեսզի Նրա շնորհով կարողանանք բարիք գործել մեր և ուրիշների կյանքում, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.
«Մեր Աստվածն եկավ պատմության ճիշտ պահին և մարդ դարձավ, որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը: Նա կգա վերջում՝ որպես Ընդհանրական (տիեզերական) դատավոր: Նա ամեն օր գալիս է այցելելու Իր ժողովրդին՝ ամեն մի մարդու, ով ընդունում է Նրան Խոսքով, Խորհուրդներով, եղբայրների և քույրերի մեջ»:
Մենք գիտենք, որ կյանքում լինում են վերելքներ ու վայրէջքներ, լուսավոր ու խավար պահեր, շարունակեց Նորին Սրբությունը: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են հիասթափություններ, անհաջողություններ և կորուստներ: Բացի այդ, իրավիճակը, որում համավարակի պատճառով հայտնվել է ամբողջ աշխարհը, շատերի մոտ առաջացնում է անհանգստություն, վախ ու հուսահատություն, որը կարող է առաջ բերել վատատեսություն, անտարբերություն և ինքնամփոփություն: Ինչպե՞ս դիմակայել այս ամենին: Պատասխանը հուշում է սաղմոսը. «Մեր հոգիները սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը: Նրանով թող ուրախանան մեր սրտերը» (Սղմ. 32, 20-21): «Այսինքն, մեր հոգին, որը ապավինում է Տիրոջը, օգնում է մեզ գտնել մխիթարություն և քաջություն մեր կյանքի դժվարին պահերին: Որտեղի՞ց այդ քաջությունն ու հուսադրող ոգեշնչումը: Նրանք հույսից են ծնվում, իսկ հույսը չի հիասթափեցնում, այն տանում է մեզ Տիրոջ հետ հանդիպմանը», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Աստված ներկա է մարդկության պատմության մեջ, Նա միշտ մեզ հետ է, Նա հաճախ է թակում մեր սրտերի դռները.
«Կյանքի փոթորիկների ժամանակ Աստված միշտ մեզ ձեռք է մեկնում և ազատում սպառնալիքներից: Հիանալի՜ է: Երկրորդումն Օրինաց գրքում կա մի գեղեցիկ հատված, որտեղ մարգարեն ասում է ժողովրդին. «Այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստվածն իր մոտ, իր մեջ է, ինչպիսին մեր բոլորի Տեր Աստվածն է, որին կարող ենք դիմել» (Երկ. Օրենք 4, 7): Չկա այդպիսի ազգ, միայն մեզ է տրված նման ողորմություն՝ ապրել Աստծո հետ, Ով այդքան մոտ է մեզ: Մենք սպասում ենք Աստծուն, հուսով ենք, Նա կհայտի Ինքն Իրեն: Սակայն Նա ևս հուսով է, որ մենք կբացահայտենք ինքներս մեզ Իր առջև»:
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց՝ ուղղված Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա ուղեկցի մեզ այս ծիսական տարում և օգնի իրականացնել այն խնդիրը, որը մատնանշում է Պետրոս առաքյալը. միշտ պատրաստ լինել՝ պատասխանելու հեզությամբ, ակնածանքով և Աստծո հանդեպ վստահությամբ:
Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան