«Ինչքա՜ն լավ կլիներ, որ մենք էլ կարողանայինք լինել մեր Մոր նման»
Մարիամը չի ասում. «Եկե՛ք ինձ մոտ և ես կլուծեմ բոլոր խնդիրները», -Նա ասում է. «Ինչ որ Նա ասի ձեզ, դա էլ արեք»:
Նոյեմբերի 18-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց խոսել աղոթքի մասին՝ այս անգամ Սուրբ Կույս Մարիամի օրինակով: Աստվածամայրը հենց մանկուց աղոթական երկխոսության մեջ է եղել Աստծո հետ, Ով հետագայում Նրան վստահեց հատուկ առաքելություն: Նա անաղարտ էր ի ծննդե և լի էր շնորհով, սակայն Նա դեռ չգիտեր այդ արտասովոր կոչման մասին, որն Իրեն սպասում էր:
Սուրբ Կույս Մարիամը երբեք չի տնօրինել Իր կյանքը. Նա միշտ հնազանդ է եղել Աստծուն և Նրա կամքին:
«Մարիամը աղոթում էր, երբ Գաբրիել հրեշտակապետը ավետեց նրան բարի լուրը Նազարեթում: Նրա հնազանդ «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող լինի ինձ քո խոսքի համաձայն» խոսքին, որ այդ ժամանակ ստիպեց ցնծալ ողջ արարչագործությանը, փրկության պատմության ընթացքում նախորդել են շատ ուրիշ «ահավասիկ ես եմ…» վստահելի հնազանդություններ՝ շատ մարդկանց պատրաստակամությունը հետևել Աստծո կամքին: Չկա աղոթելու ավելի լավ տարբերակ, քան բաց սրտով աղոթելն է, ինչպես Մարիամը՝ կարծես, ասելով. «Տե՛ր, ինչ կամենում ես, երբ կամենում ես և ինչպես կամենում ես»:
Հենց այսպիսի աղոթք ենք սովորում Սուրբ Կույս Մարիամից. չբողոքել այն խնդիրներից, որոնց բախվում ենք օրվա ընթացքում, այլ քայլել իրականությանն ընդառաջ՝ գիտենալով, որ ցանկացած իրավիճակում խոնարհ սեր ցուցաբերելով՝ մենք դառնում ենք Աստծո շնորհի գործիքները:
«Աղոթքը կարող է թոթափել անհանգստությունը. չէ՞ որ մենք ցանկանում ենք ստանալ ամեն ինչ՝ դեռ մինչև մեր խնդրելը և դա անմիջապես ենք ուզում: Նման անհանգստությունը մեզ վնասում է, ցավ է պատճառում, սակայն աղոթքը հանգստացնում, խաղաղեցնում է մեզ՝ այն վերափոխելով պատրաստակամության: Երբ հուզված ենք, աղոթքը բացում է մեր սիրտը և մենք պատրաստակամորեն ընդունում ենք Աստծո կամքը»:
«Թող լինի այն ամենը, ինչ կամենաս Դու՛, Տե՛ր. միայն խոստացիր, որ ինձ հետ կլինես իմ ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին». այսպես պետք է աղոթել: Աղոթքում շատ կարևոր է խնդրել Տիրոջ այդ ներկայության մասին, ընդգծեց Նորին Սրբությունը:
Սուրբ Կույս Մարիամը աղոթքով ուղեկցում է Հիսուս Քրիստոսին՝ ողջ կյանքում՝ ընդհուպ մինչև մահը և հարությունը, շարունակեց Սրբազան Քահանայապետը՝ խորհրդածելով Աստվածամոր աղոթքի մասին: Մարիամը դարձավ Աստվածամայր՝ աղոթելով նորածին Եկեղեցու համար: Ավետարանում մենք հանդիպում ենք Սուրբ Կույս Մարիամի միայն մեկ աղոթքին՝ Գալիլեայի Կանայում, երբ Նա խնդրում է որդուն՝ հարսանիքի տան տերերի համար, ովքեր քիչ էր մնում՝ խայտառակվեին այն պատճառով, որ հյուրերի գինին վերջացել էր: Մարիամը խնդրում է որդուն լուծել այդ խնդիրը: Նրա ներկայությունն ինքնին արդեն աղոթք է՝ ճիշտ այնպես, ինչպես ներկայությունը Երուսաղեմի վերնահարկում, երբ Նա աշակերտների հետ միասին սպասում էր Սուրբ Հոգու իջնելուն: Մարիամը չի ասում. «Եկե՛ք ինձ մոտ և ես կլուծեմ բոլոր խնդիրները», – Նա ասում է. «Ինչ Նա ասի ձեզ՝ դա էլ արեք»: Հենց այդպես են վարվում Տիրոջ աշակերտները, իսկ Մարիամը Տիրոջ առաջին աշակերտուհին է. Նա աղոթում է և՛ որպես Մայր և՛ որպես աշակերտուհի:
«Մարիամը այս բոլոր ասվածները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում». այսպես է Ղուկաս Ավետարանիչը նկարագրում Աստվածամոր մայրությունը Ավետարանում: Մարիամն ամեն ինչ պահում է իր սրտում և ասում՝ Աստծուն աղոթելիս, Նրա հետ երկխոսելիս:
«Ինչքա՜ն լավ կլիներ, որ մենք էլ կարողանայինք լինել մեր Մոր նման: Սրտաբաց լինել Աստծո Խոսքի առջև, ունենալ խաղաղ և հնազանդ սիրտ, մի սիրտ, որն ունակ է ընդունելու Աստծո Խոսքը և այն աճեցնելու՝ որպես Եկեղեցու բարի սերմեր», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան