• Բարիք գործելո՛վ բազմապատկենք մեր աստվածատուր տաղանդները

    «Ձեռքդ մեկնի՛ր աղքատին. նա Հիսուսն է… »


    2020թ. նոյեմբերի 15-ին՝ Աղքատների համաշխարհային օրը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց տաղանդների առակի մասին և կոչ արեց հավատացյալներին յուրաքանչյուրիս տված Աստծո շնորհները, մեր «ժառանգությունը» օգտագործենք «այս կյանքում բարիք գործելու համար՝ որպես ծառայություն Աստծուն և մեր եղբայրների ու քույրերին»:

     

    Տաղանդների մասին առակում (Մտթ. 25, 14-30) Հիսուս խոսում է վերջին ժամանակների մասին՝ Իր չարչարանքներից, մահից և հարությունից առաջ, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Առակում խոսվում է մի հարուստի մասին, ով պատրաստվում է հեռանալ: Կանխատեսելով իր երկար բացակայությունը՝ նա իր կարողությունը վստահում է երեք ծառաներին. առաջինին տալիս է հինգ քանքար, երկրորդին՝ երեք, երրորդին՝ մեկ, «յուրաքանչյուրին ըստ իր կարողության» (տես՝ Մտթ. 25, 15):

     

    «Աստված այդպես է վարվում բոլորիս հետ. Նա լավ է ճանաչում մեզ, Նա գիտի, որ մենք բոլորս հավասար ենք և չի ցանկանում նախապատվությունը տալ մեզանից որևէ մեկին, սակայն մեզանից յուրաքանչյուրին տալիս է որոշակի կապիտալ՝ մեր կարողություններին համապատասխան»:

     

    Տիրոջ բացակայության ընթացքում երկու ծառաները ջանասիրաբար աշխատում են և կրկնապատկում իրենց վստահված գումարը: Երրորդ ծառան՝ չցանկանալով ռիսկի դիմել և վախենալով գողերից, գումարը թաքցնում է հողում և ոչ մի շահույթ չի ստանում: Տերը վերադառնալով` հաշվետվություն է պահանջում իր ծառաներից: Առաջին երկուսը լավ աշխատել էին, տերը գովաբանում է նրանց, պարգևատրում և խնջույքի հրավիրում, որպեսզի նրանց հետ կիսի ուրախությունը: Երրորդ ծառան՝ հասկանալով, որ մեղավոր է, անմիջապես սկսում է արդարանալ. «Տե՛ր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ-որ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, ուր չես ցանել: Վախեցա, գնացի և թաքցրի քո այս քանքարը հողի մեջ» (Մտթ. 25, 24-25): Նա արդարացնում է իր ծուլությունը՝ տիրոջը մեղադրելով դաժանության մեջ, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Այդ սովորությունն ունենք նաև մենք: Մենք ևս հաճախ արդարանում ենք` մեղադրելով ուրիշներին, սակայն նրանք մեղավոր չեն, քանզի դա մեր մեղքն է»:

     

    Այս առակն արդիական է բոլորի համար, սակայն ամենից առաջ` քրիստոնյաների համար, ասաց Սրբազան Քահանայապետը՝ հիշեցնելով նոյեմբերի 15-ին տոնվող Աղքատների համաշխարհային օրվա մասին, ինչի առնչությամբ Սուրբ Գիրքը քրիստոնյաներին ասում է. «Ձեռքդ մեկնի՛ր աղքատներին» (Սիրաք 7, 36):

     

    «Օգնության ձեռք մեկնիր աղքատներին: Դու միայնակ չես այս կյանքում, քո շուրջը կան մարդիկ, ովքեր ունեն քո կարիքը: Եսասեր մի եղիր, ձեռքդ մեկնիր աղքատներին: Մենք Աստծուց «ժառանգություն» ենք ստացել մեր մարդկությունը: Եվ, որպես Քրիստոսի աշակերտներ, մենք նաև ստացանք հավատք, Ավետարան, Սուրբ Հոգի, Խորհուրդներ և այլն: Այս շնորհներն օգտագործե՛նք՝ «այս կյանքում բարիք գործելու համար՝ որպես ծառայություն Աստծուն և մեր եղբայրներին: Այսօր Եկեղեցին մեզ ասում է. օգտագործի՛ր այն, ինչը տվել է Աստված և դարձի՛ր աղքատներին: Նայի՛ր, թե որքան շատ են նրանք մեր քաղաքներում, մեր քաղաքի կենտրոնում: Բարիք գործե՛ք»:

     

    Երբեմն մենք մտածում ենք,-շարունակեց Սրբազան Քահանայապետը, – որ լինել քրիստոնյա՝ նշանակում է չարիք չգործել: Որևէ մեկի հանդեպ չարիք չգործելը լավ բան է, սակայն եթե մենք դրան զուգահեռ բարիք չենք գործում՝ դա արդեն վատ է: Մենք պետք է բարիք գործենք, կարողանանք տեսնել նրանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն և չշրջվենք աղքատ մարդ տեսնելիս, ով պատվավոր տեղ է զբաղեցնում Ավետարանում.

     

    «Ձեռքդ մեկնի՛ր աղքատին՝ դա Հիսուսն է…  Հիսուս երկիր եկավ հանուն աղքատերի: Օգնության ձեռք մեկնի՛ր աղքատներին: Դու այնքան շատ ես ստացել, որ մի՞թե թույլ կտաս, որ քո եղբայրը, քո քույրը մահանա սովից»:

     

    «Սուրբ Կույս Մարիամն ընդունեց մեծ շնորհ՝ հենց Հիսուսին, սակայն Նա Նրան իրեն չպահեց, այլ տվեց աշխարհին, իր ժողովրդին: Եկե՛ք նրանից սովորենք օգնության ձեռք մեկնել աղքատներին», – ասաց Նորին Սրբությունը իր խորհրդածության ավարտին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց