• Լեհ հոգևորականներն այցելել են Հայաստան՝ օգնելու արցախահայ փախստականներին

    Եղբայրասիրական միասնական ջանքեր՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Աստծո փառքի


    Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախահայ փախստականներին օգնելու նպատակով Հայաստան է այցելել Լեհաստանի կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդաժողովի Արևելյան Եկեղեցիների օգնության բաժնի պատասխանատու Հայր Leszek Kryża-ն՝ ուղեկցությամբ Սոչիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Ռաֆայել Ծ. Վրդ. Կրավչիկի: Դեռևս պատերազմի օրերին Հ. Ռաֆայելը դիմել էր Հ. Kryża-յին՝ արցախահայ փաստականներին ինչ-որ կերպ աջակցելու խնդրանքով; Հ. Kryża-ն սիրով համաձայնել էր և առաջարկել միասին այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ արցախահայերի խնդիրներին:

     

    Հ. Kryża-ն և Հ. Ռաֆայելը Հայաստան եկան նախորդ շաբաթ՝ արցախյան պատերազմից դադարից անմիջապես հետո: Նրանց դիմավորել և այս բոլոր օրերին նրանց մշտապես ուղեկցել և աջակցել է Փանիկի հոգևոր հովիվ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը:  Հ. Kryża-ն և Հ. Ռաֆայելը նախ Երևանում հանդիպել են Առաջնորդ Հայր Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին, զրուցել արցախահայերի խնդիրների և Հայ Կաթողիկէ Եկեղեցու կողմից նրանց համար իրականացվող ծրագրերի վերաբերյալ, Հ. Kryża-ն ներկայացրել է Լեհաստանի եպիսկոպոսների խորհրդաժողովի մտադրությունը՝ օժանդակելու արցախահայերին: Հ. Kryża-յի այցելության երկրորդ նպատակն է ուսումնասիրել նաև հայ կաթողիկէ համայնքների և հոգևորականների խնդիրները և, հնարավորության դեպքում, հետագայում աջակցել դրանց լուծմանը:

     

    Լեհ հոգևորականները այցելել են Գյումրի, զրուցել տեղի հայ կաթողիկէ հոգևորականների հետ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կենտրոնական գրասենյակում ծանոթացել արցախահայ տեղահանվածներին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագրերին, արցախահայության խնդիրներին, այցելել Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան» ճամբար, որտեղ ապաստանել են մի քանի արցախահայ ընտանիքներ և օգտվում են Հայկական Կարիտասի աջակցությունից, տեղում նրանց տվել «մի համեստ օգնություն», ինչպես ասել է Հ. Kryża-ն: Հոգևորականներն այցելել են նաև Հայկական Կարիտասի՝ Արտաշատի գրասենյակ, որտեղ ևս Հայկական Կարիտասն աջակցություն է ցուցաբերում արցախահայ հարյուրավոր տեղահանված ընտանիքների, որոնք ապաստանել են Արարատի մարզում:

     

    Հ. Leszek Kryża-ն, Հ. Ռաֆայել Ծ. Վրդ. Կրավչիկը և Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը միասին մատուցել են Սուրբ Պատարագներ՝ Արցախում զոհված հայ նահատակ զինվորների համար՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում, Ազատանի և Փանիկի եկեղեցիներում, տեղում ծանոթացել համայնքների խնդիրներին և հոգևոր զարգացման հնարավորություններին:

     

    Հ. Leszek Kryża-ն և Հ. Ռաֆայել Կրավչիկը Լեհաստան վերադարձան նոյեմբերի 20-ին:

    Հ. Leszek Kryża-ն առաջիկայում մտադիր է դարձյալ այցելել Հայաստան՝ առավել որոշակի և լայնածավալ օգնության ծրագրերով: Հ. Ռաֆայել Կրավչիկի միջնորդությամբ վերջերս Լեհաստանի Կարիտասը արցախահայ փասխտականների օգնության համար տրամադրել էր 10.000 եվրո գումար: Հ. Ռաֆայելը բացատրում է, որ լեհ հավատացյալները սիրով և մեծ պատրաստակամությամբ աջակցում են հայ քույրերին և եղբայրներին, սակայն դրամական հանգանակությունների արդյունավետ կատարմանը կարող է խանգարել կորոնավիրուսի համաճարակը, որը հավատացյալներին խանգարում է կանոնավոր կերպով հաճախել եկեղեցիներ: Այնուամենայնիվ, հոգևորականները աղոթում են և լիահույս են, որ կկարողանան իրագործել մարդասիրական որոշակի ծրագրեր՝ արցախահայ փախստական ընտանիքների համար:

     

    Հ. Ռաֆայել Ծ. Վրդ. Կրավչիկը 2014-2016թթ. հոգևոր ծառայություն էր կատարում Հայաստանում՝ Աշոցքի տարածաշրջանի հայ կաթողիկէ համայնքներում: Նրա նախաձեռնությամբ և անխոնջ ջանքերով, Լեհաստանի հավատացյալների առատաձեռն նվիրատվություններով կառուցվեց Արփենիի հայ կաթողիկէ եկեղեցին: Այս առիթով և արցախահայությանը օգնելու ջանքերի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը լեհ ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին և հայցում Հիսուսի Սուրբ Սրտի ողորմությունը՝ նրանց համար և աշխարհի խաղաղության համար:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

     

Օրացույց

Օրացույց