«Աստված մեզանից համբերատար է, և բոլոր նրանք, ովքեր թակում են Նրա սրտի դուռը հավատքով և համառությամբ, չեն հիասթափվի»
Նոյեմբերի 11-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց. «Ինձ ասել են. «Դուք շատ եք խոսում աղոթքի մասին, դրա անհրաժեշտությունը չկա»: Պատասխանում եմ, որ ճիշտ չէ, դա անհրաժեշտ է. եթե մենք չաղոթենք, ապա կյանքում առաջ գնալու ուժ չենք ունենա: Աղոթքը թթվածին է կյանքի համար»:
Շարունակելով իր խորհրդածությունները աղոթքի մասին, որը սկսել էր դեռ նախորդ ունկնդրությունների ժամանակ, Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ անհրաժեշտ է հետևողական աղոթք, մշտական երկխոսություն Հոր հետ: Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքում հիշատակվում է երեք առակ՝ Ղուկասի Ավետարանից, որտեղ աղոթքի այդ հատկությունն ակնհայտ է:
Հաստատակամ աղոթքի մասին է պատմում նյարդայնացնող ընկերոջ առակը, ով գիշերը անսպասելիորեն թակում է դուռը և հաց խնդրում: «Աստված մեզանից համբերատար է, – ընդգծեց Նորին Սրբությունը, – և բոլոր նրանք, ովքեր թակում են Նրա սրտի դուռը հավատքով և համառությամբ, չեն հիասթափվի»: Այդ համառությունն անհրաժեշտ է ոչ թե նրա համար, որ ինչ-որ բան տեղեկացնենք Աստծուն կամ համոզենք Նրան, այլ անհրաժեշտ է, որպեսզի մեզանում պահպանվի ցանկությունն ու սպասումը:
Երկրորդ առակը համառ այրու մասին է, ով անդադար դիմում է դատարան՝ հանուն արդարության: Այստեղ խոսքը Աստծուն աղաղակելու և նույնիսկ Նրա հետ վեճի բռնվելու համարձակ պատրաստակամության մասին է, երբ չես համակերպվում չարի և անարդարության հետ:
Երրորդ առակը մաքսավորի և փարիսեցու մասին է, ովքեր աղոթում են Տաճարում: Այն ասում է, որ առանց խոնարհության չի կարող լինել ճշմարիտ աղոթք, և խոնարհությունն է, որ մեզ դրդում է Աստծուց ինչ-որ բան խնդրել:
Ավետարանը մեզ սովորեցնում է միշտ աղոթել, նույնիսկ եթե ամեն ինչ մեզ անօգուտ է թվում, երբ Աստված թվում է խուլուհամր, իսկ մենք կարծես ժամանակ ենք կորցնում, ասաց Նորին Սրբությունը: Քրիստոնյան երբեք չի դադարում աղոթել և նրա աղոթքը համահունչ է հավատքի հետ: Հավատքը որոշակի պահերին մեզ թվում է պատրանք, անպտուղ աշխատանք: Շատ սրբեր են զգացել հավատքի գիշերը և Աստծո լռությունը, երբ մենք թակում ենք, իսկ Նա չի պատասխանում, սակայն նրանք բոլորը հետևողական և մնայուն կերպով շարունակում են աղոթել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Այդպիսի հավատքի գիշերներին աղոթողը երբեք միայնակ չէ: Նորին Սրբությունը մեջբերեց հետևյալ խոսքերը. «Իր ծոցում կպահի քեզ, և դու ապահովություն կունենաս նրա թևերի հովանու տակ: Նրա ճշմարտությունը՝ որպես զենք, քո շուրջը կլինի: Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից և ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից և կեսօրին՝ դևի գայթակղությունից» (Սղմ. 90):
«Հենց Քրիստոսի մեջ է կատարվում այդ զարմանահրաշ աղոթքը և Քրիստոսի մեջ էլ գտնում իր վերջնական ճշմարտությունը: Առանց Հիսուսի՝ մեր աղոթքները դատապարտված են վերածվել մարդկային ջանքերի, որոնք գրեթե միշտ ձախողվում են: Չէ որ Նա իր վրա վերցրեց յուրաքանչյուր աղաղակ, հառաչանք, ցնծություն, աղաչանք, ամեն մի մարդկային ներում: Պետք չէ մոռանալ, որ մեր մեջ աղոթում է Սուրբ Հոգին»:
Քրիստոսը մեզ համար դարձավ ամեն ինչ, ներառյալ աղոթական կյանքում: Ինչպես ասում է Սուրբ Օգոստինոս Երանելին. «Նա աղոթում է մեզ համար որպես մեր քահանան, աղոթում է մեզ համար որպես մեր ղեկավարը, մեր աղոթքներն ուղղված են Նրան որպես մեր Աստվածը: Եվ այո՛, մենք կճանաչենք մեր ձայները Նրա մեջ և Նրա ձայնը՝ մեր մեջ»:
Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին,
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը