• Հավատքի լապտերի համար անհրաժեշտ է ողորմության և բարի գործերի ձեթը

    «Երբեմն մենք մոռանում ենք մեր կյանքի նպատակի մասին, այսինքն Աստծո հետ վերջին հանդիպման մասին՝ կորցնելով սպասումի զգացումը և բացարձակեցնելով ներկան»


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակելով հավիտենական կյանքի մասին իր խորհրդածությունը, որը սկսել էր Ամենայն սրբոց տոնին և բոլոր հավատացյալ ննջեցյալների հիշատակման օրը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ մեկնաբանեց տասը կույսերի առակը (Մտթ. 25,1-13), ովքեր հրավիրված էին հարսանեկան խնջույքին, որը Երկնքի Արքայության խորհրդանիշն էր:

     

    «Հիսուսի ժամանակներում հարսանիքները գիշերը տոնելու սովորություն կար, դրա համար էլ հյուրերին պետք է ուղեկցեին լուսավորված լապտերները», – պարզաբանեց Նորին Սրբությունը: Որոշ հարսնացուներ անխոհեմ գտնվեցին. նրանցից մի քանիսը վերցրեցին լապտերները, սակայն չմտածեցին ձեթ վերցնելու մասին՝ ի տարբերություն խելացի հարսնացուների, ովքեր լապտերների հետ միասին վերցրեցին նաև ձեթ: Փեսացուին սպասելու ժամանակ հարսնացուները նիրհեցին և քուն մտան: Արթնանալով փեսայի գալու մասին լուրից՝ հիմար կույսերը տեսնում են, որ իրենց լապտերների ձեթը վերջանում է և նրանք խնդրում են իմաստուն կույսերին կիսվել իրենց ձեթով, բայց նրանք պատասխանում են, որ բոլորին չի բավականացնի: Մինչև հիմար կույսերը գնացին ձեթ գնելու, փեսան ժամանեց: Իմաստուն կույսերը նրա հետ հարսանիքի սրահը մտան և դռները փակվեցին: Մյուս կույսերը շատ ուշ եկան, սակայն նրանց թույլ չտվեցին միանալ հյուրերին:

     

    «Այս առակով Հիսուս ցանկանում է մեզ ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք Նրա հետ հանդիպմանը՝ ոչ միայն վերջին հանդիպմանը, այլ նաև յուրաքանչյուր օրվա մեծ ու փոքր հանդիպումներին՝ այն օրվա սպասումով, որի համար բացի հավատքի լապտերից անհրաժեշտ է նաև ողորմության և բարի գործերի ձեթ: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. հավատքը, որը մեզ իսկապես միավորում է Հիսուսի հետ՝ դա հավատքն է, որը սիրով է գործում (Գաղ. 5,6): Նման հավատքի օրինակ կարող է ծառայել իմաստուն կույսերի պահվածքը: Լինել իմաստուն և խոհեմ՝ նշանակում է չսպասել մինչև վերջին պահը՝ Աստծո շնորհին փոխադարձությամբ պատասխանելու համար, այլ ակտիվորեն դա անել հենց հիմա (…): Եթե մենք ուզում ենք պատրաստ լինել Տիրոջ հետ հանդիպմանը, ապա հենց այս րոպեից պետք է համագործակցենք Աստծո հետ և բարի գործեր կատարենք՝ ոգեշնչված Նրա սիրով»:

     

    Երբեմն, ցավոք սրտի, այնպես է պատահում, որ մենք մոռանում ենք մեր կյանքի նպատակի մասին, այսինքն Աստծո հետ վերջին հանդիպման մասին՝ կորցնելով սպասումի զգացումը և բացարձակեցնելով ներկան, ասաց Սրբազան Քահանայապետը.

     

    «Երբ մարդը բացարձակեցնում է ներկան, հաշվի է առնում միայն ներկան, նա կորցնում է սպասումի զգացումը, որն այնքա՜ն գեղեցիկ ու անհրաժեշտ է, քանի որ այն օգնում է հաղթահարել պահի հակասությունները: Սպասման զգացողության կորուստը լիովին բացառում է հետմահու կյանքի հեռանկարը. մենք ամեն ինչ այնպես ենք անում, կարծես թե երբեք հանդերձյալ կյանք չենք գնալու: Մեզ միայն անհանգստացնում է ավելի շա՜տ տիրապետելու, աչքի ընկնելու և հարմար տեղավորվելու ցանկությունը: Եթե մենք առաջնորդվենք միայն մեր շահերով, ապա մեր կյանքը կդառնա դատարկ և անպտուղ, այդպես ապրելով՝ մենք ձեթ չենք կուտակում մեր լապտերի համար և այն կհանգչի մինչև Տիրոջ գալուստը: Մենք այսօրվա օրը պետք է ապրենք՝ վաղվա օրվա, հենց այդ հանդիպման մասին մտածելով. այն պետք է լի լինի հույսով: Եթե ​​մենք արթուն ենք և Աստծու ողորմությամբ բարիք ենք գործում, ապա հանգիստ կարող ենք սպասել փեսայի ժամանմանը: Տերը կարող է գալ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք քնած ենք. դա մեզ չի անհանգստացնի, քանի որ մենք կունենանք ձեթի պաշար, որը կուտակել ենք յուրաքանչյուր օրվա բարի գործերը կատարելիս՝ Տիրոջ սպասումով, որպեսզի Նա որքան հնարավոր է՝ շուտ գա և մեզ Իր հետ տանի»:

     

    Ավարտելով ավետարանական հատվածի մեկնաբանությունը՝ Նորին Սրբությունը հայցեց Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը, որպեսզի Նա «օգնի մեզ ապրել գործուն հավատքով, ինչպես ապրել է հենց Ինքը. այդ հավատքը փայլող լապտերն է, որի օգնությամբ մենք կարող ենք անցնել մահվան  գիշերը և հասնել կյանքի մեծ տոնախմբությանը»:

     

    Վատիկան Նյուզ

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց