• «Երանի»-ները սրբության ճանապարհ են

    «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն»


    «Բոլոր սրբերի այսօրվա տոնը մեզ հիշեցնում է սրբության անձնական ու համընդհանուր կոչման մասին և առաջարկում է ճշմարիտ օրինակներ այդ ճանապարհի համար, որով յուրաքանչյուր մարդ քայլում է իր ուրույն, անկրկնելի օրինակով», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության մեջ՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ 2020թ. նոյեմբերի 1-ին՝ Ամենայն սրբոց տոնին, երբ Կաթողիկէ Եկեղեցին փառաբանում է բոլոր սրբերին ու նահատակներին:

     

    «Քրիստոսի հարությամբ մեզ մեծ հույս է տրված. Քրիստոս հարություն առավ, և մենք նույնպես Նրա հետ կլինենք»,-ասաց Սրբազան Քահանայապետը՝ մեկնաբանելով մի հատված Մատթեոսի Ավետարանից (Մտթ. 5, 1-12):

     

    «Սրբերն ու երանելիները քրիստոնեական հույսի ամենավստահելի վկաներն են, քանզի իրենց կյանքի ուրախությունների ու տառապանքների ժամանակ համակված են եղել այդ հույսով՝ կատարելով Հիսուսի քարոզած Երանիները (…): Ըստ էության, Ավետարանի Երանիները հանդիսանում են սրբության ճանապարհ»:

     

    Նորին Սրբությունը խորհրդածեց երկրորդ և երրորդ երանիների մասին: Երկրորդ երանին ասում է. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն»: Այս խոսքերը հակասական են թվում. արդյո՞ք լացը կարող է լինել ուրախության և երջանկության նշան: Լացի ու վշտի պատճառները թաքնված են մահվան, հիվանդությունների, բարոյական տառապանքի, մեղքերի ու սխալների մեջ, փխրուն, թույլ, բազմազան խնդիրներով լի առօրյա կյանքում, ապերախտության և չհասկացվածության մեջ: Հիսուս երանելի է հռչակում նրանց, ովքեր սգում են այս իրողությունը և ապավինում են Տիրոջը: «Այդ սգի մեջ նրանք անտարբեր, անգութ չեն դառնում, այլ համբերատար սպասում են Աստծո մխիթարությանը: Նրանք աստվածային մխիթարությունը զգում, ապրում են արդեն այս կյանքում», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը:

     

     

    Երրորդ երանիում Հիսուս ասում է. «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն»:

     

    «Հեզությունը բնորոշ է Հիսուսին, Ով Իր մասին ասում է. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մտթ. 11, 29): Հեզերը նրանք ենք, ովքեր տիրապետում են իրենք իրենց, ովքեր ունակ են լսել ուրիշին, հարգում են նրա կենսակերպը, կարիքներն ու խնդրանքները: Նրանք չեն ցանկանում նսեմացնել որևէ մեկին, իշխել ամեն ինչի վրա, չեն պարտադրում իրենց գաղափարները կամ սեփական շահերը ի վնաս ուրիշների: Աշխարհի և նրա մտածելակերպի կողմից չգնահատված հենց այսպիսի մարդիկ են թանկարժեք Աստծո աչքերում: Աստված նրանց տալիս է խոստացված երկիրը որպես ժառանգություն՝ այսինքն հավիտենական կյանքը: Այդ երանությունը նույնպես սկսվում է այստեղ՝ երկրային կյանքում և իրականացվում է երկնքում ՝ Քրիստոսով»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հեզությունը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում, որտեղ այդքան բռնությամբ արտահայտվող ատելություն կա. «Մենք հեզության կարիք ունենք՝ սրբության ճանապարհով քայլելու համար»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունն ասաց, որ քայլել Երանության պատվիրանների ճանապարհով նշանակում է հակառակվել այս աշխարհի մտածելակերպին, տիրապետման մշակույթին, անիմաստ զվարճանքներին, թույլերի նկատմամբ ամբարտավան վերաբերմունքին: Այս ավետարանական ճանապարհով քայլել են սրբերն ու երանելիները՝ մեզ հիշեցնելով սրբության կոչման մասին:

     

    Այս ճանապարհն ինքնատիպ է յուրաքանչյուր մարդու համար. «Բավական է հիշել շնորհների անսպառ բազմազանության և սրբերի կոնկրետ պատմությունների մասին. նրանք բոլորը տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր ուրույն բնավորությունը, յուրաքանչյուրն իր կյանքն ապրել է սրբության մեջ՝ իրեն բնորոշ անհատականությամբ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է դա անել՝ քայլելով հենց այս ճանապարհով», – ընդգեց Սրբազան Քահանայապետը:

     

    Հիսուսի այս հավատարիմ աշակերտների ընտանիքում կա Մայր՝ Սուրբ Կույս Մարիամը. «Մենք Նրան երկրպագում ենք որպես բոլոր սրբերի Թագուհու, սակայն Նա ամենից առաջ Մայր է, Ով բոլորին սովորեցնում է ընդունել իր Որդուն և հետևել Նրան: Թող Նա օգնի մեզ պահպանել սրբության կամքը՝ Երանության պատվիրանների ճանապարհով քայլելիս», ասաց Սրբազան Քահանայապետը խորհրդածության ավարտին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբ. Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց