Եկեղեցին կանչված է հասնելու այսօրվա խաչմերուկին, այսինքն՝ մարդկության աշխարհագրական և գոյութենական ծայրամասերին՝ այնտեղ, որտեղ ապրում են հասարակության կողմից մերժված մարդիկ՝ առանց որևէ հույսի
Արդարները և մեղավորները, բարիները և չարերը, խելացիները և տգետները` բոլորը կանչված են Աստծո կողմից, որպեսզի մասնակցեն հարսանեական խնջույքին (տես՝ Մտթ. 22, 1-14), սակայն՝ մի պայմանով. բոլորը պետք է կրեն «հարսանեկան զգեստ», այսինքն «ողորմության զգեստը», որն Աստված Ի՛նքն է մեզ պարգևում, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին:
Պատմելով հարսանեկան խրախճանքի առակը՝ Հիսուս ընդհանուր պատկերացում տվեց մարդկության համար Աստծո ծրագրի մասին, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը՝ կիրակնօրյա Ավետարանի հատվածը մեկնաբանելիս:
Առակում թագավորը ներկայացնում է Հայր Աստծուն, Ով բոլոր մարդկանց համար պատրաստել է սիրո և Իր Միածին Որդու շուրջ հաղորդության մի հիանալի տոն, ընդգծեց Նորին Սրբությունը: Թագավորն երկու անգամ իր ծառաներին ուղարկում է հյուրերին կանչելու, սակայն կանչվածները բանի տեղ չեն դնում հրավերը և գնում են իրենց գործերով.
«Մենք նույնպես հաճախ մեզ խնջույքի հրավիրող Աստծուն հակադասում ենք մեր նյութական շահերը: Սակայն թագավորը չի ցանկանում, որ խնջույքի սեղանները դատարկ մնան, քանի որ նա ուզում է իր թագավորության գանձերը պարգևել բոլորին: Դրա համար էլ ասում է ծառաներին. «Արդ, գնացե՛ք հրապարակները և ում որ գտնեք, կանչեցե՛ք հարսանիքի» (Մտթ. 22, 9): Հենց այսպես է վարվում Տերը. երբ Նրան մերժում են, փոխանակ դրա հետ համակերպվի, Նա ամեն ինչ նորից է սկսում և ուղարկում է կանչել բոլորին, ովքեր կանգնած են խաչմերուկում՝ առանց բացառության: Աստծո տունը բաց է բոլորի համար»:
Մատթեոս Ավետարանչի կողմից կիրառվող այս տերմինը վերաբերում է ճանապարհների սահմաններին, այսինքն՝ այն կետերին, որտեղ վերջանում են քաղաքային փողոցները և սկսվում են դեպի գյուղեր տանող արահետները, որտեղ կյանքն անկայուն է, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Թագավորն իր ծառաներին ուղարկում է հենց ծայրամասերում ապրող մարդկանց մոտ՝ հույս ունենալով այնտեղ գտնել մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն նստել սեղանի շուրջ: Այսպիսով, հարսանեկան սրահը լցվում է «մերժվածներով»՝ նրանցով, ովքեր «դրսում են», նրանցով, ովքեր երբեք արժանի չեն թվացել մասնակցելու հարսանեկան խրախճանքին: Թագավորն ասում է իր սուրհանդակներին. «Կանչեցե՛ք բոլորին, բարիներին և չարերին: Բոլորի՛ն»: Աստված կանչում է նաև չարերին, ընդգծեց Նորին Սրբությունը: Աստծո համար մեր վիրավոր հոգիները խոչընդոտ չեն, քանի որ Նա սիրում է մեզ, Նա հրավիրում է մեզ: Եկեղեցին կանչված է հասնելու այսօրվա խաչմերուկին, այսինքն՝ մարդկության աշխարհագրական և գոյութենական ծայրամասերին՝ այնտեղ, որտեղ ապրում են հասարակության կողմից մերժված մարդիկ՝ առանց որևէ հույսի:
Այդ պատճառով պետք է թողնել ավետարանացման և ողորմությունների մասին վկայության հարմար ու սովորական ձևերը և բացել մեր սրտերի ու համայնքների դռները բոլորի համար, քանի որ Աստվածաշունչը նախատեսված չէ միայն ընտրյալ քչերի համար: Աստված արժանի է համարում Իր սիրուն nույնիսկ նրանց, ովքեր ճամփեզրին են, նույնիսկ նրանց, ում մերժում և արհամարհում է հասարակությունը: Նա Իր խրախճանքը պատրաստում է բոլորի` արդարների և մեղավորների, բարիների և չարերի, խելացիների և տգետների համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Սակայն հարսանեկան խնջույքին մասնակցելու համար կա մեկ պայման. խնջույքին մտնելու համար անհրաժեշտ է հագնել հարսանեկան զգեստ, որը յուրաքանչյուրը ստանում է որպես պարգև՝ մուտք գործելիս: Մարդը, ով հրաժարվեց անշահախնդիր պարգևից, ինքն իրեն բացառեց կանչվածների թվից, պարզաբանեց Նորին Սրբությունը. թագավորին այլ բան չէր մնում, քան դուրս հանել նրան: Մարդն ընդունել է հրավերը, սակայն հետո որոշել է, որ դա իր համար ոչինչ չի նշանակում. նա ինքնավստահ էր և փոխվելու ցանկություն չուներ:
«Հարսանեկան զգեստը, թիկնոցը խորհրդանշում է ողորմությունը, այսինքն շնորհը, որն Աստված մեզ է պարգևում անհատույց: Առանց շնորհի՝ մենք չենք կարող մի քայլ անգամ անել քրիստոնեական կյանքում: Այդ ամենը շնորհն է: Բավական չէ միայն Տիրոջը հետևելու հրավերը ստանալ, պետք է պատրաստ լինել՝ անցնելու դարձի ուղին, որը փոխում է սիրտը: Ողորմության թիկնոցը, որն Աստված անդադար առաջարկում է մեզ, Իր սիրո ազատ պարգևն է, դա շնորհն է: Այն պետք է ընդունել հիացմունքով և ուրախությամբ. «Շնորհակալություն Տե՛ր այս պարգևի համար», – ասաց Սրբազան Քահանայապետը խորհրդածության ավարտին:
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը