«Այսօր առավել, քան երբևէ մեծ մարտահրավեր է նետված բոլորիս»
Վերջերս Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականներն այցելեցին Արցախ և Եկեղեցու կողմից մոտ 2մլն. դրամի նյութական աջակցություն ցուցաբերեցին ԼՂՀ Պաշտպանության բանակին: Այս և Արցախյան պատերազմի հետ կապված որոշ պարզաբանումներ ներկայացրեց Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը:
Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյան.
Բնականաբար, Հայ Կաթողիկէ Եկեղեցին անմասն չպետք է մնար այն ահասարսուռ իրավիճակի նկատմամբ, որ տիրում է Արցախի ռազմաճակատում և մենք, ինչպես յուրաքանչյուր հայ, պետք է անպայմանորեն մեր ներդրումն ունենանք մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործում: Եկեղեցին անմասն չէ այս գոյամարտից: Մեր զավակներից շատերն արդեն իրենց կյանքն են զոհել կամ վիրավորվել են այս հայրենական գոյամարտում, ինչի համար մեր սրտերը համակված են հպարտության խոր զգացումով: Պատերազմի առաջին իսկ օրերից մեր հավատացյալները ոչ միայն չվարանեցին հետևել ընդհանուր զորահավաքի կոչին, այլև շատերը կամավորագրվեցին հայրենիքի պաշտպանության աստվածադիր առաքելությանը: Մեր զավակներն արձագանքեցին նաև նյութական հանգանակությունների կոչին և մինչև այս պահը շուրջ 2 մլն. դրամի արժողության առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեցինք ԼՂՀ բանակի զորամասերից մեկին: Այն ինչ մենք արել ենք, շատ չնչին մի նվիրաբերություն է՝ մեր բանակի և հայրենիքի համար: Այսօր էլ շարունակում ենք հանգանակել և օգտակար լինել մեր հայոց անսասան բանակին: Պետք է ասեմ նաև, որ Հայկական Կարիտաս բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ձեռքն է, ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի, անխոնջ, քրտնաջան աշխատանքով և անմնացորդ նվիրումով ջանում է սատարել Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին՝ նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելուն ուղղված ծրագրերով: Թե ինչպիսի մարդասիրական մեծ ծառայություն է մատուցվում և՛ մեր Եկեղեցու և՛ Հայկական Կարիտասի կողմից, շատ չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև, ըստ Քրիստոսի պատվիրանի, «Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մտթ. 6, 1-3)»:
Այսօր առավել, քան երբևէ մեծ մարտահրավեր է նետված բոլորիս: Յուրաքանչյուր ընտանիքից հայրենյաց հողը պաշտպանող զավակներ ունենք: Միայն ու միայն մի խնդրանք ունենք, որ աղոթե՛ք մեր զավակների համար, որոնք անձնուրաց կերպով պահում են մեր հայրենի հողը՝ իրենց զինակից եղբայրների հետ միասին: Մենք սգում և աղոթում ենք յուրաքանչյուր օջախում զոհված մեր հայ զավակների համար: Նրանց երիտասարդ կյանքի քաջության շնորհիվ լուսավորվելու է մեր հաջորդ սերնդի կյանքը: Վստահ եմ, որ հաղթելու ենք և ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանում և Արցախում: