• Չար մշակների առակի մեկնությունը

    Նրանք, ովքեր ունեն իշխանություն՝ ցանկացած տեսակի իշխանություն, և իշխանություն ունեն նաև Եկեղեցում՝ Աստծո ժողովրդի մեջ, բոլոր ժամանակներում ենթարկվել են ոչ թե Աստծո, այլ իրենց սեփական շահերի համար գործելու գայթակղությանը


    2020թ. հոկտեմբերի 4-ին՝ Սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցու տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հարյուրավոր հավատացյալների հետ միասին արտասանեց «Հրեշտակ Տեառն» աղոթքը: «Աստված այսօր ևս սպասում է Իր խաղողի այգիների պտուղները նրանցից, ում ուղարկել է այգում աշխատելու», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Իր խորհրդածության մեջ Նորին Սրբությունը մեկնաբանեց մի հատված՝ Մատթեոսի Ավետարանից (Մտթ. 21, 33-43): «Հիսուս՝ կանխազգալով Իր չարչարանքներն ու մահը, պատմում է չար մշակների առակը, որպեսզի նախազգուշացնի ժողովրդի քահանայապետներին և ծերերին, ովքեր սխալ ճանապարհ են ընտրել. նրանք վատ մտադրություններ ունեն Հիսուսի հանդեպ և Նրանից ազատվելու միջոց են փնտրում», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը:

     

    Այս առակը նկարագրում է մի հողատիրոջ, ով խնամքով այգի տնկեց (տե՛ս՝ Մտթ. 21, 33): Ստիպված լինելով հեռու երկիր գնալ՝ նա այգու մշակումը հանձնեց այգեպաններին: Երբ եկավ խաղողի հավաքի ժամանակը, նա ուղարկեց իր ծառաներին, որպեսզի բերքից իր բաժինը առնեն, սակայն մշակները ծեծեցին հողատիրոջ ծառաներին, իսկ ոմանց նույնիսկ սպանեցին: Հողատերը դարձյալ ծառաներ ուղարկեց՝ թվով ավելի, քան առաջինները, սակայն նրանց հետ ևս նույն ձևով են վարվեցին (տե՛ս՝ Մտթ. 21, 34-36): Հետո հողատերը որոշում է ուղարկել իր որդուն՝ ասելով. «Թերևս իմ այս որդուց ամաչեն», սակայն մշակները ոչ միայն չհարգեցին ժառանգին, այլ նաև որոշեցին սպանել նրան, որպեսզի այգին սեփականացնեն (տե՛ս՝ Մտթ. 21, 37-39):

     

    Խաղողի այգու պատկերը նկարագրում է Հիսուսի ընտրած ժողովրդին, որի մասին Նա հոգ էր տանում, ուղարկված ծառաները Աստծո կողմից ուղարկված մարգարեներն էին, իսկ որդին Հիսուսն էր: Ինչպես մարգարեներին մերժեցին, այնպես էլ Հիսուսին մերժեցին և սպանեցին, – պարզաբանեց Նորին Սրբությունը:

     

    Ավարտելով պատմությունը՝ Հիսուս հարցնում է ծերերին. «Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի» (տես՝ Մտթ. 21,40): Ընկալելով պատմության տրամաբանությունը՝ նրանք կայացնում են իրենց սեփական դատավճիռը. հողատերը չարաչար կպատժի այդ դժբախտ մարդկանց և այգին կտա «այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին» (տե՛ս՝ Մտթ. 21, 41):

     

    «Այս ծանր առակով Հիսուս իր զրուցակիցներին դնում է պատասխանատվության առջև», – շարունակեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Սակայն պետք չէ մտածել, որ նախազգուշացումը վերաբերում է միայն նրանց, ովքեր մերժեցին Հիսուսին այդ ժամանակ: Այն վերաբերում է բոլոր ժամանակներին, այդ թվում և մեզ: Աստված այսօր ևս սպասում է Իր խաղողի այգիների պտուղները նրանցից, ում ուղարկել է այնտեղ աշխատելու»:

     

    Նրանք, ովքեր ունեն իշխանություն՝ ցանկացած տեսակի իշխանություն, և իշխանություն ունեն նաև Եկեղեցում՝ Աստծո ժողովրդի մեջ, բոլոր ժամանակներում ենթարկվել են ոչ թե Աստծո, այլ իրենց սեփական շահերի համար գործելու գայթակղությանը, ասաց Նորին Սրբությունը.

     

    «Հիսուս ասում է, որ իրական իշխանությունը կայանում է ծառայության մեջ, այլ ոչ թե ուրիշներին շահագործելու մեջ: Խաղողի այգին պատկանում է Տիրոջը, այլ ոչ թե ձեզ: Իշխանությունը ծառայություն է, և, որպես այդպիսին, այն պետք է իրականացվի ի նպաստ բոլորի և Ավետարանի տարածման համար: Ահավոր է տեսնել, երբ Եկեղեցում իշխանություն ունեցող մարդիկ փնտրում են իրենց շահերը»:

     

    Սուրբ Պողոս առաքյալն այսօրվա ընթերցման մեջ մեզ «պատմում է, ինչպես դառնալ բարի մշակներ Տիրոջ խաղողի այգում, և միշտ կոչ է անում մտածել այն մասին, ինչը ճշմարիտ է, բարի, արդար, մաքուր, արժանի է սիրո և հարգանքի (տես՝ Փիլ. 4,8): Թող այդպես վարվեն իշխանություն ունեցողները, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը, քանզի մեզնից յուրաքանչյուրն իր փոքրության մեջ ունի որոշակի ուժ: Այդպես մենք կդառնանք սրբության պտուղներով առավել հարուստ Եկեղեցի, կփառաբանենք մեզ անսահման քնքշությամբ սիրող Հորը, մեզ փրկություն պարգևող Որդուն և մեր սրտերը դեպի բարության լիությունը տանող Սուրբ Հոգուն», – իր խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց