«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»:
Եղիշէ Չարենց
Համակ ուշադրութեամբ եւ խիստ մտահոգութեամբ ենք հետեւում արցախա-ազրպէյճանական սահմանի ողջ երկայնքով Ազրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմական գործողութիւնների ընթացքին: Ցանկանալով աւելի մօտիկ գտնուել մեր եղբայրներին եւ քոյրերին, յատկապէս՝ հայրենիքի սրբազան հողի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհելու պատրաստ հայ զինուորներին՝ սոյն թուականի հոկտեմբեր 2-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ հոգեւոր հայրերի պատուիրակութիւնը՝ գլխաւորութեամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, ուղեկցութեամբ Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի եւ Տէր Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի այցելեցին Արցախի Հանրապետութիւն:
«Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար» (Իմաստ. Սողոմոնի 5:1-2):
«Ողջ ճանապարհը անցանք աղօթքով եւ հայրենասիրական երգերով: Արցախի Հանրապետութիւն հասնելուն պէս վկան դարձանք ազրպէյճանա-թուրքական ուժերի եւ վարձկան ահաբեկիչների ձեռքով գործած աւերին: Այդ նոյն պահին հրթիռակոծւում էին մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցուածքները: Հակասական էին զգացողութիւնները՝ մէկ կողմից քեզ համակում է անասելի ցաւը, երբ տեսնում ես ոսոխի կատարած աւերածութիւնների հետքերը, երբ տեսնում ես, թէ ինչպէս են տեղափոխում վիրաւորում ստացածներին, միւս կողմից՝ հպարտութիւնն է, երբ ականատեսն ես լինում հայ քաջորդիների անձնուրաց պայքարին, երբ աչքիդ առաջ բժիշկը վերջին ճիգերն է գործադրում եւս մէկ կեանք փրկելու համար: Անկեղծ ասած, գալիս է մի պահ, երբ վախն է պատում սիրտդ, բայց երկրորդ վայրկեանին իսկ սթափւում ես եւ հասկանում, որ ոսոխն անզօր է, երբ մեզ հետ է Աստուծոյ անսահման սէրն ու օրհնութիւնը, երբ մեզ պաշտպանում է հայ զինուորը, ում մարտական ոգին անպարտ է, ում սէրը հայրենիքի նկատմամբ անմնացորդ է, ում համար պատիւ է մեռնել վասն հայրենիքի սրբազան հողի պաշտպանութեան, ում բազկի հուժկու հարուածից տապալւում է թշնամին: Յիրաւի, ինչպէս Պօղոս առաքեալն է ասում Հռոմէացիներին ուղղուած իր թուղթի մէջ. «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8,31) »:
Արցախի Պաշտպանութեան Բանակի զորամասերից մէկում հոգեւոր հայրերը հանդիպում ունեցան տեղի սպայական անձնակազմի եւ զինուորների հետ, միասնական աղօթք բարձրացուեց առ Ամենակալ Աստուած՝ հայցելով Տիրոջ ողորմածութիւնը եւ պաշտպանութիւնը երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, որպէսզի Նա անառիկ պահի Արցախի եւ Հայաստանի սահմանները, ուժ եւ կորով պարգեւի քաջ հայորդիներին, շուտափոյթ ապաքինում վիրաւոր զինուորներին եւ քաղաքացիական անձանց, ինչպէս նաեւ հանգստութիւն բոլոր նահատակների հոգիներին:
Թշնամին թող երբեք չմոռանայ, որ հայի տեսակն անպարտելի է, հայի պայքարն արդար է ու սրբազան, քանզի նա ապրում եւ արարում է վասն հաւատոյ եւ հայրենեաց: Եթէ թշնամու համար Արցախը ընդամէնը տարածք է, ապա մեզ համար Արցախը մեր տունն է հայրենի. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ, յաղթական, դէպի դարերը նորից, դէպի պայծառ ապագան…» (Եղիշէ Չարենց):
Յ.Գ. Ի աջակցութիւն հայրենիքի սահմանները անսասան պահող հայորդիների՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ նրա հաւատաւոր զաւակների անունից նաեւ նիւթական օգնութիւն հասցուեց սահմանում իրենց ծառայութիւնը մատուցող հայ զինուորներին:
Մեր յորդորն է աշխարհասփիւռ հայերին՝ շարունակել եւ էլ աւելի մեծ ջանքեր գործադրել ազգանպաստ դիւանագիտական, քաղաքական եւ գործնական պայքարում:
#Հաղթելուենք
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ